Մարտունու դիրքերում սպանված 6 զինծառայողների գործը ՀՀ վերաքննիչ դատարանում
09:57, February 11, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր2013 թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:15-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նշանակված է դատական նիստ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ:
2013 թ. հունվարի 8-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է տուժողներ Ռ. Հովհաննիսյանի, Ա. Սարգսյանի և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ա. Սաքունցի դիմումն ընդդեմ ՀՀ ՊՆ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Մ. Բուլղադարյանի 2012 թ. հուլիսի 28-ի քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու պահանջի մասին:
Գործի էությունը կայանում է նրանում, որ 2010 թ. հուլիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունի 2-րդ թիվ 56534 մարտական դիրքերում հրազենային մարտական վնասվածքով հայտնաբերվել են ավագ լեյտենանտ Վարդգես Արարատի Թադևոսյանի և ժամկետային զինծառայողներ Գարեգին Հովսեփյանի, Անդրանիկ Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Կարո Այվազյանի և Արտեմ Մանասյանի դիակները:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Հարուցված քրեական գործի վերաբերյալ շուրջ 2 տարի կատարվել է նախաքննություն:
2012 թ. հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Մ. Բուլղադարյանի կողմից կայացվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում՝ հաշվի առնելով Կարո Այվազյանի և Վարդգես Թադևոսյանի մահացած լինելու հանգամանքը:
Իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը որոշումը բողոքարկել է դատական կարգով: