Կարեն Թումանյանի նախընտրական քարոզարշավը խոչընդոտողները նպատակ ունեին միջադեպ սադրել
07:49, August 27, 2012 | ՆորություններՎանաձորի քաղաքապետի թեկնածու Կարեն Թումանյանի նախընտրական քարոզարշավը խոչընդոտողները նպատակ ունեին միջադեպ սադրել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց երեկ Կարեն Թումանյանի նախընտրական քարոզչության ժամանակ տեղի ունեցած միջադեպին ներկա, Վանաձորի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը` գնահատելով տեղի ունեցածը:
Նա նկատեց, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա կազմակերպված հանդիպումն ընտրողների հետ խոչընդոտվեց արհամարհական և լկտի պահվածքով: «Լկտի վերաբերմունքը հանդիպման եկած քաղաքացիների, օպերատորի նկատմամբ ակնհայտ մարտահրավեր էր, որը միտում ուներ վախեցնելու, միտում ուներ սադրելու միջադեպ: Հանդիպումը սկսվում է, և 5 րոպե անց սադրանքով Niva մակնիշի ավտոմեքենան մեծ թափով վարում է մարդկանց կողմը, հետո դուրս է գալիս, գոռում և այլն: Հատուկ եկել էին այդտեղ՝ իմանալով, որ տեղի էր ունենալու Կարեն Թումանյանի նախընտրական հանդիպումը»,- մեկնաբանեց Արթուր Սաքունցը: