«Ոստիկանությունն անարագել մտնում է տներն ու խուզարկում. ի՞նչ իրավունքով»
14:05, October 5, 2012 | Նորություններ | Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է, որ ոստիկանությունը Վանաձորում կիրառում է խուզարկություն օպերացիա եւ իր տեսակետից անբարեհույս քաղաքացիներին հերթական անգամ հետապնդելու, վախեցնելու, ահաբեկելու նպատակ ունի:
Մեզ ահազանգեր եղել են սեպտեմբերի 25-ից սկսած, հիմա մենք կոնկրետ թիվ չենք կարող ասել, թե քանի բնակարան են խուզարկել, բայց այդ թիվն այնքան մեծ է, որ մենք մեր պարտքը համարեցինք նաեւ հայտարարությամբ հանդես գալ: Իհարկե, դիմում են ավելի քչերը, շատերը վախենում են նույնիսկ բարձրաձայնել, թե մտել են իրենց բնակարաններն ու խուզարկել,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Մի քանի տարի առաջ նման մասսայական խուզարկումների ժամանակ շուրջ 40 բնակարան էին մտել, բայց հասկանում եք`սա ինչ է նշանակում, այստեղ մարդկանց իրավունքները մասսայականորեն ոտնահարվում են եւ ով է ոտնահարողը… Տվյալ դեպքում քաղաքացին, ում բնակարանը խուզարկում են, ոչ մի իրավական կարգավիճակ չունի. ոչ մեղադրյալ է, ոչ կասկածյալ, ոչ էլ անգամ վկա,-ասաց Արթուր Սաքունցը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանները վերջնական չեն կարող գնահատել` խուզարկությունները քաղաքական դրդապատճառներ ունեն, թե քրեական: Անգամ չեմ կարող ասել մեկ քրեական գործի հետ է կապվում, թե 2 կամ մի քանի, միայն գիտեմ, որ արդեն թիվը փոքր չէ եւ այս մասին պետք է մտածել,-ասաց Արթուր Սաքունցը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, դատապարտելով համատարած խուզարկությունների կիրառումը, պահանջում է ՀՀ գլխավոր դատախազությունից` քննության առարկա դարձնել հարցը: