ՀՔԾ-ն հերքում է, իրավապաշտպանը՝ գնահատում որպես կոծկում
14:29, August 30, 2012 | Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Ոստիկանություն«Առաջին լրատվական»-ում օրերս տպագրված հոդվածին, որտեղ նշված էր Նարեկ Ափինյանի նկատմամբ իրավապահների ոչ իրավաչափ գործողությունների, դրանց մասին բարձրաձայնելու, այնուհետև` կրկին ճնշման արդյունքում բողոքից հրաժարեցնելու մասին, արձագանքել է ՀՔԾ-ն, որը ներկայացնում ենք ստորև.
«2012 թ. օգոստոսի 27-ին «Առաջին լրատվական» կայքում հրապարակված` «Կարող ա քեզ բռնաբարեմ. Նարեկը Ս. Սարգսյանին խնդրում է պաշտպանել ոստիկաններից» վերնագրով հոդվածի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հայտնում է, որ հոդվածում զետեղված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, դրանք ստուգվել ու հերքվել են նախապատրաստված նյութերով: Այսպես. 2012 թ. օգոստոսի 17-ին Վանաձոր քաղաքի բնակչուհի Սաթիկ Վարոսյանը հաղորդում է տվել ոստիկանության Վանաձորի բաժին այն մասին, որ 2012 թ. հուլիսի կեսերին Վանաձոր քաղաքի բնակիչ Համլետ Սաղումյանը վիճաբանել է ամուսնու՝ Սուրեն Բադալյանի հետ, իսկ մի քանի օր հետո նաև ծեծի է ենթարկել նրան ու պատճառել մարմնական վնասվածք: Ս. Վարոսյանն իր բացատրությունում հայտնել է նաև, որ վերոհիշյալ վիճաբանությանը ներկա է գտնվել Վանաձորի բնակիչ Նարեկ Ափինյանը, որի հիման վրա էլ վերջինս 2012թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 00:30-ին, բերման է ենթարկվել ոստիկանության Վանաձորի բաժին, որտեղ նրան գրավոր պարզաբանվել են մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումից բխող իրավունքները: Այնուհետև ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արամ Ղազարյանը և ոստիկանության Վանաձորի բաժնի ք/հ բաժանմունքի պետ Արտյուշա Հարությունյանը Նարեկ Ափինյանի հետ անցկացրել են օպերատիվ հարցազրույց, ապա վերջինս, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային քննչական բաժնի քննիչ Տիգրան Հակոբյանի մոտ բացատրություն տալուց եւ Սաթիկ Վարոսյանի հայտնած հանգամանքները հաստատելուց հետո, հեռացել է ոստիկանության Վանաձորի բաժնից:
2012թ. օգոստոսի 22-ին ՀՀ ՀՔԾ-ում ստացվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎԳ) հաղորդումն այն մասին, որ 2012 թ. օգոստոսի 18-ին նշված կազմակերպություն է դիմել Վանաձորի բնակիչ Նարեկ Ափինյանը և հայտնել, որ 2012թ. օգոստոսի 17-ին բերման է ենթարկվել ոստիկանության Վանաձորի բաժին, որտեղ ոստիկանության աշխատակիցներն իր նկատմամբ դրսևորել են անհարգալից վերաբերմունք, ինչպես նաև` բռնություն գործադրելով հարկադրել են բացատրություն տալ:
Այդ կապակցությամբ ՀՀ ՀՔԾ-ում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում Արամ Ղազարյանը, Արտյուշա Հարությունյանը և Տիգրան Հակոբյանն իրենց բացատրություններում հերքել են Նարեկ Ափինյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, հայհոյելու, բացատրություն տալ հարկադրելու, ինչպես նաև նրան ծեծի ենթարկելու հանգամանքները: Դրա հետ մեկտեղ, կարծիք են հայտնել, որ Նարեկ Ափինյանը ՀՔԱՎ գրասենյակին սուտ տեղեկություններ է տվել այն պատճառով, որ կասկածի տակ դրվի Համլետ Սաղումյանի կողմից Սուրեն Բադալյանին ծեծի ենթարկելու հանգամանքը հաստատող իր բացատրության իսկությունը:
Ն. Ափինյանի նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը հերքվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, համաձայն որի` նրա մարմնի վրա մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել: Ավելին, իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և իրեն ծեծի ենթարկելու հանգամանքները ժխտել է նաև Նարեկ Ափինյանը ՀՀ ՀՔԾ-ում տված բացատրությունում: Նարեկ Ափինյանը մասնավորապես հայտնել է, որ ՀՔԱՎ գրասենյակին տրամադրած իր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, իսկ սուտ տեղեկություն տրամադրելու իր նպատակը եղել է այն, որ ոստիկանության աշխատակիցներն այլևս իրեն չանհանգստացնեն և ոստիկանության բաժին չհրավիրեն: 2012թ. օգոստոսի 24-ին կայացված որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ, որի մասին սահմանված կարգով հայտնվել է ինչպես Նարեկ Ափինյանին, այնպես էլ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին»:
ՀՔԾ-ի հերքման վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք ՀՔԱՎԳ նախագահ Արթուր Սաքունցից: Նա նախ` անդրադարձավ ՀՔԾ-ի որոշմանը՝ զուտ որպես իրավական փաստաթուղթ: «Առաջինը` մեր հաղորդումից հետո Հատուկ քննչական ծառայության հատուկ կարևորագույն գործերով քննիչ Գորիկ Հովակիմյանը այցելում է Վանաձոր, Նարեկին հանդիպում է Լոռու մարզի դատախազության շենքում, ես սա ասում եմ Նարեկի խոսքերից, և այդ հանդիպման արդյունքում Նարեկը գրում է բացատրություն, և Հատուկ քննչական ծառայությունն այն վերցնում և իր որոշման հիմքում է դնում: Գ. Հովակիմյանը, ըստ էության, մի դեպքում վերցնում է զոհի բացատրությունը, որն ասում է` այդպիսի բան չի եղել, մյուս կողմից՝ վերցնում է միայն ոստիկանության աշխատակիցներից, որոնք ասում են՝ նման բան չի եղել: Եվ դրանով Գ. Հովակիմյանը համարում է, որ բավարար քննություն է կատարել և դրա հիման վրա ընդունում է որոշում: Իհարկե, նշում են դատաբժշկական փորձաքննության մասին. ճիշտն ասած՝ Ն. Ափինյանը մեզ չի ասել դատաբժշկական փորձաքննության մասին, բայց, այնուամենայնիվ, եթե նրանք գտնում են, որ բռնությունները պետք է անպայման դրսևորված լինեն կոտրվածքներով, կապտուկներով, ապա մակերեսային այդ մոտեցումն արդեն խոսում է այն մասին, որ պատշաճ քննություն չի իրականացվել, որովհետև հայհոյանքը դատաբժշկական փորձաքննությամբ չեն պարզում, իսկ եթե ապտակել են, դրա հետքերը մի քանի օր հետո չեն մնում… Բայց Գ. Հովակիմյանը որոշման մեջ պետք է անդրադառնար, թե Նարեկ Ափինյանին կեսգիշերին բերման ենթարկելը ոստիկանության բաժին ինչքանո՞վ է հիմնավոր եղել: Ինչքանո՞վ է եղել ծեծկռտուքը, որի մասին խոսք է գնում, արդյոք դա այն հրատապ դե՞պքն էր, չգիտեմ՝ սպանություն է եղել, հրազենի օգտագործում և այլն, որի հետ կապված իբր վկային գիշերը բերման են ենթարկել ոստիկանություն: Չի անդրադառնում, թե քանի ժամ է Նարեկ Ափինյանը ոստիկանության բաժնում մնացել: Նարեկն ասում է, որ իրեն 23.30-ից 24.00-ի սահմաններում են բերման ենթարկել և պահել են մինչև 5-ը: Վկային հինգ ժամ գիշերը պահելը ինչո՞վ է եղել հիմնավորված: Մի հարց են տալու՝ տեսե՞լ ես, թե՞ ոչ (ծեծկռտուքը), ասեց՝ չեմ տեսել, 5 ժա՞մ էր պետք դրա համար: Այսինքն` Գորիկ Հովակիմյանը պատշաճ քննություն չի կատարել, հիմնվել է միայն ոստիկանների ցուցմունքների վրա, և ես հիմնավոր կասկած ունեմ, որ ավելին՝ հենց ինքն էլ ճնշում է գործադրել Նարեկ Ափինյանի նկատմամբ, որպեսզի նա հրաժարվի ավելի վաղ մեզ հայտնած տեղեկություններից, քանի որ Նարեկի հայրը հետո` իմանալով, որ որդուն դատախազություն են տարել, կրկին որդու հետ բողոքել է»,- պարզաբանում է իրավապաշտպանը և շարունակում. «Այսինքն` այստեղից պետք է եզրակացնել, որ եթե ՀՔԾ-ն այդքան շահագրգիռ էր ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացու նկատմամբ բռնությունների բացահայտմամբ, ապա ինչո՞ւ երկրորդ նամակը չի վերցնում որպես հիմք և դրա հիման վրա վերսկսում գործը… Հատուկ քննչական ծառայությունը բերման ենթարկելու հիմնավորվածությանը չի անդրադարձել, և ես դա համարում եմ իրավաբանորեն անգրագետ մոտեցում, ավելին՝ հանցագործությունը կոծկելու մոտեցում …
Մենք նամակ ենք ուղարկել գլխավոր դատախազին՝ Նարեկ Ափինյանի նկատմամբ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու մասին: Դրան էլ չեն արձագանքում: Այսինքն` քաղաքացուն թողել են ամբողջ համակարգի դեմ մեն-մենակ, որ ճնշեն, վախեցնեն, բռնություններ կիրառեն, և անպատիժ պետք է մնան այդ կատարողները: Եվ հարց՝ կա՞ն երաշխիքներ, որ Նարեկ Ափինյանի նկատմամբ հետագայում ճնշումներ չեն լինի: Սրա պատասխանը ո՞վ է տալու…»:
Հ.Գ. Ի դեպ, ՀՔԾ-ի այս որոշումը հրապարակվել է ուշացումով և այն էլ` մեր հրապարակումից հետո միայն: Իսկ հրապարակումից առաջ լրագրողը զրուցել է Նարեկի հոր՝ Արմենակ Ափինյանի հետ, ով վերահաստատել է իր անհանգստությունը որդու հետ կապված, իսկ օգոստոսի 27-ին Սերժ Սարգսյանին ուղղված նամակ գրել:
Աղբյուրը՝ http://1in.am/arm/armenia_right_108283.html
Կից ներկայացվում է՝
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդումը հանցագործության մասին. 18.08.2012
ՀՀ հատուկ քննչական ծառայության պատասխան
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազին. 25.08.2012