Սերժ Սարգսյանը մի բան է ասում, դիտորդներն ու թեկնածուները՝ այլ բան
20:20, February 5, 2013 | Նորություններ | Ընտրական իրավունքՌուսական «Օգոնյոկ» հանդեսին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ընտրություններից առաջ քաղաքական իրավիճակի գնահատականին վերաբերող հարցին, նշել է. «Ես ինքս էլ` որպես նախագահի թեկնածու, օգտվում եմ օրինական բոլոր հնարավորություններից` արդյունավետ նախընտրական արշավ անցկացնելու համար: Բոլոր թեկնածուների համար առկա են նախընտրական միջոցառումների, քարոզարշավի իրականացման հավասար պայմաններ: Որևէ մեկը նրանց համար խոչընդոտներ չի հարուցում: Երկրում արդեն իսկ միջազգային դիտորդների մի քանի խմբեր են աշխատում: Նրանք էլ ունեն ընտրությունների ընթացքն օբյեկտիվ գնահատելու բոլոր հնարավորությունները: Մամուլը բոլոր տեսակետների համար բաց է, թեկնածուների գրանցումը տեղի ունեցավ թափանցիկ ձևով»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զբաղվում է դիտորդական առաքելությամբ: Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ զրույցում Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Սերժ Սարգսյանի ներկայացրած իրավիճակն ու իրենց դիտարկումների արդյունքները համընկնո՞ւմ են: Նա բացասական պատասխան տվեց ու մանրամասնեց. «Հենց իր այցելությունը Վանաձոր, որը ուղեկցվել էր ուսուցիչների, մանկապարտեզների աշխատողներին համատարած այդ հանդիպմանը պարտադրաբար ուղարկելով, նույնիսկ դասընթացներն էին ձախողվել: Որևէ թեկնածուի հանդիպմանը հնարավոր չէր դա պատկերացնել: Ամբողջ կրթական համակարգը իշխանության ենթակա կառույց է: Տնօրեններից, ուսուցիչներից սկսած՝ բոլորը հանրապետականներ են: Պետական, մարդկային, ֆինանսական և կուսակցական ռեսուրսների այնպիսի կիրառում է, որ հավասար պայմանների մասին խոսել հնարավոր չէ: Ուստի դա չի համապատասխանում իրականությանը, Սերժ Սարգսյանը զբաղված է ստախոսությամբ: Մյուս կողմից էլ՝ երեք հիմնական խորհրդարանական ուժերի չմասնակցությունը նախագահական ընտրություններին ավելի է մեծացնում անհավասարությունը»:
ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն էլ կարծում է, որ անհավասար պայմանները դեռ մինչ առաջադրումներն են գրանցվել: Մասնավորապես նա ասաց. «Ճնշումներն իրականացվեցին գաղտնալսման ձևով, փողերի լվացման մեղադրանքներով և համակիրների վրա գործեր սարքելով: Հիմա մյուս էտապն է: Երեք օրվա ընթացքում երկու ասուլիս եմ արել, բայց, օրինակ, Հանրային հեռուստաընկերությունով ոչ մի անգամ չի լուսաբանվել: Կամ՝ Հայրիկյանի դեմ մահափորձը: Հավասար պայման կլինի, եթե բոլորի նկատմամբ էլ իրականացվի մահափորձ: Մենք տեսնում ենք, մարզերից էլ ահազանգեր են գալիս, դպրոցից տանում են Սերժ Սարգսյանի հանդիպման, ասում են, թե եթե գաք հանդիպմանը, մյուս օրը կարող եք դասի չգալ: Կամ Արարատի մարզում մեկի տունը ջուր էր լցվել, զանգել են ջրմուղ, ասել են ոչ ոք չկա, քանի որ հանդիպման են գնացել: Հավասար պայմանը միայն ասելով չէ»:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2013/02/05/157953/