«Ջհանգիրյանին թվում է, թե այս երկրում միայն մեկ անմեղ դատապարտված կա` ինքը». փաստաբան
07:41, December 20, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԻնչպես արդեն հայտնել ենք, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր անմեղ է ճանաչել աղմկահարույց Մատաղիսի գործով մեղադրյալ երեք երիտասարդներին` Ռազմիկ Սարգսյանին, Արայիկ Զալյանին և Մուսա Սերոբյանին: Փաստաբան Հայկ Ալումյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում կարծիք է հայտնել, որ գործը դեռ կհասնի Վերաքննիչ, ապա` Վճռաբեկ դատարաններ։ Նա նշել է, որ այսօրվա վճիռը բացառիկ է. «Ես այդպիսի գործ չգիտեմ Հայաստանում, որ երեք ցմահ բանտարկվածներն արդարացվեն, և նույնիսկ համաշխարհային պրակտիկայում նման բան քիչ կա: Դատական համակարգն իր մեջ ուժ գտավ ընդունել իր սխալը: Գուցե մեր դատական համակարգն այնքան էլ արատավոր չէ, որքան մենք ենք պատկերացնում: Դատական համակարգին մենք շատ ենք քննադատում և տեղին. այն շատ հաճախ է զոհ գնում դատախազության ամբիցիաներին: Դատարանը նոտարիատ է, որ դատավորի կնիքով վավերացնում է դատախազության հանձնարարականը: Բայց նույնիսկ ամենակախյալ վիճակում գտնվող դատավորն էլ, երբ պահը գալիս է, կարող է իր խղճի դեմ չգնալ, վայր դնել իր լիազորություններն ու ասել` ես չեմ կարող անմեղ մարդուն մեղադրել»,- ասել է փաստաբանն ու հավելել. «Այսօրվա դատավճիռը մեզ հույս է տալիս, որ այս դատական համակարգում ամեն ինչ չէ, որ կորած է»:
Այսօր արդարացված երիտասարդներին անհիմն մեղադրելու գործում, ըստ փաստաբանի, ամենամեծ դերակատարությունն է ունեցել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը. «Նախկին զինդատախազը, եթե համոզմունք էր ձևավորում որևէ վարկածի վերաբերյալ, իրեն թվում էր, թե այլևս չի կարող սխալվել, և նյութերը գնում էր այդ համոզունքին համապատասխան: Այսօր էլ չի կարծում, թե սխալվել է: Հիմա ինքը այս 4,5 տարվա դատավարությունից տեղյակ չլինելով՝ իրեն թույլ է տալիս այնպիսի հայտարարություններ, որ պրոֆեսիոնալ իրավաբանը չի կարող: Իր կարծիով՝ ՀՀ-ում միայն մեկ անմեղ մարդ կա դատապարտված, դա ինքն է»: Փաստաբանի խոսքերով՝ եթե մարդ 30 տարի աշխատել է դատավոր ու որևէ մարդու չի արդարացրել, ուրեմն պետք է հասկանանք, որ նրա խղճին մեծ բեռ կա:
Հայկ Ալումյանը նշել է, որ գործը պետք է ընթացք ունենա, որովհտև ընդամենը պարզվեց, որ երիտասարդներն անմեղ էին: Բայց ո՞վ է սպանողը, պետք է գործը գնա նախաքննական մարմին, որը պարտավոր է բացահայտել իրական մեղավորներին: Պետքէ նաև պատժվեն մարդիկ, որոնք, փաստաբանի խոսքերով, այս երիտասարդների գլխին էին բարդում ամեն ինչ: Իհարկե, կա նաև փոխհատուցման հարց, սակայն, ըստ Հայկ Ալումյանի, երբ արդարացվածը սկսում է պահանջել, պետոթյունն ամեն ինչ անում է, որ չարդարացվի, թեկուզ փոքր պատիժ ստանա, բայց չարդարացվի:
Աղբյուրը՝ www.1in.am/arm/armenia_right_143142.html