Ինչ պատվիրել էին, այն էլ ասել է. Օմբուդսմենի «կասկածելի նշումների» մասին
07:03, May 9, 2013 | Նորություններ | Ընտրական իրավունքՄարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի 2013 թվականի մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հայտարարությունը խիստ մակերեսային է: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանը համամիտ չէ ՄԻ պաշտպանի այն մտքի հետ, թե ընտրությունները մրցակցային էին:
«Չկա նման բան, չէր կարող լինել: Այս պահին չի կարող լինել որևէ քաղաքական ուժ, որը կարողանար մրցակցության մեջ մտնել ՀՀԿ-ի վարչական ու ֆինանսական ռեսուրսների հետ: Խնդիրն այսօր գաղափարի մասին չէ, խնդիրը ռեսուրսների հավասարության մասին է: Այդ կուսակցության ռեսուրսների մեջ ընդգրկվում են ոչ միայն անունով կուսակցական ռեսուրսները՝ տարածքներ, անդամներ, այլ նաև հենց իշխանական կառույցներում ընդգրկված մարդկային ռեսուրսները, և իրապես՝ այս պարագայում տարանջատել պետականն ու կուսակցականը խիստ խնդրահարույց է», – նշել է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ մեկ տարվա ընթացքում այս՝ երրորդ ընտրություններով փաստում ենք, որ գոյություն ունի մեկ կուսակցական համակարգ:
«Պատճառները տնտեսության մոնոպոլիզացիան, օլիգարխիզացիան են, անգամ մարդիկ իրենց կենսական միջոցների հայթայթման տեսակետից են արդեն ի սկզբանե կախվածության մեջ գտնվում գործատուներից, սրանք էլ իրենց հերթին՝ քաղաքական ղեկավարությունից: Այդ կախվածությունն իր տրամաբանությամբ դրսևորվում է ընտրությունների ժամանակ, ու իմիտացիոն մրցակցությունը ընդամենը կոսմետիկ շպարն է», – նշել է մեր զրուցակիցը:
Արթուր Սաքունցն ընդգծել է, որ ՄԻ պաշտպանի՝ առանձին կասկածների ու ահազանգերի մասին նշումները չեն համապատասխանում իրականությանը, որովհետև եթե պաշտպանի աշխատակազմն իրապես դիտարկած լիներ ընտրատեղամասերի հարակից տարածքները, թաղային հեղինակությունների ինստիտուտը, գումարած այն հիմնարկությունների աշխատակազմը՝ ընդհուպ մինչև տնօրեն, որտեղ տեղավորված են տեղամասային հանձնաժողովները, ապա չի կարելի չտեսնել, որ այս ռեսուրսները զբաղված էին ոչ միայն ընտրողների ուղղորդված տեղափոխմամբ, այլ նաև հանդիսանում էին ճնշման ինստիտուտ՝ հենց ընտրողների կամքի վրա:
«Մարդիկ վախենում էին չգալ. այսինքն, եթե չգաս՝ ուրեմն մեզ դեմ ես: Ակնհայտ է, որ ընտրողների պասիվ մասնակցության տենդենցի պարագայում ապահովեցին իրենց թվերը: Իսկ մենք բազմիցս պահանջել ենք հրապարակայնացնել ստորագրված ցուցակները, որով կարող էինք չափել ու ստուգել ընտրողների մասնակցության քանակը ու ինչից մեզ զրկել են: Այս և նման հարցերի ուշադրություն չդարձնելը ՄԻ պաշտպանի կողմից պայմանավորված է կամ տեսնելու ու չնկատելու հանգամանքով, կամ չխորանալու, կամ խորանալու ունակության բացակայությամբ, կամ էլ իրապես ձևական մոտեցմամբ, իսկ ձևական մոտեցումը արդեն քաղաքական տրամաբանության շրջանակներում է», – ասել է իրավապաշտպանը:
Վերջինս խոսել է նաև լայնածավալ բնույթ ստացած ընտրակաշառքների բաժանման մասին՝ ընդ որում ոչ միայն ՀՀԿ-ի, այլև՝ ԲՀԿ-ի հետ կապված:
Որպես ևս մեկ կարևոր հանգամանք, որի վրա ուշադրություն չի դարձրել Կարեն Անդրեասյանը, ըստ Սաքունցի, ոստիկանության անգործությունն էր:
«Ոստիկանությունը բացարձակապես, սեփական նախաձեռնությամբ որևէ ընտրական խախտում չի արձանագրել կամ բացահայտել: Նման տեղեկությունների տարափի պարագայում օպերատիվ աշխատանքների արդյունքները մենք պետք է տեսնեինք՝ առնվազն իրենց նախաձեռնությամբ՝ որոշ հանցագործությունների բացահայտմամբ: Մենք չտեսանք նման բան, ոստիկանությունն ասում էր՝ այսքան արձագանք ենք ստացել, տեղդ նստած ահազանգը ստանում ես: Ահազանգի ակտուալությունը՝ այդ պահին փող բաժանելը կամ կեղծիք կատարելը տեղի է ունենում տվյալ պահին, իսկ դրան ե՞րբ են անդրադառնում, երբ քվեարկության պրոցեսն արդեն ավարտվել է: Նման ուշացած ահազանգերը նույնպես խոսում են անգործության մասին, մյուս կողմից ոստիկանությունը լավ գիտի բոլոր թաղամասերի ու հարակից բնակավայրերի ապրողների ով լինելը, շնչելը, շարժվելը, որոնց հետ լավ էլ աշխատում են, ունեն իրենց ագենտուրան, իսկ այդ ագենտուրան էլ զրո է, քանի որ մենք չենք տեսնում ոստիկանության ակտիվ, աշխույժ աշխատանքը: Կողքի սենյակում նստած են, խոսում են թաղային հեղինակությունների հետ, ու այդ մարդիկ բերվում են հենց իրենց աչքի առաջ», – ասել է մեր զրուցակիցը:
Կարեն Անդրեասյանի հայտարարությունը խիստ քննադատության է արժանացրել նաև Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Միքայել Դանիելյանը:
«Օմբուդսմենն ասաց այն, ինչն իրեն արդեն ասված էր, ինչը պետք է ասվեր, այն, ինչը իրեն պատվիրել էին ասել, ինքն էլ ասել է: Միգուցե նրան չեն ասել՝ «հենց այսպես ասա», բայց ինքը շատ լավ գիտեր՝ ինչ ասել, ու այդպես էլ ասել է», – հայտարարել է Դանիելյանը:
Նրա խոսքով՝ այն, որ զեկույցում նշված է, թե դիտորդական կազմակերպությունները աննախադեպ ակտիվությամբ են հետևել ընտրություններին, չեն համապատասխանում իրականությանը:
«Իմ կարծիքով՝ դիտորդական առաքելությունն իրականացրել են մոտ երկու հին կազմակերպություններ. նկատի ունեմ նրանց, որոնք միշտ իրականացնում են այդ առաքելությունը՝ «Թրանսփարենսի ինտեռնեյշնլ» և մեր՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը: Մնացածները ինչ-որ Հ/Կ-ներ էին, կազմակերպություններ, որոնք ստեղծվել էին կուսակցություններին կից, և «մեկ օրվա կյանք» ունեցող կազմակերպություններ էին՝ «Էրեբունի», «Հարմոնիա»», – նշել է իրավապաշտպանը:
Նա նաև զարմանք է հայտնել, որ Հայաստանում միշտ ակտիվ դիտորդական կազմակերպություններից մեկը՝ «Ընտրությունը քոնն է» Հ/Կ-ի դիտորդներին որևէ ընտրատեղամասում չի հանդիպել, նրանք չեն մասնակցել ընտրությունների դիտարկմանը:
Դանիելյանն ընդգծել է, որ ինքն անձամբ է դիտորդներից հետաքրքրվել՝ ո՞ր կազմակերպությունից են, ինչին ի պատասխան՝ նրանք ինչ-որ անհասկանալի ու անճանաչելի կազմակերպությունների անուններ են տվել. «Ընտրատեղամասերում շատ մեծ քանակություն էին ներկայացնում իբր թե «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողները: Մի երիտասարդ ինձ հետ զրույցում նշեց, որ դա ընդամենը մեկ օրվա աշխատանքի հրավեր է ու լրագրողություն անելու են միայն մեկ օր՝ ընտրությունների օրը»:
Իրավապաշտպանը մեջբերել է ՄԻ պաշտպանի զեկույցի այն հատվածը, որտեղ օմբուդսմենը նշել է, թե ընտրությունների գործընթացի ընդհանուր դրական պատկերի վրա բացասական ազդեցություն են ունեցել մի քանի թաղամասերում կասկածելի գործողություններ կատարող տեղաբնակ տղամարդկանց անթույլատրելի ակտիվությունը:
«Օմբուդսմենը նշել է, թե դրանք եղել են մի քանի թաղամասերում: Ես կասեմ՝ ոչ, դրանք կային այն բոլոր տեղամասերում, որտեղ ես եղել եմ: Ի դեպ, նշեմ, որ մեր կազմակերպությունն այդ օրը հասցրել է լինել մոտ 50 տեղամասերում: Դրանք շատ մեծ ազդեցություն ունեին. այդ տեսական հանգստությունը հենց իրենց ներկայությունով էր ձևավորված ու այդ ներկայությունը պարտադրում էր բոլորին հանգիստ լինել», – ասել է իրավապաշտպանը:
Դանիելյանի խոսքով՝ միանշանակ է, որ վերջին ընտրությունները զզվեցրել են «մտածող» ընտրողներին:
«Ժողովրդի՝ տվյալ պարագայում Երևանի մտածող խավը հոգնել է նման սցենարով անցկացված ընտրություններից, ու ես այդքան բարի աչքերով չեմ կարող նայել օմբուդսմենի ասած խոսքերին», -նշել է մեր զրուցակիցը:
Նրա հավաստմամբ՝ կոնկրետ մի տեղամասում իրենց հայտնել են, որ ճնշում է գործադրվել դիտորդական առաքելությունն իրականացնողների վրա:
««Թրանսփարենսի ինտեռնեյշնլ»-ի աշխատողները մեզ տեղեկացրել են ճնշումների մասին, սակայն պաշտպանի զեկույցում այդ մասին խոսք չկա», – հավելել է Դանիելյանը:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը մեզ հետ զրույցում նշել է, որ տեղյակ չէ ու ցանկություն չունի տեղականելու՝ ինչով է զբաղվում ՄԻՊ գրասենյակը: Բարսեղյանը նշել է, որ լավագույն դեպքում կարդում է գրասենյակի հայտարարությունների վերնագրերը, այն էլ՝ եթե պատահաբար դրանք հանդիպում են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:
«Սա է իմ պատասխանը, ուրիշ բան չեմ կարող ասել՝ հետաքրքրված չեմ, չեմ ուսումնասիրում, չեմ կարդում, չեմ ուզում կարդալ, չեմ էլ կարդալու ՄԻՊ հաստատության որևէ աշխատանքի մասին», – ասել է Բարսեղյանը:
Բարսեղյանը նաև հիմնավորել է իր՝ նման մոտեցման պատճառը՝ ընդգծելով, որ կարդալու ավելի հետաքրքիր և ուշագրավ բաներ կան:
«Անկեղծ ասած՝ առաղջականս չի հերիքում: Եթե բանտ նստած լինեի ու թերթի մեջ միայն դա լիներ՝ միգուցե կարդայի», – եզրափակել է «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը:
Աղբյուրը՝ http://www.epress.am/2013/05/08/Ինչ-պատվիրել-էին-այն-էլ-ասել-է-իրավապա.html