Արդարադատությունն ուշանում է
08:43, December 17, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | Զինված ուժեր2012 թ. նոյեմբերի 27-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչներ Արայիկ Ղազարյանը և Արտակ Զեյնալյանը դիմում-բողոք են ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանին՝ դատաքննության օր նշանակելու պահանջի մասին:
2012 թ. հունիսի 27-ին ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքը` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ: Գործն ընդունվել է վարույթ, սակայն արդեն 5 ամիս է գործի քննության օր չի նշանակվել:
«Արդարադատությունն ուշանում է, իսկ ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է»,-նշված է բողոքի մեջ:
Հիշեցնենք, որ կազմակերպությունը վիճարկել է պաշտպանության նախարարության տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվելու իրավաչափությունը: Դատարանները մերժել են կազմակերպության հայցը և բողոքները` վկայակոչելով «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները:
2011 թ. նոյեմբերի 23-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից լիազորված ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանը և Արայիկ Ղազարյանը դիմում են ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան՝ «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ և 12-րդ հոդվածների դրույթները ՀՀ Սահմանադրության 3-րդ, 5-րդ, 6-րդ, 27-րդ և 43-րդ, 83.5-րդ, 117-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ:
2012 թ. մարտի 6–ին ՀՀ սահմանադրական դատարանը կայացրել է որոշում «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթը` այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ և 43-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:
2012 թ. հունիսի 2-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչների կողմից բողոք է ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարան` նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վերանայելու մասին՝ հիմքում դնելով ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված որոշումը:
Գործով նախորդ հոդվածը՝ http://archive.hcav.am/events/նոր-հանգամանքով-վերանայելու-պահանջի