«Որդուս սպանողներին հովանավորում է երկրի նախագահը, էս ստին ու կեղծիքին էլ ինչպե՞ս սիրտս դիմանա»
21:02, April 18, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԷրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում ջրծաղիկից մահացած զինվոր Հայկ Խաչատրյանի գործի քննության ժամանակ հանկարծակի վատացել է մահացած զինվորի հոր՝ Մովսես Խաչատրյանի ինքնազգացողությունը, եւ ստիպված են եղել դատն ընդմիջել ու բժիշկ հրավիրել դատարան: Մովսես Խաչատրյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմեց, որ իր սիրտը վատացել է, երբ հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանին միջադեպի հետ կապված հարցեր են տվել:
«Էնքան կեղծիք լսեցի դատարանում, որ էլ սիրտս չդիմացավ ու վատացա: Ինձ ձայնի իրավունքից զրկեցին դատարանում, ինձ դատավորը նկատողություն արեց, որ էլ չխոսեմ, բայց էլ չդիմացա էդքան ստին ու կեղծիքին ու վատացա, ստիպված եղան շտապօգնություն կանչել»:
Հիշեցնենք, որ Հայկ Խաչատրյանը մահացել է 2011 թ-ի դեկտեմբերի 30-ին ջրծաղիկ հիվանդությունից: Նշենք, որ զինվորը մահացել է ջրծաղիկի ռիացեռալ՝ չարորակ ձևից`արյունահոսության ախտանիշներով:
Հայկ Խաչատրյանի մահվան փաստի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել Մինաս Մկրտչյանին և Միքայել Միքայելյանին: Մինաս Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ՊՆ 14203 զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ՝ չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ:
Իսկ Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ՊՆ 14203 զորամասի հրամանատար, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, կոչումով գնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ՝ վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:
Մովսես Խաչատրյանի խոսքերով, փորձում են գործը քողարկել ու կոծկել եւ տղայի մահանալու փաստը բացատրել պատահականությամբ կամ առողջության կտրուկ փոփոխությամբ: Իսկ մարդասպանները գործում են վճռական, որովհետեւ հովանավորում են նրանց իշխանությունները:
«Հիմա բացահայտ այնպիսի բաներ են ասում, որ անգամ իրենք իրենց կհերքեն, ինչ-որ չեն արել՝ ասում են, ներկայացնում են, որ արել են, կեղծիքի, ստի եւ անօրինականության երկիր է, վերեւից հովանավորություն ունեն երկրի նախագահի կողմից, էլ իրենց ի՞նչ կա: Ուզում են ինձ ասել, ի՞նչ կա՝ ինքն իր համար վատացել է, մենք էլ սաղ գործողությունները կատարել ենք, բայց ինքը մահացել է, էլ մեզ համար ի՞նչ կա: Բայց իմ որդու պահը այլ է, ես ներկա եմ եղել եւ ամեն ինչ տեսել եմ, իրանք ազատ չեն կարող իրենց սուտն ասել: Սա այն դեպքերից չէ, որ մարդ են տալիս սպանում, հանցագործություն են կատարում, իսկ ծնողին այլ բան են ասում, թե ինքնասպանություն է կատարել: Բայց այս դեպքն ուրիշ է, ես սկզբից մինչեւ վերջ այդտեղ եմ եղել, ներկա եմ եղել, կանգնած եմ եղել հիվանադանոցում եւ տեղյակ եմ: Էլ իմ սիրտը այսքանից հետո ինչպե՞ս չվատանա»,-ասաց զինվորի հայրը:
Մովսես Խաչատրյանը դժգոհեց նաեւ, որ ամբաստանյալ Մինաս Մկրտչյանի նկատմամբ հարուցված քրեական հոդվածի փոփոխություն է եղել, ինչը ենթադրում է, որ ամբաստանյալի նկատմամբ, շատ հնարավոր է, գույքային պատիժ սահմանեն: «Ես չեմ զարմանա, այո՛, որ նրան տուգանք տան ու վերջ: Դուք հիմա պատկերացնու՞մ եք՝ մարդ են սպանել ու ասում են՝ մի քիչ է մեղավոր էլի, մարդու կյանքից վեր արժե՞ք գոյություն ունի: Բայց ամեն ինչ հնարավոր է, կրկնում եմ, ինչ ուզեն՝ կանեն, անօրեն երկիր է: Մարդիկ հիմա ավելի շատ ժամանակի վրա են աշխատում, մտածում են՝ մարդ է էլի, կարող է ես էլ մեռնեմ ու գործը այլ կերպ վերջանա»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԳԱԼԱ-ին նաեւ տուժող կողմի փաստաբան Մուշեղ Շուշանյանն էր փոխանցել իր դժգոհությունն ու մտահոգությունը առ այն, որ նյարդաբանական բաժանմունքի պետ Մինաս Մկրտչյանի նկատմամբ նախնական շրջանում առաջադրված քրեական հոդվածը փոփոխության է ենթարկվել:
Նրա արարքի վերաորակավորում է տեղի ունեցել՝ 376 հոդվածի 1-ին մասով, որը ուղղակի անփույթ վերաբերմունք է ծառայության նկատմամբ, որը պատճառել է էական վնաս: Իսկ սրա տակ առաջին հերթին հասկացվում է գույքային վնաս:
Աղբյուրը՝ http://www.galatv.am/news/view/hayk-khachatryan1504.html