Ամեն ինչ արվել է հրամանատարներին պատասխանատվությունից փրկելու համար
09:34, October 25, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՎերջերս ՊՆ քննչականը կարճեց Մարտունու N զորամասում 2010 թվականին զոհված 6 զինծառայողների մահվան գործով վարույթը: Գրեթե շեքսպիրյան այս ողբերգության գլխավոր հանցագործը զինդատախազությունը ժամկետային զինծառայող, շարքային Կարո Այվազյանին է համարում: Հուլիսի 28-ին, մարտական հերթապահության ժամանակ, նա դիրքում քնած է եղել, ապա, արթնանալով, տեսել է, թե ինչպես է լեյտենանտ Թադեւոսյանը ծեծում իր ընկերոջը՝ Անդրանիկին, հերթապահության ժամանակ քնելու համար: Կրակ է բացել, սպանել է 5 հոգու, վերջում էլ՝ ինքն իրեն: Կարոն 3 տարեկանից ապրել է ԱՄՆ-ում, որտեղ բանտ է նստել, արտաքսվել է, ապա, օրենքի խախտումով, հայկական բանակ է զորակոչվել, առաջին գիծ, ԼՂՀ սահման: Այստեղ ծառայել է, հայերեն է սովորել եւ զոհվել է:
Երկու տարի տեւեց նախաքննությունը, սակայն այսօր էլ քրեական գործի նյութերը չեն տրամադրվում զոհվածների ծնողներին: Զոհվածներից երկուսի` Ռոբերտ Հովհաննիսյանի եւ Անդրանիկ Սարգսյանի իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը բողոք է ուղղել զինդատախազ Գեւորգ Կոստանյանին՝ պահանջելով վերացնել վարույթը կարճելու մասին որոշումը եւ կրկին քննություն սկսել, քանի որ վարույթի ավարտից հետո իրեն հնարավորություն չի տրվել ծանոթանալ քրեական գործի նյութերին: Երբ Սաքունցը զանգահարել է եւ պահանջել դրանք, ՊՆ քննչականից պատասխանել են, որ քննիչ Բուլղադարյանը ԼՂՀ-ում է: Իրավապաշտպանը նաեւ այլ պատճառներ ունի քննությանը չվստահելու: Նա գտնում է, որ ՊՆ քննչականն ամեն ինչ արել է դեպքին առնչվող բարձրաստիճան սպաներին` զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, փոխգնդապետ Վիգեն Պետրոսյանին եւ շտաբի պետի տեղակալ, փոխգնդապետ Սամվել Գեւորգյանին քրեական պատասխանատվությունից ազատելու համար:
Նրանք ողբերգության օրը եկել են զորամաս` վարժանքների մասնակցելու, եւ բարձրացել են դիրքի դիտակետ, որտեղ էլ տեսել են սաղավարտների վրա քնած Կարո Այվազյանին եւ Անդրանիկ Սարգսյանին: Ավագ լեյտենանտ Թադեւոսյանը «շեֆերի» ներկայությամբ բարկացել է եւ ցանկացել է ծեծել տղաներին, բայց, ինչպես գրված է քննիչի որոշման մեջ, «Սամվել Գեւորգյանի կողմից դա կանխվել է… Փոխգնդապետները կարգի են հրավիրել շարքայիններին, ապա լեյտենանտին հանձնարարել են զորամաս վերադառնալուց հետո անդրադառնալ դիրքում քնած զինվորների հարցին»: Նա էլ վերադարձել է եւ «անդրադարձել»: Հայտնի չէ՝ այս ցուցմունքներն իսկական են, թե թելադրված, բարձրաստիճան սպաներին «մաքրելու» համար, բայց փաստ է, որ «մաքրել» չի հաջողվել: «Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ զոհվածները սթափ չեն եղել: Զինվորներ Հովսեփյանը, Սարգսյանը, Մանասյանը թեթեւ հարբածություն են ունեցել, իսկ սերժանտ Ռ. Հովհաննիսյանը, Կարո Այվազյանը եւ լեյտենանտ Թադեւոսյանը ծանր աստիճանի խմածություն են ունեցել, բայց փոխգնդապետներ Վիգեն Պետրոսյանը եւ Սամվել Գեւորգյանն իրենց ցուցմունքներում նշել են, որ իրենք չեն զգացել լեյտենանտի եւ սերժանտի խմածությունը,- ասում է Սաքունցը: — Քննիչը ոչինչ չի արել փորձաքննության եւ ցուցմունքների միջեւ հակասությունը պարզելու համար: Բայց հնարավոր է, որ զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալն ու շտաբի պետի տեղակալ Սամվել Գեւորգյանը կեղծ ցուցմունքներ են տվել՝ պատասխանատվությունից խուսափելու համար»:
Այլ աբսուրդային պահեր էլ կան: Ըստ քննիչի, լեյտենանտը ծեծի է ենթարկել միայն Անդրանիկին, բայց Արտյոմ Մանասարյանի վրա եւս վնասվածքներ կան, որոնց ծագումը հայտնի չէ: Կարո Այվազյանը, ըստ պաշտոնական վարկածի, իրեն ամրագրված ՌՊԿ-74 գնդացրից է կատարել սպանությունը: Նա 45 լիցքանի փամփշտատուփն օգտագործելուց հետո փոխել է 30 փամփշտատուփով, սակայն ոչ փամփշտատուփի եւ ոչ էլ գնդացրի վրա մատնահետքեր չեն հայտնաբերվել: Թե ինչպես՝ քննիչը չի պարզաբանել: Մարտունու ողբերգության պատկերը, նույնիսկ այն, որն ուրվագծվում է պաշտոնապես, ցավալի դետալներ է պարունակում, որոնք եթե չլինեին, տղաները գուցեեւ կենդանի մնային: Օրինակ, զինծառայողները 2010 թ. հուլիսի 20-ից գումարտակի հրամանատար Ֆելիքս Բաղդասարյանի հրամանով ներգրավված են եղել ինժեներական աշխատանքների մեջ եւ դրանից հետո, հուլիսի 24-ից, անմիջապես նրանց ուղարկել են մարտական հերթապահության՝ առանց թողնելու, որ գոնե մեկ օր հանգստանան: Գուցե դա՞ է պատճառը, որ Կարոն ու Անդրանիկը քնել են պոստում: Փոխգնդապետներ Պետրոսյանը եւ Գեւորգյանը, նրանց քնած տեսնելով դիրքում, հանձնել են զայրացած եւ հարբած ավագ լեյտենանտի հայեցողությանը եւ գնացել են, թեեւ լավ իմացել են, որ զինվորներին պատժելու են: Այդպես վատ մանկապարտեզի դաստիարակներ են անում. մատ են թափ տալիս երեխաների վրա, ասում են` խելոք կմնաք, ու գնում են սուրճ խմելու:
Եվ սա այն դեպքում, երբ զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալն իր ցուցմունքում նշել է, որ Կ. Այվազյանը ներգրավված է եղել ուշադրության կենտրոնում գտնվող զինծառայողների ցուցակում: ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում նա ԱՄՆ Կոլորադո նահանգի Արապահո վարչական տարածքի դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման: Միաժամանակ, դատարանի որոշմամբ, արգելվել է Կ. Այվազյանին գտնվել այն տարածքում, որտեղ առկա է զենք: Ինչպե՞ս հայտնվեց այս երիտասարդը բանակում. գուցեեւ սա քննության հարցը չէ, սակայն Կարո Այվազյանին զորակոչող սպաները նույնպես կիսում են 6 զինծառայողների խորհրդավոր, չբացահայտված մահվան պատասխանատվությունը:
Աղբյուրը՝ http://www.hraparak.am/86649/