Ինչու՞ են կարծում, թե ավագանու անդամ Արմեն Այվազյանը դեմ է քաղաքային մարզադաշտ ունենալուն
14:31, August 21, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | Տեղական ժողովրդավարություն2 տարի առաջ՝ 2010 թվականի հոկտեմբերին, Վանաձորի ավագանին, քննարկելով մարզկենտրոնի քարուքանդ մարզադաշտի հարցը, քվեարկության արդյունքում որոշում կայացրեց սեփականության իրավունքով այն ուղղակիորեն նվիրաբերել Հայաստանի Ֆուտբոլի ազգային ֆեդերացիային՝ այն վերակառուցելու ու 3 տարի անց միջազգային ստանդարտներին համապատասխան մարզադաշտ դարձնելու պայմանով: Բացի սույն որոշումից, նույն նիստին վճռվեց մարզական համալիր կառուցելու համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տրամադրել նաև 4300 քմ հողատարածք Վանաձորի Տարոն-4 թաղամասում:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, սակայն, որոշումից հետո, դիմելով դատարան, բողոքարկեց այն՝ պատճառաբանությամբ, որ մարզադաշտը համայնքի սեփականությունն է, ու նվիրաբերելու իրավունք ավագանին չուներ: Դատական գործընթացը տևեց մեկուկես տարի:
2013 թվականին մարզադաշտն արդեն ամբողջությամբ պատրաստ պետք է լիներ, սակայն մինչ այս պահը վերանորոգման ոչ մի աշխատանք չի կատարվել, մարզադաշտն ու Տարոն-4 թաղամասի տարածքը մնում են սկզբնական նույն վիճակում: Ի վերջո, ինչպե՞ս է ավարտվելու մարզադաշտի հարցը, ու ե՞րբ Վանաձորը կունենա քաղաքային բարեկարգ մարզադաշտ:
Վանաձորի ավագանու անդամ Արմեն Այվազյանը մեկն է ավագանու այն անդամներից, ով ի սկզբանե դեմ է քվեարկել մարզադաշտը նվիրաբերելու որոշմանը:
Երեկ՝ օգոստոսի 20-ին, Վանաձորի Լոռի մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հանդես գալով անցած տարիների իր աշխատանքի մասին հաշվետվությամբ, Վանաձորի ավագանու անդամ, ԲՀԿ կուսակցության քաղխորհրդի անդամ Արմեն Այվազյանը, խոսելով հատկապես համայնքային կարևոր խնդիրների մասին, առանձնացրեց մարզադաշտի հարցը. «Ինձ համար այս 4 տարիների ընթացքում սկզբունքային է եղել քաղաքային մարզադաշտ ունենալու հարցը, որը շատ բուռն քննարկումների արժանացավ, շատ մարդիկ տարբեր կարծիքներ հայտնեցին, նույնիսկ եղավ կարծիք այն մասին, որ Արմեն Այվազյանը չի ցանկանում ունենալ լավ մարզադաշտ, սակայն հստակ էր պատճառը, և ես հիմա էլ նույն մտքին եմ, որ լինելով ավագանու անդամ՝ մենք իրավունք չունենք կատարելու նվիրատվություն, ավագանին պետք է կա´մ օտարի, կա´մ վարձակալության հանձնի: Արդեն 3 տարին անցել է, ոչ մի բան չի արվել, և ես չեմ պատկերացնում, թե լուծումն ինչպես պետք է լինի: Ես առաջարկել եմ տալ վարձակալության, կամ անհատույց օգտագործման, բայց ոչ նվիրատվության»:
Ավագանու անդամ Արմեն Այվազյանը նաև նշում է, որ կապ չունի Հելսինկյան ասամբլեայի՝ մարզադաշտի հետ կապված դատական գործընթացը, քանի որ մարզադաշտն ու Տարոն-4 թաղամասի մոտ 43 հազար քմ հողատարածքը չեն վաճառվել, այլ տրվել են վարձակալության, ու դա ամբողջ քաղաքի համար է ծառայելու, հետևաբար, աշխատանքներ չկատարելը լուրջ բացթողում է Վանաձորի համար: «Դա մեր քաղաքի գույքն է, մենք՝ որպես ավագանի, իրավունք չունենք այն նվիրել, հիմա հարկավոր է ամեն գնով փորձել հետ վերադարձնել մարզադաշտը, քանի որ օրենքով հստակ սահմանված է՝ կա´մ օտարել, կա´մ հանձնել վարձակալության»:
Արմեն Այվազյանը հավելեց, որ ինքը ոչ մի անգամ կողմ չի քվեարկել ամեն տեսակի նվիրատվություններին վերաբերող որոշումներին, ու սա էլ բացառություն չէ:
Ավելացնենք նաև, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծիք էր հայտնել այն մասին, թե ավագանու անդամների վրա որոշակի ճնշում է գործադրվել, այդ է պատճառը, որ ավագանին առաջին նիստով դեմ, իսկ երկրորդ նիստով կողմ է քվեարկել մարզադաշտը նվիրաբերելու որոշմանը: