«Մատաղիսի» հանցագործը Իվան Գրիգորյանն է. պետք է նրա նկատմամբ մեղադրանք առաջադրվի
08:09, December 19, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր«Ես այստեղ ակնհայտ եմ համարում և՛ հասարակության ուշադրությունը, վերահսկողությունը, պահանջը, և՛ լրատվամիջոցների մեծ աջակցությունը, և հիշեցնեմ 2006թ. դեկտեմբերի 22-ի վճռաբեկ դատարանի որոշումը, որը հիմնավոր փաստաթուղթ էր, և որը այն ժամանակ էլ առանց հասարակության ընդվզման և բողոքների, աջակցության հնարավոր չէր ձեռք բերել»,- խոսելով «Մատաղիսի» գործի վերաբերյալ և 9 տարի անց 3 երիտասարդ մեղադրյալների արդարացման դատավճռի մասին՝ ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նրա խոսքերով՝ ՀՀ-ում վիճակն է այդպիսին, որ արդարադատությունը տեղի է ունենում ոչ թե դատարանի դահլիճում, այլ լրացուցիչ գործոններ պետք է ազդեն՝ հանձինս հասարակական ճնշումների, պահանջների, բողոքների, որպեսզի արդարադատության կշեռքի նժարը բերեն հավասարության»:
Galatv.am-ի այն հարցադրմանը, թե ապօրինի մեղադրանքների արդյունքում մեղադրյալների՝ անազատության մեջ հայտնվելու համար հիմա ո՞վ է պատասխան տալու, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Առաջին հերթին զոհերն են: Եկեք չշտապենք ու տեսնենք, թե զինդատախազությունը բողոքարկո՞ւմ է, թե՞ ոչ առաջին ատյանի դատարանի վճիռը: Երբ որ ուժի մեջ մտնի արդարացման վճիռը, շատ բնական է, որ փոխհատուցման պահանջը հայտնվի օրակարգում, որովհետև արդարության ամբողջական վերականգնման մասին է խոսքը: Ոչ միայն մարդիկ պետք է անմեղ ճանաչվեն, մեղադրյալները 2 տարի ութ ամիս 28 օր ազատազրկված են եղել, դրա փոխհատուցումը պետք է լինի»:
Իրավապաշտպանը ասաց նաև, որ արդարությունն ամբողջովին վերականգնված համարել չի կարելի այնքան ժամանակ, քանի տուժողների պահանջը բավարարված չէ և հանցագործությունը բացահայտված չէ: «Ճիշտ է՝ մեղադրյալների մասով արդարությունը վերականգնվեց, բայց հանցագործությունը չի բացահայտվել, տուժողների իրավունքները մնում են ոտնահարված: Էնպես որ մենք ունենք անելիքներ, տուժողների իրավունքների պաշտպանության տեսակետից՝ իսկական հանցագործությունը բացահայտելու, պատասխանատվության ենթարկելու առումով: Արդարությունը ամբողջությամբ կվերականգնվի, երբ որ ամբողջությամբ հանցագործները դատապարտվեն, տուժողները արժանի փոխհատուցում ստանան: Մենք կարողացանք ՀՀ զինվորական դատախազության ճիրաններից ազատել երեք հոգու, բայց ազատված չեն տուժողներն իրենց հարազատներով, և դեռևս ազատության մեջ է գտնվում իրական հանցագործը, որի մասին ես վերստին ասում եմ՝ դա Իվան Գրիգորյանն է: Նա պետք է կանչվի, հարցաքննվի, և նրա նկատմամբ պետք է մեղադրանք առաջադրվի, որովհետև գործում եղած նյութերը այս պահին հիմք են տալիս նման հիմնավորում տալու»: