Դատախազի միջնորդագրում ոչ մի իրավական հիմք չկա. իրավապաշտպան
06:13, October 4, 2012 | Նորություններ | Ընտրական իրավունքՈւսումնասիրելով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ԱԺ ներկայացրած միջնորդագիրը՝ ԱԳ նախկին նախարար, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու «Սիվիլիթաս» հիմնադրամի գործի մեջ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը եկել է այն եզրակացության, որ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է:
«Նախ, առաջին հերթին այդ միջնորդագրում ոչ մի իրավական հիմք չկա Վարդան Օսկանյանի մեղադրանքի առաջադրման համար: Սա ասում եմ՝ և՛ պրոցեսուալ տեսանկյունից, և՛ օրենսդրության տրամաբանության տեսանկյունից: Այդ պատճառով պնդում ենք, որ սա քաղաքական հետապնդում է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:
Արթուր Սաքունցը նշեց, այս դեպքը տեղ կգտնի ոչ միայն գրասենյակի տարեկան հաշվետվության մեջ, այլ նաև կներկայացվի միջազգային ատյաններում:
«Կներկայացվի ամեն տեղ, որտեղ կունենանք հնարավորություն՝ ԵԱՀԿ, Եվրախորհուրդ, Եվրամիություն, Եվրոպայի մարդու իրավունքների հանձնակատար: Նախագահական ընտրություններից առաջ կլինեն այցելություններ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովից և նրանց նույնպես կներկայացնենք»,- ասաց Սաքունցն ու ավելացրեց, որ գործը հատուկ ուշադրության տակ են պահելու:
Հարցին, թե գրասենյակի կողմից քաղաքական հետապնդումների քանի՞ դեպք է արձանագրվել, իրավապաշտպանը նշեց, որ գրասենյակը գործում է 2003թ.-ից և նման դեպքերի պակաս չի նկատվել:
«Քաղաքական հետապնդումները միշտ սկսվում են նախագահական ընտրություններից առաջ, որոշ չափով՝ նաև խորհրդարանական ընտրություններից առաջ: Այս շրջանում դրանք մշտապես են տեղի ունենում: Սա որպես օրինաչափություն ենք մենք արձանագրել»,- ասաց իրավապաշտպանը և ափսոսանք հայտնեց, որ Հայաստանում դեռևս ընտրությունների արդյունքում իշխանություն չի ձևավորվել, ինչպես դա տեղի ունեցավ Վրաստանում: