«Հույսը, Հավատը, Սերը կողոպտելուց, մսխելուց և անձնական դանայան տակառներում խցկելուց, ՉԵ՞Ք ՀՈԳՆԵԼ». Արթուր Սաքունց
06:03, August 28, 2012 | Նորություններ | Ընտրական իրավունք, Կյանքի իրավունքՆախագահական ընտրություններից հաշված ամիսներ առաջ մի քանի հարցադրումների շուրջ գրառում է կատարել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց, որը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
«Այսպես, այսպես…. արդեն միջազգային մեկնարկ է տրվել նախագահական քարոզարշավին… բայց հարցադրումներ կան, առանց որոնց իմաստ այդ մեկնարկը իմաստ չունի.
1. Առանց Մարտի Մեկի հանցագործությունը կատարած անձանց, պատասխանատուների գործողություններին իրավական և քաղաքական գնահատականն ունենալու, ինչպիսի՞ նախագահական ընտրության մասին կարող է խոսք գնալ
2. Առանց ամենավերջին համակարգի ողջ բնույթը բացահայտող հանցագործության “Հանցաքարի” ամբողջական իրավական գնահատականի, դրա առաջացման պատճառների վերացմանն ուղղված պարզ, հասկանալի և օրինական քայլերի ինչպիսի՞ նախագահական ընտրություն կարող է լինել:
3. Հարյուրավոր քաղաքացիների նկատմամբ բռնություններով, ապօրինի դատավարություններով քրեական հետապնդման և ազատազրկման պատիժների վերանայման, առանց արդարադատության նկատմամբ հավատի վերականգնման ինչպիսի նախագահական ընտրություններ կունենանք?
4. Մի քանի հարյուր գործատուների մոտ հազարավոր աշխատողների, քաղծառայողների ստրկական կախվածության վերացման ի՞նչ ազատ և արդար նախագահական ընտրություններ կունենանք:
5. Եւ վերջապես, ո՞վ է մեզ այս ամենը իրականացնելու համար քաղաքական կամք ունենալու հայտ ներկայացնելու:
Հաստատ ոչ Սերժ Սարգսյանը և քրեական օլիգարխիան անկախ քաղաքական, տնտեսական և սոցիալական կարգավիճակից….
Ենթադրենք հաղթեց, բայց ո՞ւմ:
Արտագաղթողների՞ն:
Անօրինականության հազարավոր զոհերի՞ն:
Հայաստանը որպես ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական և սոցիալական երկիր տեսնելու համար պայքարողների՞ն:
Վերջապես, ՀՀ Սահմանադրությա՞նը:
Ո՞վ ում է հաղթելու, գրողը տանի: Պյուրոսյան հաղթանակներից չե՞ք զզվել: Երկրի ողջ հարստությունը, մարդկանց, արդարադատությունը, մարդկային արժանապատվությունը, ընդերքը, բնական պաշարները, օդը, անտառը, տարածքը, վերջապես Հույսը, Հավատը, Սերը կողոպտելուց, մսխելուց և անձնական դանայան տակառներում խցկելուց, ՉԵ՞Ք ՀՈԳՆԵԼ և ինչքան էլի…. »