«Սերժ Սարգսյանի բոլոր ասածները «լոլո» են». Արթուր Սաքունց
17:17, January 30, 2013 | Նորություններ | Ընտրական իրավունքԱյսօր «Ժողովուրդ» օրաթերթի անձնակազմի բողոքի ակցիային մասնակցում էր նաև իրավապաշտպան Արթուր Սաքունցը: ԳԱԼԱ-ի հետ զրույցում նա նշեց, որ օրաթերթի դեմ դատական հայցը դիտարկում է որպես ոտնձգություն առաջին հերթին լրատվական միջոցի և լրագրողի նկատմամբ: Նրա խոսքով՝ դա վատ ավանդույթի մասին է խոսում, որը չի ճանաչում ոչ նախընտրական քարոզարշավ և ոչ էլ ընտրական շրջան, քանի որ համակարգն է այդպիսին:
«Դիտարկում եմ որպես ոտնձգություն ազատ խոսքի, ազատ կարծիքի դեմ, որի նպատակն է՝ իշխանության կողմից հերթական անգամ զսպաշապիկ հագցնել լրատվամիջոցին՝ ցույց տալու համար մեկ բան. ձեզ հավաքեք ձեր համապատասխան չափերի մեջ: Հատկապես նախընտրական ժամանակահատվածում այս ամենն իր ազդեցությունը կարող է ունենալ, որովհետև նման որոշումները հանգեցնելու են նաև ներքին գրաքննության ձևավորմանը»,- ասաց Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ ինքը չի կարող անտարբեր լինել նման երևույթների հանդեպ՝ անկախ այն բանից՝ որ լրատվամիջոցի դեմ է ուղղված երևույթը:
Նա նշեց, որ միշտ է առկա եղել մտահոգությունը, որ լրատվամիջոցների դեմ այդ դրամական տուգանքները կարող են մեծ վտանգ ու վատ նախադեպ ձևավորել՝ ընդհուպ մինչև լրատվամիջոցի գործունեության կասեցում: Եթե ԶԼՄ-ների դեմ իրականացվող ճնշումները համատարած բնույթ կրեն, ապա ցանկացած օլիգարխի և իշխանավորի կամայականությունների վերաբերյալ ոչ ոք հնարավորություն չի ունենա բարձրաձայնել:
Այն հարցին՝ արդյո՞ք կա դիտարկում, թե ԶԼՄ-ների հանդեպ ճնշումները Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանա՞կ են շատ եղել, թե՞ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ, Արթուր Սաքունցը կարծիք հայտնեց, որ իշխանական ռեժիմն իր էությունը չի փոխել: Եվ անընդմեջ կամ օլիգարխները, կամ էլ իշխանավորները օգտագործում են ԶԼՄ-ների դեմ դատական իշխանության լծակները:
«Կարող է անգամ համայնքի ղեկավարը օգտագործի այդ հոդվածը իր գործունեությունը քննադատող քաղաքացիների նկատմամբ, այսինքն ազատ կարծիքը ճնշելու միջոց է: Հետաքրքիրն այն է, որ լրագրողների նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ քրեական գործեր կամ քաղաքացիական-վարչական գործեր չեն հարուցվում, և հակառակը, լավ ընթացք են ստանում լրատվամիջոցների նկատմամբ նմանատիպ գործերը: Այնպես որ, ակնհայտ է ճնշման ապարատի կիրառումը»,- նշեց իրավապաշտպանը:
Անդրադառնալով ՀՀԿ 14-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթին, որում նշվում էր, որ խոսքի ազատությունն ավելի բարձր հիմքերի վրա է դրվել, Արթուր Սաքունցը նշեց. «Դրանք «լոլո» են, առհասարակ Սերժ Սարգսյանի բոլոր ասածներն են «լոլո»: