Վանաձորի քաղաքապետը ներողություն է խնդրել
14:20, May 24, 2013 | ՆորություններԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հաստատել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումը` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ: Խոսքը Վանաձորի քաղաքապետ Ս. Դարբինյանի՝ նախագահական ընտրություններից հետո արված արտահայտության մասին է, այն է .«Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում ինչ է անում»,- ասել էր Սամվել Դարբինյանը: Այս արտահայտությունը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել հանրության, հատկապես վանաձորցիների շրջանում:
Հանձնաժողովը առաջարկել է Սամվել Դարբինյանին հստակ եւ աներկբա տեսքով հրապարակային ներողություն հայցել այն անձանցից, ում վիրավորել է իր արտահայտությամբ, եւ տեղադրել այդ տեքստը Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը ներողություն է խնդրել իր կողմից արված արտահայտության համար` հանդես գալով հայտարարության հետեւյալ տեքստով.
ՙՀարգարժան վանաձորցներ.
Հավաստում եմ, որ հինգ անգամ ժողովրդի վստահությունը շահած քաղաքապետն ամենից լավ գիտի ինչ բարձր գիտակցական մակարդակ ունի ժողովուրդը եւ ինչպես է նա գնահատում համայնքի ղեկավարի կողմից կատարած աշխատանքը:
Կրկին անգամ նշում եմ, որ մամուլին տված իմ հեռախոսային հարցազրույցներից մեկում տեղին չի օգտագործվել բառը, որի համար հայցում եմ այն համաքաղաքացիներիս ներողամտությունը, ում ակամայից վիրավորել եմ:
Վանաձորցիների նկատմամբ իմ անսահման սերն ու հարգանքը ես միշտ արտահայտել եմ գործով եւ հարազատ քաղաքի խնդիրները լուծելու վճռականությամբ: Սամվել Դարբինյան՚:
Հատկանշական է, որ մինչ այդ՝ հասարակական մի շարք կազմակերպություններ եւ քաղաքացիներ Սամվել Դարբինյանից պահանջում էին ներողություն խնդրել վանաձորցիներից, սակայն նա հրաժարվում էր՝ պատճառաբանելով, թե չի վիրավորել նրանց: Քաղաքապետը ներողություն խնդրեց միայն այն բանից հետո, երբ դա առաջարկեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:
Մեր կողմից Սամվել Դարբինյանին ու մյուս պաշտոնյաներին խորհուրդ ենք տալիս, նման վիճակներից խուսափելու համար, հանրային հարթակներում խոսելուց ու գնահատականներ տալուց առաջ՝ մի լավ մտածել, նոր արտաբերել որեւէ խոսք…Ամեն դեպքում…
Աղբյուրը` http://www.asparez.am/news-hy/vanadzori_qaxaqapet_neroxutyune_xndrel-hy