Եթե ՊՆ-ն ահազանգ հետաքննող լիներ, թույլ չէր տա Գրիշա Խաչատուրովի և նրա ախպերության վերադարձը ԶՈւ
06:52, July 30, 2012 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | Զինված ուժերԵթե ՊՆ-ն ահազանգ հետաքննող լիներ, թույլ չէր տա Գրիշա Խաչատուրովի և նրա ախպերության վերադարձը ԶՈւ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Ծովինար Նազարյանը` անդրադառնալով բանակում տեղի ունեցող հոռի երևույթների ահազանգման արձագանքներին:
Ծովինար Նազարյանը մի դեպք հիշեց, երբ «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության էջում դրվեց տեղեկություն բանակում` Ղարաբաղի զորամասերից մեկում կատարվող օրինախախտման մասին. «Մինչ ես հասցրեցի ջնջել այդ տեղեկության վերաբերյալ բոլոր գրառումներն իմ ֆեյսբուքյան էջից և իմ անունից այդ հրապարակել տեղեկությունը, որպեսզի սկզբնաղբյուրը չերևա, ահազանգողի եղբորը, ով զորամասից փոխանցել էր տեղեկությունը, 15 օրով մեկուսարան էին ուղարկել` պատճառաբանելով, որ հեռախոս պահելու համար է հայտնվել մեկուսարանում: Բայց հասկանալի էր, որ տղային պատժում են այդ տեղեկությունը զորամասից դուրս հանելու համար»: Ծովինար Նազարյանը հավելեց, որ այս մասնավոր դեպքը վկայում է զինծառայողների անպաշտպան լինելու մասին:
Ահազանգերի անարդյունավետության մեկ այլ ցուցիչ ևս ներկայացրեց «Բանակն իրականում» նախաձեռնության անդամը: Նա հիշեցրեց, որ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր «թեժ գիծ»` նախատեսված ահազանգերի համար, բայց ահազանգերի կեսը համարվել էր կեղծ, իսկ մնացածին ինչպիսի ընթացք էր տրվել` անհայտ է: «Շատ հնարավոր է` մինչև ահազանգի հետքերով տեղ են հասնում, հրամանատարը հասցրած է լինում փակել զինվորի բերանը կամ նույնիսկ իրենք` ստուգողները, որոնք գնում են զորամաս, փակում են բողոքողի բերանը:
Այսինքն` մենք երաշխիքներ չենք կարող ունենալ, որ ամեն ինչ նորմալ է: Եթե անգամ համարենք, որ մնացած ահազանգերին պատշաճ ընթացք է տրվել, 50 տոկոսը մնացել է անարձագանք, ահազանգի հեղինակներն էլ խոցելի դրության մեջ են հայտնվել: Բանակում բողոքների մեխանիզմը չի աշխատում: Բնական է, որ այս պարագայում մարդիկ գերադասում են անանուն մնալ»,- մեկնաբանեց Ծովինար Նազարյանը:
Խոսելով Վանաձորի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեային ուղղված երկու անանուն նամակների մասին` Ծ. Նազարյանն ասաց, որ հակված է հավատալու այդ տեղեկություններին և կարծում է, որ ՊՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի` ստուգելու տեղեկությունների իսկությունը, ոչ թե հայտարարի, թե իրենք չեն զբաղվում դրանով` ի սկզբանե հերքելով տեղեկությունը:
Ըստ Ծ. Նազարյանի` այս նախադեպերից ելնելով` ՊՆ-ում շատ լավ գիտեն, թե ինչքան վտանգավոր է տեղեկություն հաղորդել սեփական անվամբ, և դա նկատի ունենալով` պետք է փորձել հետաքննել նամակների բովանդակության իսկությունը, պարզել դրանք և տեղեկացնել: Նա նաև չբացառեց, որ այդ անանուն նամակները սադրանք են` Վանաձորի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեային վարկաբեկելու համար:
«Ես գտնում եմ, որ հրապարակելով այդ ինֆորմացիան և ցույց տալով, որ անանուն են դրանք` Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իրեն պաշտպանում է: Եթե անգամ դրանք սադրանքներ են, միևնույն է` իրենց նպատակին չեն ծառայի: Այս երկու նամակները վեր հանեցին բողոքելու մեխանիզմի անկատարությունը»,- իր տեսակետը մանրամասնեց Ծովինար Նազարյանը` բնական համարելով այն, որ ՊՆ-ն պետք է խուսափեր Գրիշա Խաչատուրովի վերաբերյալ հարցը հետաքննելուց, որովհետև եթե հետաքննող լիներ, թույլ չէր տա Գրիշա Խաչատուրովի և նրա ախպերության վերադարձը ԶՈւ: