Արդարության հաստատման էպիզոդիկ դեպքերը. Տարին ամփոփում է իրավապաշտպանը
07:32, December 31, 2012 | ՆորություններՀայաստանի արդարադատության համակարգում 2012 թվականն իրավապաշտպան Արթուր Սաքունցն ամփոփել է և եզրակացրել. «Ոչ մի առաջընթաց չկա»: «Խայտառակ» դեպքերը, նրա խոսքով, համակարգում այս մեկ տարվա ընթացքում շատ են եղել. «Հարսնաքար»-ի դեպքը և այդ գործով «խայտառակ» քննությունը, Տիգրան Առաքելյանի գործով հետապնդումը, Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցչի (Արման Վեզիրյան) նկատմամբ քրեական գործը, քրեակատարողական հիմնարկներում տիրող վիճակը, ինքնախեղման դեպքերը: «Այս ամենի հետ կապված գործադիր իշխանության մարմինը համարժեք չի գնահատում իրավիճակը, և գնահատականները ավելի շատ խոսում են այն մասին, որ ընկալում չկա, թե իրականում ինչ խնդիրներ կան համակարգում», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ամփոփելով տարին ասում է իրավապաշտպանը:
«Երբ դատավորի թեկնածուն արդարադատության խորհրդի կողմից ներկայացվում է նախագահի նշանակման, ապա Հանրապետության նախագահը, եթե այդ թեկնածուին չի նշանակում, ոչ միայն պատճառաբանված որոշում չի ներկայացնում, թե ինչու չի նշանակում թեկնածու, այլ նաև չնշանակելու դեպքում թեկնածուն հանվում է պիտանիության ցուցակից: Սա բավական լուրջ կոռուպցիոն ռիսկ է պարունակում, որ թեկնածուն մինչև նշանակվելը պետք է նախագահականի կողմից համաձայնություն ստանա, որպեսզի իրեն նշանակեն: Ահա այս հարցին որևիցե անդրադարձ չկա ծրագրում», շարունակում է Սաքունցը:Դատաիրավական բարեփոխումների ծրագրում, մեր զրուցակիցը բացթողում է համարում նաև ոստիկանության վերաբերյալ բաժինը, քանզի այդ կառույցը վերջիվերջո նախաքննություն իրականացնող մարմին է:«Այդ ծրագրի մեջ քաղաքացիական հասարակությունների ինստիտուտների կողմից մեծ թվով առաջարկություններ են ներկայացվել, սակայն դրանցից որևէ մեկի վրա ուշադրություն չի դարձվել: Ինքը, ծրագիրը. մակերեսային փաստաթուղթ է ու հաշվի չի առնում մեր առաջարկները», -նկատում է Սաքունցը:
Տարվա ամենացավալի էջերից մեկը շարունակում է մնալ զինված ուժերում մահացության դեպքերը. այս պահին Արթուր Սաքունցի ղեկավարած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաշվարկել է հայկական բանակում այս տարի տարբեր պատճառներով գրանցված մահերի թիվը 46-ն է, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է. 2011-ին նույն գրասենյակի տվյալներով, գրանցվել է մահվան 39 դեպք: Իրավապաշտպանը զինված ուժերի հետ կապված նաև մատնանշում է մեկ այլ խնդիր` առողջական լուրջ խնդիրներ ունեցող տղաներին բանակ տանելը, և նա այդպիսի մի քանի դեպքի մասին տեղյակ է:
Ոստիկանության համակարգում 2010-11 թթ. բարեփոխումների արդյունքները Սաքունցի համար նկատելի չեն. այդ բարեփոխումների արդյունքում փոփոխվել են այնպիսի փաստաթղթեր, որոնք հանրությանը հասանելի չեն: «Ըստ էության, բարեփոխում անվանել ծրագիրը, որի արդյունքները գաղտնի են պահվում, ես բարեփոխում չեմ կարող համարել: Ես ինչպե՞ս կարող եմ գնահատել, թե ինչն են փոխել, ինչպես են կարգավորելու քաղաքացի-ոստիկան հարաբերությունները: Ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների փաստերով ահազագների հիման վրա քրեական գործեր չեն հարուցվում: Մենք չենք կարողանում բողոքարկել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումները», -ասում է մեր զրուցակիցը:
Այս տարում էլ դատական իշխանությունը շարունակել է մնալ «նոտարական վավերացնողի» դերում: ««Մատաղիսի գործը» այն եզակի գործն է, երբ դատական պրոցեսի նկատմամբ հանրային վերահսկողությունը մշտապես է եղել, այսինքն, քաղաքացիական ակտիվությունը օգնել է դատավորներին, որպեսզի դիմագրավի դատախազության ճնշմանը: Այսինքն, ոչ թե արդարադատությունը իրականացվել է դատարանի դահլիճում, այլ արդարադատության հնարավոր է եղել հասնել քաղաքացիական հասարակության պահանջների ներքո: Բայց քաղաքացիական հասարակությունը այդքան ռեսուրսներ չունի` հետևելու բոլոր գործերին», -ասում է Սաքունցը` մտավախություն հայտնելով` արդյոք դատարանները կունենա՞ն քաջություն դիմագրավելու դատախազության ճնշումներին:
Սաքունցի համար 2012-ի մտահոգիչ դեպքերից են խտրականության դեպքերը, մասնավորապես «D.I.Y» ակումբի վրա հարձակումը և այլն: Անցնող տարվա միակ լուսավոր կետը «Մատաղիսի գործով» արդարացման վճիռն էր: ««Մատաղիսի գործով» դատարանի որոշումը ես կարող եմ համարել իրավապաշտպանության և հասարակական ակտիվության կոնկրետ արդյունք», -ասում է նա ու թվարկում քաղաքացիական ասարակության մյուս հաջողությունները` Մաշտոցի պուրակի «ազատագրումը», Թռչկանի հէկ-ը չշահագործելը, «Հարսնաքար»-ի դեպքից հետո ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին մանդատից զրկելը:
«Մարդու իրավունքը չխախտելը, որպես մտածելակերպ, չկա ձևավորված: Դա մնացել է չհաղթահարված, այդ տեսակետից մենք որևէ բանով ուրախանալու հիմքեր չունենք: Իսկ այդ դեպքերը, էպիզոդիկ դեպքերը, հույսի էլեմենտներ են տալիս, բայց երբ համակարգային մոտեցման փոփոխություն չկա, դա արդեն լուրջ պրոբլեմ է», -ասում է իրավապաշտպանը:
Աղբյուրը՝ http://panorama.am/am/comments/2012/12/29/saqunc-about-justice/