«Ատելության մշակույթ. մեկ տարի անց». Պետության մոնոպոլ կառուցվածքը պարարտ հող է ստեղծում խտրականության համար
12:17, May 9, 2013 | ՆորություններՈւղիղ մեկ տարի առաջ՝ 2012 թ-ի մայիսի 8-ին, 3 երիտասարդներ պայթեցրին DIY ակումբը, որին հաջորդեցին պետական անձանց գնահատականները՝ ուղղված այս հանցագործությունն արդարացնելուն: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, նշվել է «Ատելության մշակույթ. մեկ տարի անց» կլոր-սեղան քննարկման ժամանակ:
Հանդիպման սկզբում ակտիվիստ Լալա Ասլիկյանը ներկայացրել է DIY ակումբի պայթեցման դեպքը, դրան նախորդած եւ հաջորդած դեպքերի ժամանակագրությունը:
«DIY ակումբը սկսել էր իր գործունեությունը 2011թ. ապրիլից: 2011թ. հունիսից այն հաճախակի ճնշումների եւ հարձակումների է ենթարկվել երիտասարդ ֆաշիստական խմբավորումների կողմից: Հարձակումները մշտապես ուղեկցվել են ակումբի գույքը եւ ակումբում եղած իրերը փչացնելու եւ ոչնչացնելու` շշեր ջարդելու, ապակիներ կոտրելու, ակումբի տարածքում թքելու եւ նմանատիպ այլ գործողություններով: 2012 թ-ի մայիսի 8-ին, առավոտյան 5:00-ի սահմաններում 3 երիտասարդներ պայթեցրին DIY ակումբը: Մի քանի օր անց ծայրահեղականները փչացրեցին ակումբի պատերը ֆաշիստական գրաֆիտի պատկերներով: Չնայած երկու երիտասարդ ձերբակալվեցին որպես կասկածյալներ, սակայն խափանման միջոց գրավի դիմաց նրանք ազատ արձակվեցին»,-ասել է նա:
Իրավաբան Լուսինե Ղազարյանը ներկայացրել է դեպքի իրավական գործընթացը՝ շեշտը դնելով ՀՀ-ում ատելության հիմքով կատարվող հանցագործությունների վրա եւ որակելով DIY ակումբի պայթեցումը որպես ատելության հիմքով կատարված հանցագործություն, քանի որ արարքն ուղղված է եղել ոչ միայն ոչնչացնելու անձի գույքը, այլեւ նպատակ է ունեցել ահաբեկելու ակումբի տնօրենին եւ նրան աջակցող անձանց անվտանգությանը: Դեպքի առնչությամբ քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասով՝ այն է ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելը կամ ոչնչացնելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել, ինչն ամբողջովին չի որակում արարքը, քանի որ այն կատարվել է ատելության հիմքով: Այնուհետ հավելել է, որ այս գործը մեծ ռազմավարական մեծ նշանակություն ունի, քանի որ կարող է զգալի դրական փոփոխություններ ունենալ ներպետական օրենսդրությունում:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ նշել է, որ «Պետության մոնոպոլ կառուցվածքը պարարտ հող է ստեղծում խտրականության դրսեւորումների ի հայտ գալու համար: Ընդ որում խտրականության ենթարկվում են թե՛ կրոնական կազմակերպությունները, թե՛ ԼԳԲՏ անձիք, թե՛ ազգային փոքրամասնություները եւ այլազգի քաղաքացիները, թե՛ կանայք, թե՛ առհասարակ այն մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ տարբերվում են իշխող մեծամասնությունից: Այս ամենի լուծումը սակայն մեկն է. ՀՀ Սահմանադրության հոդված 1-ն է՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:
Կլոր-սեղանի մասնակից Epress.am կայքի խմբագիր Յուրա Մանվելյանը իր խոսքում նշել է. «Հայաստանում լրատվական միջոցները ստեղծել են, այսպես ասած, ազգային թշնամու կերպար, որն է թուրքամետ, Եհովայի վկա, նույնասեռական, ֆեմինիստ ակտիվիստը: Իշխանությունն ունի միայն տնտեսական շահեր: Այստեղ ոչ թե փոքրամասնության հարցն է, այլ մշակութային կողմնորոշման հարցը, որն իրապես ազդում է տնտեսության վրա»:
Աղբյուրը՝ http://news.am/arm/news/152713.html