Արդյո՞ք դատախազությունը կլինի փուչիկների հարցով այնքան հետևողական, ինչպես Վարդան Օսկանյանի հարցով էր. Արթուր Սաքունց
06:27, October 18, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունքՀանրապետության հրապարակում տեղի ունեցած ողբերգության համար մեկ մեղավոր կա. փուչիկների լիցքավորմամբ զբաղվող 54-ամյա Սերոբ Բոզոյանը, ով դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման:
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը HayNews.am հետ զրույցում այս առնչությամբ ասաց, որ գործը դեռ հեռու է հանգուցալուծումից. «Ես գտնում եմ, որ արդարացի որոշում չի կայացվել,որովհետև քրեական գործն ամբողջությամբ բացահայտված չէ և իրավական գնահատական տրված չէ: Առաջին հերթին անդրադարձ կատարված չէ այն հանգամանքին,որ տվյալ կազմակերպությունը օրինական գրանցված չէր,և ինչպես է, որ կազմակերպիչները դիմում են այդ չգրանցված կազմակերպությանը: Պետք է պարզվեր,թե ո՞վ է պատվերը տվել,ֆինանսական միջոցներն ու՞մ կողմից է տրվել: Տուժողների փոխհատուցման հարցին չկա անդրադարձ»:
Նա հավելեց, որ փուչիկները լիցքավորող Սերոբ Բոզոյանը դատարանում ասել է, որ կազմակերպիչները տեղյակ եղել են, որ փուչիկները կարող են պայթել, քանի որ լցվել են մեթան գազով. «Դա շատ էական հանգամանք է, և դատախազությունը պետք է միջնորդի լրացուցիչ քննություն իրականացնելու համար: Այստեղ դատախազության վարքագիծն է քննության արժանանում: Արդյոք դատախազությունը կլինի այնքան հետևողական, ինչպես Վարդան Օսկանյանի հարցով էր, երբ չեղած տեղից մեղադրանք է առաջադրվում: Իսկ այստեղ կոնկրետ հիմքեր կան պատասխանատուներին գտնելու և արժանի պատիժ ստանալու համար»:
Աղբյուրը՝ http://haynews.am/hy/1350490574