Հայկ Խաչատրյանի գործով մեղադրյալ Մինաս Մկրտչյանը հրաժարվել է իր պաշտպանից
09:54, October 22, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2012 թ. հոկտեմբերի 22-ին Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը:
Նիստի ընթացքում գործով մեղադրյալ՝ հոսպիտալի բժիշկ Մինաս Մկրտչյանը, հայտարարեց իր պաշտպանից հրաժարվելու և նոր պաշտպան ներգրավելու մասին:
Այսօրվա նիստի ընթացքում լուծված չի եղել երկրորդ դատախազի ներգրավման հարցը: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս դատախազ Մանվել Գրիգորյանի կողմից պատշաճ փաստաթուղթ չի ներկայացվել դատարան դատական նիստին որպես մեղադրող հանդես գալու համար: Դատախազի կողմից դատարան է ներկայացվել հանձնարարական՝ լիազորագրի փոխարեն:
Դատական նիստը հետաձգվել է և նշանակվել 2012 թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին:
Հիշեցնենք, որ Հայկ Խաչատրյանը մահացել է 2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով ջրծաղիկ հիվանդությունից:
Մինաս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ՊՆ 14203 զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:
Իսկ Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ՊՆ 14203 զորամասի հրամանատար` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, կոչումով գնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:
Գործով նախորդ հոդվածը՝ http://archive.hcav.am/events/ջրծաղիկից-մահացած-զինծառայողի-գործո