Հարսնաքարը փորձություն է, ինդիկատոր
08:38, September 3, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունքՄեր զրուցակիցն է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, ինչո՞վ էր, ըստ Ձեզ, պայմանավորված Սաֆարովին Հունգարիայից Անդրբեջան արտահանձնելու որոշումը:
Եթե միջազգային իրավունքի տեսակետից դիտարկենք՝ ինչ տեղի ունեցավ, ապա պետք է նշենք, որ միջազգային իրավունքի էքստրադիցիայի ինստիտուտը սովորական պրակտիկա է: Սրա էությունն այն է, որ եթե տվյալ երկրի քաղաքացին այլ երկրում կատարում է հանցագործություն, մեղավոր է ճանաչվում դատարանի կողմից և դատապարտվում ազատազրկման, ապա երկու երկրների փոխադարձ պայմանագրի հիման վրա կարող է կատարվել էքստրադիցիա, որպեսզի տվյալ երկրի քաղաքացին այդ երկրից տեղափոխվի իր երկիր և շարունակի կրել պատիժը: Ընդ որում, էքստրադիցիայի կանխարգելման մեկ տարբերակ կա. եթե մարդուն վերադարձնում են իր երկրում պատիժը կրելու, հնարավոր է ընդունող երկրում լինի կյանքին վտանգ սպառնացող գործոն: Ենթադրենք Հունգարիայում այդ հանցագործության համար նախատեսվում է ցմահ դատապարտում. եթե Ադրբեջանում լինի մահապատիժ, ապա Հունգարիան չէր կարող վերադարձնել միջազգային իրավունքին համաձայն: Տվյալ դեպքում անտեսվեց միջազգային իրավունքը, ավելին՝ Ալիևը, ելնելով իր քաղաքականության բնույթից, որը խտրական վերաբերմունք է դրսևորում ազգությամբ ոչ ադրբեջանցի ներկայացուցիչների նկատմամբ, ներում շնորհեց նույնիսկ օրենսդրության խախտմամբ: Ալիևը խախտել է ոչ միայն միջազգային իրավունքի նորմերը, երբ պետք է իր քաղաքացուն վերադարձնելուց հետո նա շարունակեր կրել իր պատիժը, այլ նաև օրենսդրության կոպիտ խախտում է կատարել, որովհետև Ադրբեջանի օրենսդրությամբ դատապարտյալին ներման շնորհում չէր կարող լինել, կարող էր լինել միայն պատժի ժամկետի կրճատում՝ նվազագույնը 25 տարի:
Այս փաստի նկատմամբ զարգացումների ընթացքում ազգայնամոլական, ծայրահեղական տրամադրությունները սկսում են դրսևորվել թե Ադրբեջանում, թե Հայաստանում: Ունենալով Հարսանքարի, մարտի մեկի դեպքերը, երբ նույն այդ ազգայանամոլները սպանության տարբերակը թույլատրելի են համարում, իսկ մեկ այլ երկրի կողմից սպանության արդարացումը՝ ուղղված էթնիկ խմբավորմանը՝ անթույլատրելի, այս դեպքում ես թե հայ, թե ադրբեջանցի ծայահեղ ազգայնականների միջև տարբերություն չեմ տեսնում: Ծայրահեղականությունը հանդիսանում է ոչ լեգիտիմ իշխանության հիմնական ղեկը: Սա ավելի շատ ադրբեջանական հասարակության համար է մարտահրավեր, քանի որ այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ սպանությունը դառնում է օրինակելի արարք: Այսինքն՝ խտրականության դրսևորումը խրախուսվում է ավտորիտար ռեժիմների կողմից, որտեղ արտաքին թշնամու գաղափարը մանիպուլյացիայի համար լավագույն դեպքն է, դրա համար պատերազմի չլուծվածությունը բխում է ավտորիտար ռեժիմների շահերից: Իհարկե, դիվանագիտական քաղաքական մակարդակներում դա կդառնա շահարկման առարկա, որովհետև Ալիևն իր երկրին շատ անհարմար վիճակի մեջ դրեց, բայց մյուս կողմից էլ արդյոք մարտի մեկի փաստը՝ քաղաքացու սպանության հարցը, կարո՞ղ է զրոյացնել Սաֆարովի ներում շնորհելու փաստը: Այսինքն՝ սեփական հանցագործությունները չբացահայտելը կամ սեփական հանցագործությունները չեզոքացնելը աբսուրդ է, իսկ հանցագործությունը մնում է հանցագործություն՝ անկախ ազգությունից, կրոնական պատկանելությունից: Կարճ ժամանակ անց վերադառնալու ենք ի շրջանս յուր, ցավոք սրտի պետք է սկսենք մտածել այն խնդիրների մասին, որ մեր իրականության մեջ են տեղի ունենում:
Ինչպես օրինակ Հարսանաքարի նախաքննությո՞ւնը օրենքի կոպտագույն խախտումներով տեղի ունեցավ:
Հարսնաքարը ցայտուն, հրապարակային, ավելի շատ արծարծված խնդիրն է: Ամենահանգուցային կետում, որտեղ մի կողմում մարդն է, մյուս կողմում՝ համակարգը, իշխանության կամ օլիգարխիայի ներկայացուցիչը, որն ունի թե քաղաքական, թե տնտեսական և թե ֆինանսական որոշակի կարգավիճակ, ըստ էության այս հարաբերության դաշտում ՀՀ արդարադատությունը, իրավական համակարգը դառնում են ամուլ, իսկ սահմանադրություն կոչված փաստաթուղթը կամ մարդու իրավունքների վերաբերյալ այն հիմնարար նորմերը, որոնք մենք հռչակել ենք, որ դրանով ենք ղեկավարվելու, մնում են թղթի վրա, վերացական, և կորցնում են իրենց բովանդակությունը: Սրա հետևանքները շատ ծանր են, բազմազան և իրապես շատ տարբեր դրսևորումներ ունեն: Ըստ էության չստացվեց, նույնիսկ ամենասկզբից՝ ահազանգը ստանալուն պես, երբ Վահե Ավետյանին և իր ընկերներին տեղափոխել են հիվանդանոց, իրավապահ մարմնի ներկայացուցիչները պետք է շտապ այցելեին դեպքի վայր և տեղազննություն կատարեին: Ըստ էության՝ ոստիկանությունն իր իրական գործառույթը չէր կատարել, հրաժարվել էր դրանից, որը շատ կարևոր ապացուցողական նշանակություն ունի, քանի որ այն իր գորառույթն է հանցագործության բացահայտման համար: Ոստիկանությունն անգործ է, քանի որ Հարսանքարը օլիգարխի անձնական սեփականությունն է, դրանից վտանգներն ավելի մեծ են: Ոչ միայն ոստիկանությունն իր գործառույթը ուղղակի և համակարգային առումով չկատարեց, այլ նաև դատախազությունը, որն ըստ էության վերահսկողություն է իրականացնում նման հանցագործությունների քննության նկատմամբ, եւ լավագույն դեպքում հնարավորություն ունեցավ մեկ օրվա փոխարեն հինգ օր ավելացնել, որ փաստաբանները կարողանային միջորդություն ներկայացնեին:
Ստացվում է՝ պետական մարմիններն ասում են մեզ վրա հույս մի դրեք, պետական մարմնից շատ ավելի ուժեղ և ավելի ազդեցիկ գործոններ կան, որոնք չենք կարող հաղթահարել: Սա նշանակում է ճգնաժամ, սա նշանակում է պետականության ավարտ: Հարսնաքարը փորձություն է, մեր այսօրվա վիճակի տիպիկ ինդիկատորը:
Նույն խնդիրը կար նաև տասը տարի առաջ. Կուկուն սպանեց, մնաց անպատիժ, անպատժելիության մթնոլորտն ավելի խորացա՞վ:
Այս քսան տարվա ընթացքում մշտապես ունեցել ենք նման դեպքեր: 2001-ին անդամագրվեցին Եվրոպայի խորհրդին, իհարկե 92-ից ՄԱԿ-ի անդամ դարձանք, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության անդամ դարձանք, բայց եթե նույնիսկ գնահատենք որպես պետականության ձևավորման անցումային փուլ, 2001-ից որպես Եվրախորհրդի անդամ դարձած պետություն՝ թվում էր՝ անցումային փուլը պետք է ավարտվեր, և սկսվեր ձևավորվել որպես պետություն, այսինքն՝ պետական մարմինների արդյունավետության մասին է խոսքը: 2003-ից մեզանում մահապատիժն ընդհանրապես հանվեց, կար միտում, որ թերությունները, բացթողումները, ոչ համարժեք մոտեցումները հասարակության ընկալման տեսակետից կվերանան, բայց 2008-ի մարտի մեկն ուղղակի տոտալ բռնություն էր հասարակության նկատմամբ: Նման դեպքի շարունակությունը բոլորովին այլ իմաստ է ունենում, այսինքն՝ համակարգն ասում է՝ ես կատարեցի մարտի մեկը և մարտի մեկի անպատժելիության սինդրոմը, վարակը տարածվում է արդեն յուրաքանչյուր քաղաքացու վրա: Շատ խորհրդանշական է, որ Տիգրան Օհանջանյանի մահվան հետ կապված դատաբժշկական փորձաքննությունը տվող երեք սպաներից մեկը բժիշկ է, որի հետևանքով Օհանջանյանի սպանության հանգամանքները մինչև հիմա դժվարանում են բացահայտել, և ինքն այս պահին դարձավ այն համակարգի զոհը, որի կարգադրությունն ինքը կատարել էր: Համակարգը, որը սկզբից գործում էր ընդդեմ քաղաքացիների, սկսել է խժռել նաև իր գործիքներին, հիմա խժռման վերարտադրության պրոցես է տեղի ունենում, որտեղ արդեն չկա իմ ու քո հասկացողությունը: Հիմա արդեն համակարգը խժռում է իր յուրայիններին, սա նոր երևույթ է: Խժռման պրոցեսը տարածվում է նաև հանրության շատ լայն շերտերի վրա. տնտեսության սեփականության իրավունքը, արդարադատության մեջ արդար դատաքննության իրավունքը, սոցիալական իրավունքը, հիմա էլ նոր օրենքը եկամտահարկի ավելացման հետ կապված: Համակարգը, չբավարարվելով եղած ռեսուրսներով, արդեն սկսում է ավելի շատ ռեսուրսներ մսաղացի մեջ անցկացնել: Սա նույնացնում եմ թմրաբիզնեսի հետ, որը միակ բիզնեսն է, որի սպառողը չի վերարտադրվում, իր սպառողը միանգամյա օգտագործման համար է, որովհետև օգտագործում է, մահանում է, և նոր թարմ ռեսուրսներ պետք է ներգրավի իր բիզնեսը շարունակելու համար: Համակարգը թմրաբիզնեսի բովանդակություն է ստացել, իր համար մարդը արժեք չէ, այլ մարդը որպես նյութ օգտագործման աստիճանի է հասցված: Օրինակ, գիտենք, որ զինված ուժերում անվտանգության տեսակետից մարդկանց թիվը քիչ է, և կան լուրջ վտանգներ, բայց ինքն անընդհատ փորձում է ոչ թե դեմոգրաֆիական խնդիրներ լուծել, որ վիճակը լավանա, այլ նորանոր ռեսուրսների օգտագործման մտածողության ճանապարհով է գնում: Եվ դառնում է ոչ թե երկիր, որտեղ մարդը ուզում է ապրի, այլ երկիր, որտեղից մարդը ուզում է հեռանալ: Այստեղ արդեն չկա իշխանությունից օտարման խոսք, այլ երկրից օտարման մասին է խոսքը: Երկրաշարժի, պատերազմի ժամանակ մարդիկ միգրացիայի էին դիմում որոշ ժամանակ հետո վերադառնալու նպատակով, կար նման մտածելակերպ, որ կուղղվի, կկայունանա, և վերադառնալու միտումը շատ ավելի ակնառու էր, բայց հիմա վերադառնալու միտումը չկա: Նույնիսկ այս վերջին օրենքի ընդունումը, 3000 դրամի տուգանքի հիմքում ևս ընկած է այն գաղափարը, որ քանի որ մարդկային ռեսուրսները չեն բավարարում, դրսում գտնվող մարդկանցից, որոնց իրենն է համարում, բայց որոնց առջև որևէ պատասխանատվություն չունի, փորձում է որոշակի ռեսուրսներ քամել:
Ոչնչացման այս համակարգը ոչնչացնում է ամբողջ պետությունը: Պետությունից օտարումը հասել է կրիտիկական վիճակի, սա ճգնաժամ չէ, որովհետև ճգնաժամի դեպքում խնդրի լուծման հնարավորություն կարելի է տեսնել: Սա արդեն պետության ոչ թե դե յուրե, այլ դե ֆակտո ճգնաժամի մասին է խոսում: