ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումից հետո Առաջին ատյանի դատարանում Արման Անտոնյանի գործի քննությունը հետաձգվեց
12:40, July 30, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունք2013 թ. հուլիսի 29-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Արման Անտոնյանի գործով դատական նիստը, որը սակայն հետաձգվեց: Պատճառն այն էր, որ քննիչը արխիվից դեռևս չէր ստացել գործի մասին նյութերը, որպեսզի կարողանար մասնակցել դատական նիստին:
Արման Անտոնյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նշեց. «Ըստ էության առաջին ատյանի դատարանը պետք է ուղղակի բավարարի վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը, քանի որ այլ որոշում կայացնելու իրավունք չունի: Դատարանը պետք է քրեական գործի հարուցման մասին որոշում կայացներ, բայց զուտ ֆորմալ տեսակետից, քանի որ քննիչի մոտ նյութեր չկային, դատը հետաձգվեց մինչև օգոստոսի 14-ը»:
Հիշեցնենք, որ Արման Անտոնյանը մահացել է 3 տարի առաջ սուր լյարդային անբավարությունից կապված վիրուսային հեպատիտ B-ի ֆուլմինատիվ ընթացքով՝ լյարդի օջախային մեռուկների առաջացումով: Ա. Անտոնյանի մայրն արդեն 3 տարի է փորձում է պարզել, որդու՝ հիվանդությամբ վարակման պատճառները, և հասնել որդու մահվան մեջ մեղավորների բացահայտմանը և պատասխանատվության ենթարկելուն:
Գործի վերաբերյալ այլ նյութեր`
http://www.aravot.am/2013/07/30/271494/