Արդյո՞ք Վահե Ավետյանին անզգուշությամբ են մահվան հասցրել . Արթուր Սաքունց
09:17, August 3, 2012 | Նորություններ | Կյանքի իրավունք | ՈստիկանությունՈչ թե «Հարսնաքար»-ի գործով մեղադրանքի ծավալն է մեծացվել, այլ գործում որոշակի հստակեցումներ են մտցվել: Դրանք պետք է լինեին հանցագործության առաջին օրերին: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վանաձորի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը` անդրադառնալով «Հարսնաքար»-ի գործով մեղադրանքների խստացմանը:
Նա նշեց, որ ի սզկբանե պարզ էր, որ «Հարսնաքար»-ում տեղի ունեցածից տուժած բժիշկների մոտ տարբեր բնույթի վնասվածքներ են եղել` Վահե Ավետյանի մոտ ծեծը հանգեցրեց մահվան, մյուս բժիշկների մոտ տարբեր վնասվածքներ ի հայտ եկան: Ըստ նրա` սա է պատճառը, որ տարբեր հոդվածներ են գնում: «Վահեի գործով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածն է, առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը հանգեցրել է մահվան, և մյուս երկուսինը զուտ ծեծի և միջին վնասվածք պատճառելու հոդվածներն են: Քննչականի կողմից արտաքին գնահատական է տրվել ըստ տուժածների ստացած վնասվածքների, բայց այստեղ մեկ հարց ևս կա. արդյո՞ք Վահե Ավետյանի դեպքում եղել է ոչ դիտավորությամբ մահ, որովհետև վնասվածքների բնույթը շատ դաժան ծեծի արդյունք էին և նման բռնության դեպքում հարց է առաջանում` արդյո՞ք դա չի ունեցել դիտավորություն: Հետաքննությունը պետք է պարզի` ծեծողները սպանության նպատակ ունեցել են, թե ոչ»,- մեկնաբանեց Արթուր Սաքունցը: Նա նկատեց, որ սկզբունքորեն նախաքննական մարմինը ճիշտ է արել հոդվածների վերաորակում իրականացնելով, բայց հարց է, թե ինչու է նոր անում, որովհետև ի սկզբանե հասկանալի էր, որ Վահե Ավետյանը ամսի 17-ից գտնվել է կոմայի մեջ, մյուս բժիշկների վիճակն էլ ի սկզբանե պարզ էր, ուստի կարելի էր այս հոդվածները հենց ամսի 17-ից դնել:
«Ես մի քանի մտահոգություն ունեմ, որոնցից մեկն այն է, որ դեպքի օբյեկտիվ հանգամանքների հիման վրա հենց սկզբից պետք է դրվեին այս հոդվածները: Կարծում եմ նաև, որ այդ հոդվածները դնելը կապված է այսօր կազմակերպվելիք ակցիայի հետ: Այս պահին նաև կասկածի տակ եմ առնում, թե արդյոք չի եղել դիտավորությամբ մահվան հասցնելու հանգամանքը»,- եզրափակեց իր խոսքն Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը վերաորակավորել է «Հարսնաքար»-ի գործով կալանավորված վեց հոգու մեղադրանքները` ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետեր, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր, ինչպես նաև 118-րդ հոդված: