Արթուր Սաքունցի երեք առաջարկները
12:45, April 15, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԴեռ կարճ ժամանակ առաջ ՊՆ- հասարակական կազմակերպություններ բավականին լարված, անգամ թշնամական վերաբերմունք կար: Այսօր խորհրդարանում «Բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդում» թեմայով լսումների ժամանակ Aravot.am-ը Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից հետաքրքրվեց` այդ հարաբերություններն արդեն ետեւո՞ւմ են: «Ինքնին այն, որ պաշտպանության նախարարը հրապարակայնորեն հայտարարում է, որ «բանակը հասարակության հայելին է» արտահայտությունն անթույլատրելի է, դա արդեն մեծ առաջընթաց է: Որովհետեւ, եթե հիշում եք, ասվում էր, որ զինվորները նախկին քաղաքացիներ են`իրենց ընտանիքի խնդիրներով: Հիմա, այդ թեզից հրաժարվում են. Դա շատ կարեւոր արձանագրում է»,- ասաց Արթուր Սաքունցը:
Նա գտնում է, որ խորհրդարանական լսումների` նման ֆունդամենտալ համալիրը, առաջին քայլ է, որին պետք է հետեւի քննարկման արդյունքների հիման վրա բացահայտված խնդիրների լուծում: «Սա առաջին քայլն է, այն էլ բավական ուշացումով, ինչն արժեցել է մարդկային զոհեր, խեղված ճակատագրեր: Ի՞նչ է նշանակում`ազատամարտիկը նամակ է գրում եւ ասում, որ մորս վիրահատության համար գումար են ուզում: Այսինքն, սոցիալական ապահովության, իրավական պաշտպանվածության բավականին լուրջ խնդիրներ կան եւ մենք ակնկալում ենք գործուն քայլեր»,- ասաց մեր զրուցակիցը:
Ի դեպ, քննարկման ժամանակ արդեն Սաքունցի մոտ որոշ մտահոգություններ են առաջացել`կապված մոնիթորինգային վերահսկող խմբերի նկատմամբ վերապահումների. «Մենք հո չե՞նք գնում օպերատիվ պլանները ստուգենք`զորքերի եւ սպառազինության օգտագործման առումով: Մարդու արժանապատվության նկատմամբ հարգալից կամ ոչ հարգալից վերաբերմունքը. դա է մեր թեման եւ դրանք գաղտնիք չեն կարող համարվել ոչ մի պարագայում»:
Ինչ մնում է գործուն քայլերին, որոնք քննարկումների արդյունքում ակնկալում է իրավապաշտպանը, հետեւյալն են. «Պետական գնումները`սննդամթերք, դեղորայք, այսինքն, ոչ ռազմական սպառազինության հետ առնչվող գնումները, տենդերները: Ապա`պառլամենտական վերահսկողությունը, որպես այդպիսին գոյություն չունի: Որոշ երկրներում հենց պառլամենտն է հավանություն տալիս, թե որ զինատեսակը որ ֆիրմայից պետք է գնել: Երրորդը`ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրումն է: Գիտեմ, որ գերատեսչություններում այդ ուղղությամբ քննարկումները գնում են: Չորրորդը`քաղաքացի-զինված ուժեր հարաբերությունները կարգավորող բոլոր իրավական նորմերը պետք է օրենքի ուժ ունենան»: Սաքունցն այս համատեքստում բերում է պաշտպանության նախարարի 175 հայտնի հրամանը, որը զինակոչիկի պիտանելիության հարցն է որոշում, նախարարի հրամանի կարգավիճակ ունի, մինչդեռ, պետք է նման բաներն օրենքով սահմանել:
Սաքունցը գտնում է, որ նման երկխոսությունը պետք է մշտապես լինի, եւ խնդիրները բարձրացվեն, եւ դրանց պատասխանները տրվեն:
«Նման քննարկում առաջին անգամն է տեղի ունենում եւ սա արդեն ողջունելի է: Մանավանդ, եթե նկատի առնենք մասնակիցների ներկայացուցչական կազմը`պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն`առաջին դեմքով, միջազգային կառույցների մեր գործընկերները եւ տեղական հասարակական կառույցների ամենաընդդիմադիր ներկայացուցիչները: Կարծում եմ այս կարգի քննարկումները շատ բան կփոխեն եւ ավելի դրական հունի մեջ կդնեն բանակ-հասարակություն կապը»,- իր կարծիքը Aravot.am-ին փոխանցեց ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2013/04/15/231135/