Զորավարժությունների ժամանակ մարտական ականներ չեն օգտագործում. հայկական կողմը գիտե՞ր և թույլատրե՞լ է՝ օգտագործվեն ականներ
07:31, April 10, 2013 | Նորություններ | Երեխաների իրավունքներ, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՎահրամաբերդում՝ ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում տեղի ունեցած պայթյունից մահացած Վահրամաբերդի երկու անչափահաս երեխաներ՝ 10-ամյա Արթուր Մկրտչյանի և 15-ամյա Մուշեղ Գևորգյանի մահվան հանգամաներում պատասխանատու են թե՛ ռուսական, թե՛ հայկական կողմերը: ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները պայմանագիր են կնքել՝ գյուղի արոտավայրերը անհատույց, առանց որևէ վճարի տրամադրելու ռուսական կողմին:
«Տարածքների վարձակալության տրամադրումը ենթադրում է նաև որոշակի պայմանների ձևակերպում: Ի՞նչ պայմաններով են այդ տարածքները վարձակալության տրամադրում մեկ այլ պետությանը՝ ինչ-որ գործառույթ իրականացնելու համար: Անկախ նրանից, թե ինչ գործունեություն պետք է իրականացվի, ՀՀ-ը մի քանի պահանջներ պետք է դնի՝ այդ թվում անվտանգության որոշակի կանոնների պահպանման համար, հատկապես տվյալ դեպքում, քանի որ խոսքը վերաբերում է ռազմական զորախմբավորման կողմից այդ տարածքների օգտագործմանը: Անխուսափելի է, որ պետք է որոշակի պայմաններ լինեն՝ կապված անվտանգության հետ: Ես ծանոթ եմ պայմանագրին, որտեղ տրամադրվում է այդ տարածքի վարձակալումը և այլն, բայց կոնկրետ այդ պայմանագրից բխող պահանջները հայտնի չեն»,- ասաց Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանի խոսքերով՝ եթե այդ տարածքը հանդիսանում է զորավարժությունների իրականացման, կատարման տեղ, դա նշանակում է նաև՝ այդ զորավարժությունների անցկացման ցանկացած մանրուք իրենք իրազեկելու են ՀՀ իշխանություններին:
«Բացի իրազեկումից, անվտանգության նկատառումներից ելնելով՝ միջոցառումներ պետք է կատարվեն, որպեսզի տարածքը մաքրվի: Եթե նույնիսկ այդ տարածքով տանկերը գնացին, թեկուզ հողերի որակի հետ կապված՝ պիտի վերականգնողական աշխատանքներ տանեն, իսկ եթե զենք-զինամթերք են օգտագործում, այդ հետքերը պետք է վերացնեն, իրենց հետևից մաքրեն: Հետաքրքիրն այն է, թե ոնց է եղել, որ մարտական ականներ են օգտագործվել, քանի որ զորավարժությունների ժամանակ մարտական ականների օգտագործում չի ենթադրվում: Հիմնական խնդիրը սա է՝ ո՞նց է եղել, որ նման ականներ են օգտագործել և ի՞նչ հիմնավորմամբ»:
Արթուր Սաքունցի համոզմամբ՝ զորավարժության ամբողջ նպատակի մասին պետք է համապատասխան երկրին տեղյակ պահեն: Տվյալ դեպքում ՀՀ իշխանություններին ռուսական կողմը պետք է իրազեկեր, որ նման ականներ է օգտագործելու զորավարժության համար ու բացատրեր՝ ինչու: «Եթե տեղյակ են պահել, ապա մեր իշխանությունները ի՞նչ են անում: Այս հարցերի պատասխանները ՀՀ իշխանությունները պետք է տան: Ռուսական կողմը պատասխանատու է այնքանով, թե արդյոք իր հայտարարած գործողությունները համապատասխանել են իրականացվածին՝ հաշվետվության մասով, իսկ հայկական կողմը պատասխանատու է, թե ինչքանով է պատշաճ հսկողություն իրականացրել՝ ռուսական կողմի իրականացրած գործողությունները արդյո՞ք համապատասխանում են հաշվետվությամբ ներկայացվածին: Այս մեխանիզմն է ընկած ցանկացած երկրում և ցանկացած տեղ, երբ որ կա այլ
երկրի ռազմական բազա, ինքը որոշակի պայմանների, փոխադարձ պարտավորությունների շրջանակ է ենթադրում: Մի խնդիր կա նաև. այդ երեխաները մահացել են, ո՞վ է այդ փոխհատուցման խնդիրը լուծում… ՀՀ իշխանությունները ուղղակի պատասխանատվություն ունեն ՀՀ քաղաքացիների առջև թեկուզ և այն բանի համար, որ հողատարածքը հանձնել են ռուսական կողմին օգտագործման համար»: