Երկրում մթնոլորտն առողջ չէ
06:33, May 27, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր, Կոռուպցիայի կանխարգելումԲանակում խաղաղ պայմաններում տեղի ունեցած ցանկացած պատահարից, յուրաքանչյուր զոհից հետո, երբ իրավապաշտպանները բարձրաձայնում են առկա խնդիրները, միանգամից մեղադրանքների սլաքն ուղղվում է նրանց դեմ: Այս օրերին համացանցը ողողված է իրավապաշտպան, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի համակարգող Արթուր Սաքունցին առնչվող ամենատարբեր մեղադրանքներով:
Նրան մեղադրում են հակահայկական կոչեր անելու, պետականության հիմքերը խարխլելու, անգամ թշնամու գործակալը լինելու մեջ եւ կոչ են անում հեռանալ Հայաստանից:
– Ինձ համար սա շատ սովորական բան է: Երբ որոշ մարդկանց կարծիքի դեմ հակագաղափար է ներկայացվում կամ այլընտրանքային գաղափար է ներկայացվում, սկսում են անձին կպնել: Այս ամենից հետո հերթական անգամ ախտորոշվում է հասարակության իրական վիճակը: Այսինքն, որ կան նաեւ նման մոտեցումներ ունեցող անձինք, ովքեր ոչ թե ուրիշ գաղափար են արտահայտում, այլ գաղափար, կարծիք արտահայտող անձին են ուզում խփել:
– Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում Ձեր դեմ սկսված այս արշավը:
– Երեւի ինչ-որ մեկին իմ կարծիքները շատ են անհանգստացրել: Իսկ իմ կարծիքները, հայտարարությունները վերաբերում են մարդու իրավունքների խախտումներին, կոռուպցիոն ռիսկերին, զինված ուժերում մարդու իրավունքների խախտումներին, զիված ուժերում կոռուպցիոն ռիսկերին: Հետեւաբար, նման գնահատականների արդյունքը ես համարում եմ հենց այդ կոռուպցիոն ռիսկերի, մարդու իրավունքների խախտողների շրջանակից կամ նրանց կողմից հրահրվող, ուղղորդվող: Իմ կարծիքները, հայտարարությունները կարող են խիստ անհանգստացնել այն մարդկանց, այն պաշտոնատար անձանց, որոնք ուղղակիորեն կամ մանակցություն, կամ առնչություն եւ կամ պատասխանատվություն ունեն մարդու իրավունքների խախտման հետ թե զինված ուժերում, թե խղճի, դավանանքի իրավունքի սահմանափակման գործում:
– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր հասցեին հնչող քննադատություններին:
– Եթե դրանք չլինեին, ուրեմն դա կնշանակեր, որ մենք ունենք բոլորովին այլ երկիր: Իսկ քանի դեռ հնչում են նման կարծիքներ, կան նման կարծիքներ կրողներ, ուրեմն երկրում մթնոլորտն առողջ չէ: Հետեւաբար, դեռ աշխատանք ունենք անելու:
Աղբյուրը՝ http://www.hraparak.am/127513/