Սաքունց. Սերժ Սարգսյանը էթնոկենտրոն վերաբերմունք ունի հավատին
12:04, February 17, 2013 | Նորություններ | Ընտրական իրավունքՄարդը չի ծնվում կրոնական պատկանելությամբ, իսկ Սերժ Սարգսյանը «ճակատագրի բերումով» ձեւակերպումն է տալիս կաթոլիկ, մահմեդական կրոնների հետեւորդներին, կարծես, առաքելական կրոնին հետեւելը ճակատագրի բերումով չէ՝ մեկնաբանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ Սերժ Սարգսյանի՝ «Անդին» ամսագրում հրապարակված հարցազրույցը:
Բացառիկ անվանված հարցազազրույցում երկրի նախագահը կարեւորում է հայերի՝ ազգային ինքնությունն ու նշում, որ կարեւոր չէ, հայ լինելով հանդերձ, կրոնական ինչ դավանանք ունի մարդը.
«Եթե մարդն իրեն համարում է հայ, դուք ի՞նչ իրավունք ունեք նրան դատելու և ազգակից չհամարելու միայն այն պատճառով, որ նա ճակատագրի բերումով ծնվել է օտար երկրում և դեռ չգիտի մայրենին:
Կամ՝ ճակատագրի բերումով ծնվել է կաթոլիկ ընտանիքում: Անձամբ ես Ռուսաստանի հարավում հանդիպել եմ հրաշալի մարդկանց, ովքեր իրենց հայ էին համարում և փայլուն խոսում հայերեն իրենց՝ համշենահայերի բարբառով, բայց այդ մարդիկ, ավելի ճիշտ նրանց նախնիները ժամանակին ճակատագրի բերումով մահմեդականություն էին ընդունել: Նրանք իմ ազգակից եղբայրներն ու քույրերն են, ինչպես բոլոր այն հայերը, ովքեր իրենց համարում են քրիստոնյա կամ աթեիստ:
Այստեղ պետք է մի կարևոր բացառություն անեմ: Կան կրոնական աղանդներ, որոնք ընդհանրապես չեն ընդունում ազգ հասկացությունը: Այդ մարդիկ հենց իրենք իրենց հայ չեն համարում: Եթե մարդն իրեն հայ չի համարում, ծնված լինելով հայ ծնողներից, իհարկե՝ ցավալի է: Այս դեպքում մենք պարտավոր ենք հարգել նրա իրավունքը իբրև քաղաքացու, ինչպես հարգում ենք Հայաստանում բնակվող այլազգիների իրավունքները: Բայց պիտի ուղիներ փնտրենք նրանց կամ գոնե նրանց զավակներին մայր ժողովրդի գիրկը վերադարձնելու»:
Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասում է՝ լավ կլիներ՝ Սերժ Սարգսյանն ասեր, թե ո՞ր «աղանդներն» են, որոնք ընդհանրապես չեն ընդունում ազգություն, եթե օրինակներ չի բերվում, ապա, թեեւ խոսում է այդ հավատացյալների իրավունքներից, սակայն հրարհում է ազգայնականներին կրոնական կազմակերպությունների դեմ:
«Այսուհանդերձ, կուզեի գոնե իր ասած խոսքին հավատարիմ լիներ և որպես երկրի ղեկավար երաշխիքը լիներ ոչ առաքելական կրոնական կազմակերպությունների իրավունքների, և նրանց, ովքեր իրենց հայ են համարում, և իրենց հայ չհամարողներին, ու վերացներ խտրականությունը բոլորի նկատմամբ: Սակայն իրականությունն այլ է»,-ասում է Իշխանյանը:
Արթուր Սաքունցը Սերժ Սարգսյանի դիրքորոշումը էթնոկենտրոն է անվանում, այսինքն՝ խնդրիների վերլուծության, գնահատման հիմքում էթնիկ պատկանելությունն է.
«Այստեղ քաղաքական կոնյուկտուրան է խոսում, քանի որ Սերժ Սարգսյանն, ըստ քաղաքական նպատակահարմարության, գնահատականներ է տալիս մարդկանց կրոնական պատկանելությանը, ինչն ակնհայտ աղճատում է թե՛ պատմական, թե՛ այսօրվա իրողությունները»,- ասում է նա:
Սաքունցը նախագահի մոտեցումը ազգայնական գաղափարախոսության ցայտուն դրսեւրոում է գնահատում, գաղափարախոսություն, որն ընկած է Սերժ Սարգսյանի ու իր ղեկավարած կուսակցության գործունեության հիմքում:
«Այս տեսակետից արդեն հասկանալի է դառնում, թե ինչու հատկապես իր օրոք ՀՀ կառավարությունը մեծ աջակցություն սկսեց ցույց տալ Հայ առաքելական եկեղեցուն, որն օրնեսդրորեն ու գործնականում ձեռք է բերել մոնոպոլ դիրք կրոնական կազմակերպությունների դաշտում: Որպես օրինակ կարող եմ բերել՝ Հայ առաքելական եկեղեցու ու պետության հարաբերությունները կարգավորող առանձին օրենքի ընդունումը, Հայ առաքելական եկեղեցուն հարկային արտոնություններ տրամադրելը»:
«Բայց միայն այդ միակողմանիությունը չէ բնորոշ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին,- բացատրում է Սաքունցը: – Այլ նաեւ խտրականության դրսեւորումները կրոնական մյուս կազմակերպությունների նկատմամբ, ինչպես օրինակ, կրոնական կազմակերպությունների նկատմամբ տեղեկատվական բնակագավառում բացասական իմիջի ձեւավորումը, նրանց որպես աղանդներ կամ քայքայիչ աղանդներ գնահատելը, ինչն անգամ ամրագրված է Ազգային անվտանգության ռազմավաության մեջ»:
ԱՄՆ պետդեպարտամենտի կրոնական ազատությունների մասին միջազգային զեկույցում Հայաստանի մասին ասված է.
«Բազմաթիվ լրատվամիջոցներ ցուցաբերել են կողմնակալ վերաբերմունք կրոնական փոքրամասնությունների նկատմամբ»:
Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում գրանցված է 65 կրոնական կազմակերպություն: Օրենսդրորեն՝ կազմակերպությունը կարող է գրանցվել միայն 200 եւ ավելի անդամ ունենալու դեպքում:
Աղբյուրը՝ http://kron.armhels.com/?p=267