«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության նախնական եզրակացությունը Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ
10:32, May 11, 2013 | Հայտարարություններ | Ընտրական իրավունք2013թ. մայիսի 5-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիտարկել է Երևանի ավագանու ընտրությունները 7-րդ, 8-րդ, 12-րդ և 13-րդ ընտրատարածքների թվով 113 ընտրատեղամասերում` Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի, Շենգավիթ, Նուբարաշեն և Աջափնյակ համայնքների տարածքում:
Նախաձեռնության դիտարկած ընտրատեղամասերում ընտրություններն անցել են խիստ լարված մթնոլորտում, ինչի ապացույցն են տարբեր բնույթի իրավախախտումների վերաբերյալ ստացված շուրջ 570 ահազանգերը: Վերջիններիս առավել մեծ մասը վերաբերել է կողմնակի անձանց ներկայությանը և կուտակումներին ընտրատեղամասերի ներսում, ընտրողների փոխադրմանը հանրային ու մասնավոր տրանսպորտով և կուտակումներին ընտրատեղամասից դուրս և տեղամասային ընտրական հանձնաժողովների սխալ աշխատանքին, ինչպես նաեւ կողմնակի անձանց կողմից իրականացված անօրինական քարոզարշավին ու ընտրողների ուղղորդումներին ինչպես տեղամասերում, այնպես էլ դրանց անմիջապես հարող տարածքներում:
Տեղ են գտել դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների բազմաթիվ խախտումներ, աշխատանքների խոչընդոտման, վիրավորանքների, սպառնալիքների ու ահաբեկումների բազմաթիվ դեպքեր, արձանագրվել է ԶԼՄ ներկայացուցիչների սարքավորումների հափշտակման երկու դեպք: Քվեարկության գաղտնիությունը խախտվել է ողջամտության սահմաններն անցնող քանակի «օգնողների» միջոցով՝ միևնույն ընտրատեղամասում հասնելով ընդհուպ 70-ի: Մի շարք դեպքերում քվեները վերահսկվել են «կարուսել» քվեարկության միջոցով, գունավոր գրիչների օգտագործմամբ, քվեաթերթիկները լուսանկարելով: Հերթական անգամ օրենքով սահմանված ժամկետից շուտ ցնդել են անձնագրի մեջ դրվող դրոշմները և բազմակի քվեարկության միջոցով անօրինական կերպով օգտագործվել բացակա անձանց անունները:
Ընտրատեղամասերում միաժամանակ անարգել գտնվել են միևնույն կուսակցությունից (հիմնականում՝ ՀՀԿ-ից) մի քանի վստահված անձ և ազատորեն ելումուտ է թաղային խուժանը: Վերջիններիս ակտիվ մասնակցությունը ընտրախախտումներին կազմակերպվել է տվյալ ընտրատարածքներից ընտրված ԱԺ պատգամավորների կողմից, ինչի ապացույցն է անձամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ներգրավումը ընտրատեղամասերում խնդիրների կարգավորման նպատակով:
Դիտարկված որոշ տեղամասերի ներսում քվեարկությունն ընթացել է ավելի խաղաղ և կազմակերպված, ինչը հիմնականում պայմանավորված է եղել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների/անդամների ավելի բարեխիղճ աշխատանքով և քաղաքական ուժերի ներկայացուցիչների ակտիվ վերահսկողությամբ: Այդուհանդերձ, նույնիսկ այդ տեղամասերից դուրս առկա են եղել կուտակումներ և ուղղորդումներ՝ խոչընդոտելով ընտրողների ազատ կամքի դրսևորմանը:
Հանձնաժողովների նախագահները, որպես կանոն, մերժել են գրանցել դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների կողմից մատնանշված ընտրախախտումները գրանցամատյանում:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ հասարակական կազմակերպությունների անունից օրենքով սահմանված ժամկետներում (քվեարկությանը հաջորդող օրվա ժամը 18:00), 7-րդ, 8-րդ, 12-րդ և 13-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ են ներկայացվել մոտ 80 դիմում: Տեղ գտած մեծաքանակ և բազմազան ընտրախախտումները սահմանված ժամկետում ամփոփելու անհնարինության պատճառով դիմումների ներկայացումը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ շարունակվել է նաև սահմանված ժամկետից հետո և դրանց թիվը ներկայումս հասնում է 230-ի:
Երևանի ավագանու ընտրությունների ընթացքն ընդհանուր առմամբ ցույց տվեց, որ իշխող կուսակցությունը հերթական անգամ օգտագործեց վարչական և թաղային խուժանի իր ռեսուրսները՝ ապահովելու իր համար ցանկալի արդյունքներ:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության վերջնական զեկույցը կհրապարակվի ավելի ուշ:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ստեղծվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունների կողմից, որին միացել են մի քանի տասնյակ սփյուռքահայեր և քաղաքացիական ակտիվիստներ: