Սուրիկ Խաչատրյանի կինը պետք է պատասխան տա, թե որտեղ էր մարզպետ-ամուսինը, երբ ինքը «մենամարտում» էր Բուդաղյան եղբայրների հետ
10:35, June 6, 2013 | Նորություններ | Կյանքի իրավունք | ՈստիկանությունՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը Սյունիքի կրակոցների հարցն ու տեղի ունեցած ողբերգական միջադեպը դիտարկում է որպես մեկ հոգու պատասխանատվության հարց: Ըստ նրա` պատասխանատուն ու վիճաբանություն հրահրողը Սուրեն Խաչատրյանն է, ով վայելում է քաղաքական, իրավական հովանավորչություն: Արթուր Սաքունցը ԳԱԼԱ-ի հետ զրույցում մանրամասն վերլուծեց դեպքերի հաջորդականությունը և առանձնացրեց մի քանի կարևոր կետեր, որոնք ներկայացնում ենք ստորև.
«Առաջինը այս ամենին հրապարակային արձագանքեց Բակո Սահակյանի խորհրդականը՝ Դավիթ Բաբայանը, որ իբր այդ միջադեպի հետ կապված տրվում են մեկնաբանություններ, որոնք նպատակ ունեն վտանգելու ազգային անվտանգությունը, որը շատ տարօրինակ էր, որովհետև տեղի է ունեցել սպանություն և սպանությանը նախորդել է հացկերույթ, որին մասնակցել են ԼՂՀ նախագահը, Սյունիքի մարզպետը և Բուդաղյան եղբայրները: Այսինքն` փոխանակ Բակո Սահակյանի մամլո քարտուղարը, հաշվի առնելով, որ մարդու կյանք է խլվել և արժեվորի այդ հանգամանքը, մոտենա այն տեսակետից, որ ավելի շատ նպաստի գործի բացահայտմանը, նրա մեկնաբանությունը միտված էր այդ փաստից հեռու պահելու և փրկելու Բակո Սահակյանի դեմքը: Ես գտնում եմ, որ Բակո Սահակյանը առնվազն պետք է հարցաքննվի որպես վկա, որը պետք է միջադեպի մասին արժեքավոր տեղեկություններ հայտնի: Քանի որ ողբերգական իրադարձությունների պատճառը հանդիսացել է հացկերույթի ժամանակ տեղի ունեցած վիճաբանությունը»:
Հաջորդ կարևոր հանգամանքը, ըստ Սաքունցի, ՀՀ ոստիկանապետի արձագանքը կամ վերաբերմունքն էր Սյունիքի կրակոցներին: Ոստիկանությունը համարժեք վերաբերմունք չցուցաբերեց Սյունիքի ողբերգական դեպքերի մասով, ինչ եղավ Գյումրիում:
«Ոստիկանապետը հրապարակավ տվեց այն գնահատականը, որ նման ձևով՝ ուժի միջոցով չեն հարցերը լուծում: Նրա վերաբերմունքը Գյումրիի և Սյունիքում տեղի ունեցած նմանատիպ իրադարձություններին` խիստ տարբերվում էր,ավելի շատ էր Գյումրիում նա ակտիվ իր դիրքորոշումներով և վերաբերմունքով, քան Սյունիքում: Սյունիքում ավելի շատ են վերապահումները: Դա պայմանավորված էր նրանով, որ Գյումրիի քաղաքապետը արդեն պաշտոնին չէր (ի նկատի ունի Վարդան Ղուկասյանին/Ք.Մ.), իսկ Սյունիքի մարզպետը դեռ պաշտոնի է»:
Ա. Սաքունցը առնվազն տարօրինակ է համարում ՀՀ զինդատախազ Գ. Կաստանյանի հայտարարությունը, ըստ որի` Սուրեն Խաչատրյանը դեպքի պահին դեպքի վայրում չի եղել:
«Ինձ համար անհասկանալի է, թե դեպքի վայր ասելով՝ ինչ ի նկատի ունի, ի նկատի ունի Բուդաղյան եղբայրներից մեկի սպանության դեպքի տե՞ղը, ապա դա Սյունիքի մարզպետի առանձնատան մոտն է, այդ դեպքում մարզպետը իրա տանը չի՞ եղել…Նա տանն է եղել և ասաց, որ քնած է եղել, և եթե արթուն լիներ, ապա մի քսան հատ կշարեր գլխներին: Դուրս է գալիս, որ զինդատախազը հակասում է Սյունիքի մարզպետի հայտարարությանը, որ տանն է եղել է, ինչը նշանակում է, որ ինքը դեպքի վայրում է եղել»:
Վերջում իրավապաշտպանն անդրադարձավ երեկ երեկոյան Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կողմից ծավալուն տեքստի հրապարակմանը` այն համարելով աննախադեպ հակաօրինական արարք: Ըստ Սաքունցի՝ խախտվել է նախաքննության գաղտնիությունը իրավապահների կողմից. Կա´մ
իրավապահներն են տրամադրել տեսանյութերը մարզպետարանի աշխատակիցներին, կա´մ նրանք թերացել են իրենց աշխատանքում և առգրավում չեն կարողացել իրականացնել պատշաճորեն, ինչին պետք է իրավական գնահատական տրվի:
«Մարզպետարանը, իհարկե, նման լիազորություն չուներ: Իրականացրել է նախաքննության մարմնի լիազորություն: Իսկ ինչպե՞ս է եղել, որ տեսախցիկների նկարահանումները հայտնվել են մարզպետարանի աշխատակիցների ձեռքներին, կամ «մարզպետարան» ասվածն ինչ է, մի 70 հոգի, այդ բոլորը հավաքվել-գնացել են, որ նայե՞ն: Ինչո՞ւ դրանք չեն առգրավվել, տեղազննության և առգրավումների ժամանակ պետք է առգրավվեն բոլորը: Այստեղ խոսք է գնում ոչ պատշաճ քննչական գործողությունների մասին: Ոստիկանությունը սա պետք է քննության առարկա դարձնի՝ ովքե՞ր են եղել այդ պահին դեպքի վայրում քննություն կատարողները և ի՞նչ հանգամանքների հետևանքով է, որ այդ տեսանյութերը չեն առգրավվել, կամ եթե առգրավվել են, ինչպես է եղել, որ առգրավված տեսանյութը կարողացել են դիտել: Պատկերացնո՞ւմ եք որքան ժամանակ է անհրաժեշտ նախ դիտելու, ապա վերծանելու համար: Դա նշանակում է` կա´մ նախաքննության մարմինը ինքն է տրամադրել, կա´մ առգրավում տեղի չի ունեցել, որը դարձյալ խախտում է: Իրավական գնահատական պետք է այս ամենին տրվի»:
Իրավապաշտպանի կարծիքով` պետք է առնվազն որպես վկա նախաքննական մարմինները հարցաքննեն նաև Սուրեն Խաչատրյանի կնոջը: Նա էլ պետք է պատասխան տա, թե որտեղ է եղել այդ պահին մարզպետ-ամուսինը, որ ինքը «մենամարտի» մեջ է մտել Բուդաղյան եղբայրների հետ:
«ՀՀԿ կուսակցության գործադիր մարմինը եղելությանը քաղաքական գնահատական չտվեց: Իսկ քաղաքական գնահատականի բացակայությունը հիմնավորել քննությամբ, իրավական գնահատականով, դա արդեն աչքակապություն է, քանի որ մենք տեսանք` նախաքննությունն ինչ վիճակում է գտնվում: Այն ամենը, ինչ կատարվում է, որակում եմ ակնհայտ հովանավորչություն Սուրիկ Խաչատրյանի նկատամամբ, որը արդեն խախտել է նախաքննության բոլոր սկզբունքները… Իրեն եմ պատասխանատու համարում այդ իրադարձության համար, որովհետև վստահաբար եմ ասում, որ ամենայն հավանականությամբ, ինքն է հրահրել՝ հայհոյելով՝ հաշվի առնելով նրա վարքագիծը և նրա պահվածքը, որի համար նշանակություն չունի` ԼՂՀ նախագա՞հն է հացկերույթին ներկա, թե՞ ոչ: Ավելին, Բուդաղյան եղբայրները ուղղակի գնդակահարվել են, և երջանիկ պատահականությամբ է միայն, որ նրանցից մեկը կենդանի է մնացել: Թե չէ նպատակ են ունեցել ուղղակի սպանել: Եւ նախանքննության ու իրավապահ մարմնինների վերաբերմունքը տեղի ունեցածին համարում եմ ոչ լիարժեք և ոչ պրոֆեսիոնալ և քաղաքականապես կողմնորոշված, և անմիջական պատասխանատուն համարում եմ քաղաքական իշխանությանը»,-ասաց Արթուր Սաքունցը:
Աղբյուրը՝ http://www.galatv.am/news/view/artur-saqunc-syuniq.html
Թեմայի վերաբերյալ այլ նյութեր՝