Ջրծաղիկից մահացած զինծառայողի մահվան բոլո՞ր պատասխանատուները արժանի պատիժ կկրեն
07:43, August 30, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2011թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում ջրծաղիկ հիվանդությունից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մովսեսի Խաչատրյանի գործի դատավարությունը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի սեպտեմբերի 7-ին, սակայն նույն դատախազի մասնակցությամբ:
Հայկ Խաչատրյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դատավորն այդպես էլ չի բավարարել գործով մեղադրող դատախազին բացարկի վերաբերյալ իրենց միջնորդությունը. «Դատավորը չբավարարեց ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ բացարկի միջնորդությունը և անհիմն հիմնավորմամբ, հատկապես այն բանից հետո, երբ դատավորն ինքը հստակ նշեց, որ մեղադրող դատախազը քրեական գործն իր ամբողջության մեջ չի ներկայացրել դատարան, մասնավորապես քրեական գործից բացակայում էր իմ կողմից դատախազին ներկայացված բողոքը»:
Փաստաբանի համոզմամբ՝ եթե դատական գործը մեղադրողին չվերադարձվի և դատավարությունն այս ընթացքով էլ շարունակվի, տուժող կողմը չի ակնկալում, որ զինծառայողի մահվան մեջ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն ու հատկապես այն մասով, որ մասով որ պետք է: Փաստաբանը համոզված է, որ դատարանում այս պահին քննվում է մի քրեական գործ, որում նախաքննության մարմնի կողմից թույլ են տրվել մի շարք խախտումներ: Այդ խախտումների վերաբերյալ իրավահաջորդի ներկայացուցչի կողմից դեռևս նախաքննության ավարտին միջնորդություն է ներկայացվել, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան:
Նշենք, որ փաստաբան Մ. Շուշանյանը դեռ հուլիսի 23-ին միջնորդություն էր ներկայացրել ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային բաժին, որով բարձրացնում էր մի շարք էական խնդիրներ, քանի որ մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները չեն բխում գործով ձեռք բերված ապացույցներից, և գործով որպես մեղադրյալ չեն ներգրավվել անձինք, որոնց մեղադրանք առաջադրելու համար առկա են բավարար ապացույցներ: Նախաքննության ընթացքում Մինաս Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը, ըստ փաստաբանի միջնորդության, լրացվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով, այն է` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: Սակայն նախաքննության մարմինը նախաքննության ավարտից մեկ շաբաթ առաջ` 2012թ. հուլիսի 12-ին, որոշում է կայացրել վերացնելու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեղադրանքը` անտեսելով Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության տվյալները:
Ըստ էության, նախաքննության մարմինը Հ. Խաչատրյանի մահվանը հանգեցրած ոչ պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների նկատմամբ առաջադրում է այնպիսի մեղադրանք, որը, ըստ փաստաբանի, կարելի է գնահատել հովանավորչություն, քրեական գործի կոծկում: Ըստ այդմ` փաստաբան Մ. Շուշանյանն իր միջնորդությամբ պահանջել է բժիշկների նկատմամբ մեղադրանքն առաջադրել ավելի խիստ պատիժ նախատեսող հոդվածներով, ինչպես նաև քննություն անցկացնել Հայկ Խաչատրյանին, պարեկային ծառայության կարգի խախտմամբ, պարեկային ծառայության նշանակած անձանց պարզելու և նրանց նկատմամբ քրեական պատասխանատվություն ենթարկելու նպատակով: