Սաքունց. Եկեղեցին չի կարող լինել Հայաստանի օլիգարխներից մեկը
05:39, December 20, 2012 | ՆորություններՀայաստանի զարգացման ուղիների որոշման պահն է: «Հայաստանի եվրոպական հեռանկարները» խորագրով քննարկման ժամանակ ասաց Դավիթ Շահնազարյանը, ով այժմ ղեկավարում է «Համաձայնություն» կենտրոնը:
Կլոր-սեղան քննարկումն անցկացվում էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ, միջոցառմանը մասնակցում էին տարբեր քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Շահնազարյանի խոսքով, այս պահին թե Ռուսաստանի, թե Եվրամիության կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած շահագրռվածությունը չափազանց մեծ է: «Տարածաշրջանային զարգացումների համատեքստում Հայաստանի դերը, կարծում եմ, շատ ավելի կարևոր է, քան 5-10 տարի առաջ»,-ասաց Դ. Շահնազարյանը:
Քննարկման ընթացքում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի եվրաինտեգրացմանը խանագարում են Ռուսաստանն ու Պուտինը: Բացի արտաքին գործոններից, խանգարում են նաև Հայաստանում առկա կոռուպվիան ու կրիմինալը:
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը համամիտ չէ այս մասնակցի հետ: Նրա խոսքով, անհաջողությունները բարդել դրսի ուժերի վրա ձեռնտու է գործող իշխանություններին: Հ. Հովհանիսյանի կարծիքով, պետք չէ ներքին թերություններն ու արատները կոծկել:
«Արտաքին արատներ չկան, կա մեր սեփական անընդունակությունը, ծուլությունը: Իսկ երբ սկսում ենք փնտրել ինչ-որ արտաքին գործոններ, միշտ դա ձեռնտու է այն իշխանավորներին, որոնք երկրի ներսում կեղեքում են սեփական ժողովրդին»,-կարծիք հայտնեց Հ. Հովհաննիսյանը: Քաղաքագետի գնահատմամբ, հենց իշխանությունների սխալների պատճառով է, որ Եվրոպան Հայաստանին ընդունում է ոչ թե որպես լուրջ գործընկեր, այլ ընկալում է որպես մարդկանց, որոնց հեշտ է ներքաշել որպես որոշակի գործոն աշխարհքաղաքական գործընթացներում:
«Մեզ չեն դիտում որպես գործընկերոջ, որը կարող է իր քայլերով ընդունվի եվրոպական ընտանիքի կողմից, այլ միայն կարող է հավակնել այն բանին, որ որպես աշխարհքաղաքական լծակ օգտագործվի այս տարածաշրջանում»,-նշեց նա:
Հելսինկայն քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով, ամեն ինչ պետք է սկսել ախտորոշումից, այնուհետև անցնել բուժման: Սաքունցի խոսքով, օրինակ Եվրոպան սկսեց զարգանալ այն ժամանակ, երբ եկեղեցին ու պետությունն անջատվեցին միմյանցից:
«Հայաստանում տեղի է ունենում եկեղեցու և պետության սերտաճում: Սա լուրջ մարտահրավեր է: Հայ առաքելական եկեղեցին հիմնական օլիգարխներից մեկն է` ունենալով լուրջ հարկային արտոնություններ Հայաստանի Հանրապետությունում: Դա չի կարող լինել: Դա լուրջ խոչընդոտ է»,-ասաց Սաքունցը:
Իրավապաշտպանը լուրջ մարտահրավերներ է համարում տնտեսական ու քաղաքական գործոնները:
«Ժողովրդավարական ինստիտուտները տնտեսության բնագավառում ինքնաբավ են»,-ասաց բանախոսն ու ավելացրեց, որ Հայաստանի եվրոպական հեռանկարների հարցն ավելի շատ լուծվում է ներսում, քան դրսում:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2012/12/19/142326/