Մեր գրություններին սկսել են արձագանքել, բայց փոփոխությունները համակարգային չեն. Արթուր Սաքունց
20:21, April 15, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԱյսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում հրավիրվել էին լսումներ` «Բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդում. ինստիտուցիոնալ տեսանկյունն ու բարեփոխումների առաջնահերթությունները» թեմայով, որին մասնակցում էին պատգամավորներ, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպաներ, իրավապաշտպաններ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Խորհրդարանում պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը վստահեցրեց, թե իրենք աշխատում են թափանցիկ. «Մենք ժողովրդից թաքցնելու բան չունենք, որ ուզենք էլ, չենք կարող: Բանակը հասարակությանը տեղեկացված պահելու և բաց գործունեություն ծավալելու պարտավորություն է վերցրել իր վրա: ՀՀ զինված ուժերում չկան մարդիկ, ովքեր ուզում են ինչ-որ մեկին ինչ-որ բան սովորեցնել: Թող տպավորություն չստեղծվի, թե անում ենք այն, ինչ ցանկանում ենք, մենք կատարում ենք մեր պարտականությունները: Բանակ-հասարակության կապի ամրապնդումը միշտ էլ առաջնահերթություն է համարվել, ինչի վկայությունն են մի շարք կարևորագույն փաստաթղթեր, որոնք մշակվել են հասարակության լայն շերտերի մասնակցությամբ»:
Անդրադառնալով կոռուպցիոն խնդիրներին` Սեյրան Օհանյանը պնդեց, թե բանակում կոռուպցիայի դեմ լրջորեն պայքարում են և արվում է ամեն ինչ, որպեսզի գումարով հարցեր չլուծվեն. «Կատարվել են մի շարք կադրային փոփոխություններ, բացառվել են կոռուպցիոն ռիսկերը՝ սպաներին վերապատրաստման ուղարկելու առումով, իսկ ժամկետային զինծառայողների մասով փորձում ենք ամեն ինչ անել, որ գումարով ոչինչ չարվի: Ասում են, թե երբեմն առողջական խնդիրներ ունեցող զինծառայողները ծառայում են առանց սահմանափակումների:Նման բան չկա: Եթե կա նման տեղեկատվություն, կարող եք ահազանգել մեզ և բոլոր հարցերին ընթացք կտրվի»:
Բացի Սեյրան Օհանյանից՝ ելույթներով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրիդի նախագահ Գեղամ Հարությունյանը, ԵԿՄ փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և այլոք: Մինչ այդ, սակայն, ԱԺ նախկին պատգամավոր և մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը բարձրացրեց վերահսկողական և մոնիտորինգային խումբ ստեղծելու հարց, որին ի պատասխան պաշտպանության նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, թե ՊՆ-ին կից հասարակական խորհուրդն ու «Զինվոր» հասարակական կազմակերպությունն ըստ էության նման առաքելություն են իրականացնում, այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում դեմ չի լինի հասարակական մեկ այլ կառույցի ստեղծմանը` պայմանով, որ բաց հարցերը հրապարակային լինեն, «փակ»-երի դեպքում պահպանվի գաղտնիության սկզբունքը:
Խորհրդարանական լսումներից հետո HayNews.am-ի հետ զրույցում Լարիսա Ալավերդյանը հիմնավորեց դիտորդական խմբի ստեղծման անհրաժեշտությունը.«Սա, նախևառաջ, օրենքի պահանջ է: Զինված ուժերի մասին օրենքում կա համապատասխան կետ: Քրեակատարողական հիմնարկներում և նախնական կալանքի վայրերում դարձյալ օրենքի սահմաններում նման խումբ իրականացնում է մոնիտորինգային և վերահսկողական գործառույթ: Դիտորդական խումբն ունենալու է հստակ պարտականություններ, ոչ միայն համապատասխան մարմնին զեկույցներ ներկայացնելու, այլև դրանից հետո հասարակությանը հաշվետու լինելու, ինչը առկա չէ գործող հասարակական խորհուրդների պարագայում: Բացի այս` դիտորդական խմբի անդամները կարող են ցանկացած ժամանակ` առանց զգուշացման մտնել ցանկացած զորամաս, մինչդեռ խորհրդի անդամները նախապես զգուշացնում են իրենց այցի մասին: Տարբերություններ կան: Միաժամանակ, պետք է ասեմ, որ արդեն այս հասարակական խորհուրդների առկայության առումով առաջինն ենք տարածաշրջանում և առաջատար: Մոտ երկու տարի առաջ հարցը բարձրացվել է և ՊՆ-ի պաշտոնյաներից կողմ են եղել: Նախարարն էլ այսօր դեմ չէր»:
HayNews.am-ն այս համատեքստում զրուցեց նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ, ով բանակին առնչվող բաց և «փակ» հարցերի հետ կապված երբեմն դժգոհություններ էր հայտնում։
«Առաջարկություն եղավ քննարկելու, գուցե մեր ընկալումները գաղտնի և ոչ գաղտնի հարցերի սահմանումների հետ կապված համընկնեն, գուցե` ոչ»,– ասաց իրավապաշտպանը:
Պատեհ առիթն օգտագործելով՝ փորձեցինք ճշտել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարի կարծիքը` Սեյրան Օհանյանի հայտարարության հետ կապված, ըստ որի` բացառվում է առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների ծառայությունն առանց սահմանափակումների և, առհասարակ, գերատեսչության վերջին երկու տարվա գործունեության վերաբերյալ:
«Համաձայն չեմ, որ նման բան չկա: Այդպիսի դեպքերի ահազանգեր ստացել եմ: Ավելին` ոչ շարային ծառայությանը պիտանիների թիվը մտահոգիչ է և նրանց շարայինի մեջ ընդգրկում են երբեմն: Ինչ վերաբերում է գերատեսչության ընդհանուր գործունեությանն, ապա վերջին շրջանում մեր գրությունները պատասխանվում են, ահազանգի հետքերով գնում են, բայց կոռուպցիայի հետ կապված, զինվորական հանցագործությունների նախաքննության և դատաքննության հետ կապված լուրջ խնդիրներ կան»,– ասաց նա։
Քանի որ առջևում կառավարության նոր կազմի ձևավորման գործընթացն է և այս ֆոնին Սեյրան Օհանյանին մեկ այլ անձով փոխարինելու հարցեր և տարբերակներ են շրջանառվում, զրուցակիցներիս տրամադրությունները փորձեցի ճշտել` Սեյրան Օհանյանը պետք է շարունակի պաշտոնավարել, թե՞ ոչ:
«Ինձ համար կարևոր չէ, թե ով կլինի նախարարը, այլ, որ տեղի ունենան համակարգային փոփոխություններ և պաշտպանության նախարարությունը գործի միջազգային պահանջներին համապատասխան` մարդու իրավունքների տեսանկյունից: Դեռ բավարար չէ, ինչ արվում է, որովհետև անհատական է, առանձին, հատվածական և ոչ համակարգային կամ արմատական»,- նկատեց Արթուր Սաքունցը:
Լարիսա Ալավերդյանը համաձայնեց ասվածի հետ` ընդգծելով. «Սեյրան Օհանյանի գլխավոր թերացումը կադրային քաղաքականությունն է և, առաջին հերթին, ինքը պետք է իր կազմից որոշ մարդկանց փոխարինող գտնի` լինի դա վարչական ապարատում, գլխավոր շտաբում, թե հեռավոր զորամասում: Կան սպաներ, որոնք չպետք է լինեն բանակում»:
Աղբյուրը՝ http://www.haynews.am/hy/1366036425