ՀՀ վերաքննիչ դատարանը ևս վիրավորանք և զրպարտություն պարունակող արտահայտություններ չգտավ
13:27, October 22, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք2012 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքն ընդդեմ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2012 թ. հուլիսի 20-ի որոշմամբ մերժել էր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցը ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի՝ պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:
Կազմակերպության կողմից հայցադիմումի հիմք է հանդիսացել Վլադիմիր Գասպարյանի կողմից 2011 թ. հոկտեմբերի 17-ին www.hraparak.am էլեկտրոնային էջում և 2011 թվականի հոկտեմբերի 15-ին «Զինուժ» ծրագրում տրված հարցազրույցները:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ www.hraparak.am էլեկտրոնային էջում տպագրված «Ով արյուն կլափի, թող գա իր երեխու դեմ» հոդվածի մեջ ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի կողմից կատարված հետևյալ արտահայտություններն իրենց մեջ ներառում են վիրավորանք և զրպարտություն` «Ցավացող ծնողը լկտի չի լինի, ցավացող ծնողը կանգնած է, բայց ես տեսնում եմ լկտիություն բանակի նկատմամբ, նախարարի նկատմամբ, ես տեսնում եմ թույն մեջները: 20 տարեկան պոչիկներով լակոտներին, որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները, ու էդ լակոտների բերանների արտահայտություններն անձնական վիրավորանք են հասցնում: Երբ փսլնքոտ լակոտը երկիր պահած, երկրի համար տուժած մարդուն վիրավորում է լկտի բացականչություններով, ես դա չեմ հանդուրժելու…: Նրանք անպատվում են պաշտպանության նախարարին, ասելով՝ էդ միոտանին: Ես ասում եմ՝ էդ չորսոտանիներիցդ շատ գործ է անում մեր միոտանին, չէ՞ որ էդ մարդն ինչ որ արել է, ես չեմ պաշտպանում, արել է էս երկրի համար, որ էդ ոտքը կորցրել է»:
Իսկ «Զինուժ» ծրագրում տված հարցազրույցի ժամանակ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է. «Ոնց կարող է ցավալ մարդու սիրտ մի երկրի բանակի համար, երբ ֆինանսավորվում ու աշխատավարձ է ստանում ուրիշ երկրներից: Ոնց կարող է մարդու սիրտ ցավա, երբ նա մտածում է` ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետև դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատի: Այդ մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են անհայրենիք, աներկիր, անշնորհք, ուրիշին դուր գալու, ուրիշին ծառայելու, նոքարի, սեփական արժանապատվությունը չունեցող երևույթներ են: Նրանց մեջ մարդիկ կան, ովքեր բանակի կողքով անգամ չեն անցել: …Ու հաստատ իմացեք, վաղը, եթե հանկարծ ինչ-որ բան լինի, ոչ միայն խոր թիկունքում նրանց չենք գտնելու, այլև Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այդ երևույթներին չենք կարողանալու գտնել: Մի քանի օր առաջ այդ խմբերից մեկի հայտարարությունն եմ կարդում թերթերում, որտեղ պահանջում են այս, այս, այս տեղեկությունները` կապված հազարավոր զինծառայողների հետ: Սիրելիներս, իսկ ձեր պատվիրատուները էլ ինչ հանձնարարություն են ձեզ տվել` իմանալու մեր բանակից, միգուցե ամբողջ ցանկը հրապարակեք և հետո ամենախայտաբղետ արտասահմանյան հիմնադրամների մոտ գնաք հերթ կանգնեք»:
ՀՀ վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ գործում առկա փաստական հանգամանքներով հաստատվում է, որ բողոք բերող անձի կողմից վկայակոչված երկու դեպքում էլ կատարված արտահայտություններն ուղղված են անձանց անորոշ շրջանակի և կոնկրետ հայցվորի անվանումը ոչ մի կերպ չի հիշատակվում, այսինքն՝ երկու դեպքում էլ ընդհանուր արտահայտությունների տրամաբանությունից հետևում է, որ հայցվորին չի քննադատել պատասխանող կողմը, հետևաբար արված արտահայտությունները չեն արատավորում հայցվորի գործարար համբավը:
ՀՀ վերաքննիչ դատարանը, հիմնավոր չհամարելով բողոքի հիմքերը, որոշել է մերժել այն:
Տեղեկացնենք, որ հայցվոր կողմը դատական նիստի մասին պատշաճ կերպով ծանուցված չի եղել:
Կից ներկայացվում է որոշումը:
Գործով նախորդ հոդվածը՝ http://archive.hcav.am/events/20-տարեկան-պոչիկներով-լակոտները-վիրավո
Այլ ԶԼՄ-ների հոդվածներ՝ http://www.aravot.am/2012/10/23/122818/