Արթուր Սաքունցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի գործով վճռի հրապարակում
09:23, August 28, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք2012 թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 14:00-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (հասցեն՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 7 նիստերի դահլիճ) նշանակված է Արթուր Սաքունցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի գործով վճռի հրապարակումը:
Հայցվոր կողմը դատարանից պահանջում է Ռուբեն Հայրապետյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել և որպես փոխհատուցում Ռուբեն Հայրապետյանից հօգուտ Արթուր Սաքունցի բռնագանձել 1 (մեկ) լումա:
Հիշեցնենք, որ Արթուր Սաքունցի կողմից հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել 2012 թ. մայիսի 25-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդումը, որտեղ հաղորդման հյուրը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, կատարել է հետևյալ արտահայտությունները. «Երբ որ ես Վանաձորում ուզում եմ ֆուտբոլի դպրոցը կառուցեմ, ոչ մի ծառ, ոչ մի թուփ չկա, սարի վրա դպրոց եմ կառուցում, բայց չգիտես ինչի հայտնվեց Հելսինկյան մի հատ ինչ որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ ու բռնեց դատի տվեց մեզ, քաղաքապետարանին, ավագանու որոշմանը, այդ թվում ֆեդերացիան էլ որպես երրորդ կողմ, պատասխանող կողմ: Հիմա դրանք մի քանի կոպեկ արտասահմաններից էդ գռանտները ստանում են, իրանց գռանտների հաշվին ցանկացած գեղեցիկ բան այսօր վարկաբեկում են»: