6 զինծառայողների սպանության գործով դատական նիստ
12:32, December 13, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր2012 թ. դեկտեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է դատական նիստ ՀՀ ՊՆ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Մ. Բուլղադարյանի 2012 թ. հուլիսի 28-ի քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու պահանջի մասին:
Գործի էությունը կայանում է նրանում, որ 2010 թ. հուլիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունի 2-րդ թիվ 56534 մարտական դիրքերում հրազենային մարտական վնասվածքով հայտնաբերվել են ավագ լեյտենանտ Վարդգես Արարատի Թադևոսյանի և ժամկետային զինծառայողներ Գարեգին Հովսեփյանի, Անդրանիկ Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Կարո Այվազյանի և Արտեմ Մանասյանի դիակները:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Հարուցված քրեական գործի վերաբերյալ շուրջ 2 տարի կատարվել է նախաքննություն:
2012 թ. հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Մ. Բուլղադարյանի կողմից կայացվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում՝ հաշվի առնելով Կարո Այվազյանի և Վարդգես Թադևոսյանի մահացած լինելու հանգամանքը:
Ռոբերտ Հովհաննիսյանի և Անդրանիկ Սարգսյանի իրավահաջորդներ Միքայել Հովհաննիսյանը, Սվետլանա Կարապետյանը և իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը դիմում-բողոք են ուղղել զինդատախազ Գեւորգ Կոստանյանին՝ պահանջելով վերացնել վարույթը կարճելու մասին որոշումը և գործն ուղարկել նախաքննության: Բողոքի հիմքում դրվել է նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ տրված քրեադատավարական օրենսդրական խախտումները:
2012 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանի կողմից ստացվել է բողոքը մերժելու մասին որոշում, որը բողոքարկվել է դատական կարգով:
Կից ներկայացվում է դիմում-բողոքը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը գործի վերաբերյալ՝ http://archive.hcav.am/events/մարտունիի-գործով-տուժողները-զրկվեցի