Նշանակում է՝ ԱԱԾ-ն է արել
06:09, December 19, 2012 | Նորություններ | Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքԴեկտեմբերի 16-ին համացանցում հրապարակվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնալսման ձայնագրությունը:
Սա youtube-ում տեղադրվել է անհայտ անձի կողմից: ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ նույն օրը տարածած հայտարարությունում իրավապահների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ այդ հրապարակմամբ խախտվել է Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, եւ արարքի հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն ՀՀ օրենսդրության համապատասխան (ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի հատկանիշներով):
Մեր հարցին, թե ոստիկանությունը նշված առանձնազրույցը գաղտնալսած եւ համացանցում տարածած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ինչ միջոցներ են ձեռնարկելու, ոստիկանության լրատվության բաժնից ասացին. «Լեւոն Զուրաբյանը իր հայտարարության մեջ դիմել է դատախազությանը»: Մեր ճշտող հարցին` այսինքն քրեական գործ չի հարուցվել, նորից նույն պատասխանը ստացանք:
Մինչ այդ Լեւոն Զուրաբյանը եւ Վարդան Օսկանյանը հայտարարություններ էին տարածել` պետական մարմիններին մեղադրելով առանձնազրույցի գաղտնալսման համար:
Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում մասնավորապես նշել է. «Լեւոն Զուրաբյանի եւ իմ հանդիպման ժամանակ փաստի եւ բովանդակության շուրջ որեւէ սենսացիա չկա եւ չի կարող լինել: Այստեղ միակ սենսացիան այն է, որ ժողովրդի կողմից ընտրված երկու պատգամավորներ հետապնդվում են»:
«Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը, կատարելով քաղաքական հակառակորդներին լրտեսելու եւ վարկաբեկելու Սերժ Սարգսյանի հակասահմանադրական հրամանը, ապօրինաբար գաղտնալսել է երկու ԱԺ պատգամավորներ` Վարդան Օսկանյանի եւ իմ մասնավոր զրույցը եւ Ինտերնետում տեղադրել այդ զրույցի ձայնագրությունից կցմցված մի նյութ, որն անմիջապես տարածվել է ռեժիմի շահերը անթաքույց սպասարկող լրատվամիջոցների կողմից»,- նշված էր Լեւոն Զուրաբյանի հայտարարության մեջ: Վերջինս առաջարկում է դատախազությանը` ընդունել սույն հայտարարությունը որպես հաղորդագրություն հանցագործության մասին եւ պահանջում է քրեական պատասխանատվության կանչել գաղտնալսման եւ դրա հիման վրա պատրաստված նյութի հրապարակման հեղինակներին:
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը մեր հարցին, թե ԱԺ պատգամավոր Զուրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ առաջարկում էր դատախազությանը` հայտարարությունն ընդունել որպես հաղորդագրություն, դատախազությունը ընդունե՞լ է, թե ոչ, պատասխանեց. «Լեւոն Զուրաբյանից գրավոր հաղորդում չենք ստացել: Քրեական դատավարության օրենսգրքի մեջ նշված չէ, որ ֆիզիկական անձինք կարող են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ԶԼՄ-ների միջոցով: Տվյալ օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ կետի համաձայն, հանցագործության մասին հաղորդում ներկայացնող անձը նախազգուշացվում է զրպարտության համար նախատեսված պատասխանատվության մասին, ինչը հաստատում է իր ստորագրությամբ: Եթե դատախազությունը քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ստանա հաղորդում հանցագործության մասին, օրենքով սահմանված կարգով ընթացք կտանք»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՀ-ում ակնհայտ հանցագործությունները մնում են անպատիժ, եւ հերթական անգամ նույնպես մնալու է անպատիժ. «Եթե ԱԱԾ-ն հայտարարում է, որ ինքը գաղտնալսումը չի արել, ապա դա շատ խղճուկ մեկնաբանություն է: Ոչ թե պետք է հայտարարի, որ չի արել, այլ պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի բացահայտի, թե ով է երկու քաղաքացիներին` Լեւոն Զուրաբյանին եւ Վարդան Օսկանյանին գաղտնալսել եւ հրապարակել: Իսկ եթե չբացահայտի, նշանակում է, որ ԱԱԾ-ն կամ գիտակցական անգործության է մատնում, կամ էլ ինքը հովանավորում է կատարողներին, եւ իրեն ձեռք է տալիս նման վիճակը»:
Նշենք, որ ՀՀ Սահմանադրության հոդված 23-ը մասնավորապես սահմանում է.
«Առանց անձի համաձայնության՝ նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով: Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով:
Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, դատարանի որոշմամբ»:
Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 146 հոդվածը սահմանում է.
1. Քաղաքացիների նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունն ապօրինի խախտելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով կամ ուղղիչ աշխատանքներով:
2. Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով»:
Աղբյուրը՝ http://www.armtimes.com/38821