Դիտորդներն ամփոփում են նախընտրական քարոզարշավի արդյունքները
11:22, February 15, 2013 | Նորություններ | Ընտրական իրավունք«Ընտրակաշառքի բաժանման մասին ահազանգերը ինտենսիվանում են»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և հավելեց. «Այս պահին Վանաձորի քաղաքացիներից ընտրակաշառքի բաժանման մասին ահազանգեր ենք ստանում: Սակայն ոստիկանության, դատախազության, ԱԱԾ մարմինների կողմից համարժեք գործողություններ չենք տեսնում ընտրակաշառքի բաժանման մասին ահազանգերի աճի ֆոնի վրա: Ժողովներ անընդհատ անում են»:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանն էլ տեղեկացրեց, որ գործում է 080 080 804 թեժ գիծը, որին հիմնականում քաղաքացիները զանգում են իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար: Այնուհետև մանրամասնեց. «Զանգերի մեծ մասը ճշգրտող են՝ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ: Ավելի քիչ են խախտումների մասին ահազանգերը: Ընտրակաշառքի մասին միայն մեկ զանգ ենք ստացել, որտեղ քաղաքացին ասում էր, որ ոչ ոք չի բերում կաշառք տա՝ ի՞նչ պիտի անի այդ պարագայում: Սա գալիս է նրանից, որ այս ընտրություններում ավելի շատ քաղաքական խնդիրների հետ գործ ունենք, քան ընտրական պրոցեսի: Քանի որ գործող իշխանությունները վստահ են, որ հաղթելու են, ապա բացարձակապես շահագրգռված չեն խախտումների գնալ: Ընդդիմադիր թեկնածուներն էլ, եթե ուզենան էլ, ռեսուրս չունեն այդքան խախտում անելու համար»:
«Ընտրական համակարգերի կենտրոն» ՀԿ-ի տնօրեն, դիտորդական առաքելության ղեկավար Վահրամ Բարսեղյանն էլ ընդհանուր առմամբ նախընտրական ժամանակահատվածը նորմալ գնահատեց ու հավելեց. «ԱԺ ընտրությունների հետ համեմատած, որակն ավելի բարձր է: Կոպիտ խախտումներ մենք չենք գրանցել, ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը քիչ են եղել: Մեր աչքը փակելու համար, թե իրոք, իշխանությունները փորձել են այդ ամենն ի սկզբանե կանխել: Մենք դիմում ենք ներկայացրել ՍԴ, ԱԺ, ԿԸՀ` ՀՀ Սահմանադրության հոդվածների միջև եղած հակասությունների վերաբերյալ: Հոդվածներից մեկի համաձայն՝ եթե կան անհաղթահարելի խոչընդոտներ թեկնածուներից որևէ մեկի համար, ընտրությունները կարող են հետաձգվել 2 շաբաթով: Բայց մյուս հոդվածի համաձայն՝ դիմումը պիտի ներկայացնի այն անձը, ում նկատմամբ անհաղթահարելի խոչընդոտներ են կատարվել: Ասենք՝ այդ մարդուն առևանգում են, կամ ինքը, ինչպես Հայրիկյանը, վերակենդանացման բաժանմունքում է, ով էր նրա փոխարեն դիմելու Սահմանադրական դատարան: Սրան պետք է իրավական մեկնաբանություն տրվի: Ճիշտ է ԵԽԽՎ դիտորդներն ասում էին, որ ընտրացուցակները կեղծ են, ուռճացված, սակայն չեմ կարծում, թե այդպիսի բան լինի, քանի որ մենք էլ ենք նայել, ընտրացուցակները նորմալ են»:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2013/02/15/197519/