Իրավապահ համակարգի ձեռագիրն անփոփոխ է
14:40, December 4, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր2012 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Մատաղիսի գործով դատական նիստը:
Մեղադրող կողմը միջնորդեց վերսկսել դատական քննությունը, քանի որ որոշում են կայացրել՝ մեղադրանքները փոփոխելու մասին և ընթերցեցին Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի, Ռազմիկ Սարգսյանի վերաբերյալ մեղադրանքները փոփոխելու մասին որոշումները:
Որոշումների մեջ նշվեց, որ դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալները կատարել են ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 7-րդ կետերով նախատեսված, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 14-րդ կետերով հանցագործություն:
Ըստ որոշումների՝ ամբաստանյալները, դիտավորությամբ տուժողներին մարմնական վնասվածքներ հասցնելով, գիտակցել են, որ կատարում են գործողություններ, որոնք մարդու առողջության համար վտանգավոր են, նախատեսել են տուժողների առողջության ծանր վնաս հասցնելու հնարավորությունը և գիտակցաբար թույլ են տվել նման վնասի առաջացումը, սակայն տուժողների մահվան վրա հասնելը չի մտել ամբաստանյալների դիտավորության մեջ, և նրանց գործողությունները անզգուշությամբ են առաջացրել Ռ.Եղիազարյանի և Հ. Մկրտումյանի մահը:
Ամբաստանյալները չընդունեցին մեղադրանքը՝ հայտնելով, որ ըստ էության փոխվել են միայն հոդվածները:
Այնուհետև մեղադրողները ներկայացրեցին պաշտոնական ճառը: Այն հիմնականում ներառում էր Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որը ձեռք է բերվել խոշտանգումների արդյունքում: Մեղադրող կողմը միջնորդեց Ռազմիկ Սարգսյանին մեղավոր ճանաչել և դատապարտել յոթ, իսկ Մուսա Սոբյանին և Արայիկ Զալյանին ութ տարի ազատազրկման:
Տուժողի իրավահաջորդ Հովսեփ Մկրտումյանի հայրը` Մովսես Մկրտումյանը և ամբաստանյանների պաշտպան Հայկ Ալումյանը ժամանակ խնդրեցին՝ մեղադրողի ճառին ծանոթանալու և իրենց ճառերը պատրաստելու համար:
Դատարանը նիստը հետաձգեց և նշանակեց 2012 թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, որի ընթացքում պաշտոնական ճառով հանդես կգան տուժողների իրավահաջորդները:
Դատական նիստի վերաբերյալ այլ նյութեր`
«Մատաղիսի գործ»․ մեղադրողը 7-8 տարվա ազատազրկում է պահանջում – azatutyun.am
Ովքե՞ր են հովանավորում մարդասպանին – galatv.am
Մատաղիսի գործով իրական մարդասպանին հովանավորում են. Ա.Սաքունց – civilnet.am
Մարդասպանության մեջ կասկածվողին հովանավորո՞ւմ է Սեյրան Օհանյանը – aravot.am
Զինդատախազը չհրաժարվեց մեղադրանքից – lragir.am