Ընտրախախտումների վերաբերյալ քրեական գործերի հարուցումը մերժվել է
14:36, September 25, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Ընտրական իրավունք | Ոստիկանություն2012 թ. սեպտեմբերի 19-ի որոշումներով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում մերժվել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդների կողմից արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ քրեական գործերի հարուցումը:
Առաջին որոշումը կապված է 2012 թ. սեպտեմբերի 9-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ոստիկանություն ուղարկված գրությունը՝ այն մասին, որ Վանաձորի ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Գազել» մակնիշի երեք երթուղային տաքսիներ ընտրողներին տեղափոխում են ընտրատեղամասեր:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված մեքենաների վարորդները, չգտնվելով աշխատանքի մեջ, իրենց ընտանիքի անդամների, մտերիմների և ընկերների խնդրանքով նրանց տեղափոխել են ընտրատեղամասեր՝ ընտրություններին մասնակցելու համար և ընտրողների կամքի ազատ իրականացմանը խոչընդոտներ և այլ ընտրախախտումներ չեն հայտնաբերվել:
Ոստիկանության կողմից նախապատրաստված նյութերով մերժվել է նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից www.news.am ինտերնետային կայքէջին ուղարկված և այնուհետև կայքէջում տեղադրված «ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերի քվեախցիկները ստվարաթղթից են և անձնագրերում դրվող դրոշմակնիքի թանաքը շուտ օքսիդանում է» խնդիրների վերաբերյալ քրեական գործի հարուցումը:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ընտրությունների ընթացքում որևէ ընտրատղամասից կամ որևէ քաղաքացուց ստվարաթղթե քվեախցիկի ճկունության պատճառով սխալ ընտրություն կատարվելու մասին որևէ տեղեկություն չի ստացվել, իսկ դրոշմակնիքի թանաքի օքսիդացման խնդիրն արագ արձագանք է ստացել և խնդիրը լուծվել է:
Մերժվել է նաև կազմակերպության կողմից www.news.am ինտերնետային կայքէջին ուղարկված, այնուհետև կայքէջում տեղադրված «Իրավապաշտպանները շարունակում են ահազանգել ընտրախախտումների մասին» հոդվածում նշված մի շարք ընտրախախտումների վերաբերյալ քրեական գործի հարուցումը:
Քրեական գործերի հարուցումը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով: