Արցախում զոհված զինծառայողի գործով կալանավորված կա
06:50, August 6, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր3 օր առաջ Արցախի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորումից մահացած 20-ամյա Արման Մուրադյանի մահվան փաստով մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, մայոր, 41-ամյա Էմիլ Զավենի Ավետիսյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը եւ ավելացրեց, որ նա օգոստոսի 5-ին կալանավորվել է:
Նրա դեմ մեղադրանքը առաջադրվել է 358.1. պրիմ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը, որը կատարվել է 2 կամ ավելի անձանց նկատմամբ: Ինչը ենթադրում է, որ գործով կան, այլ տուժողներ: NEWS.am-ի տեղեկություններով նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ 358 պրիմ հոդվածի 2-րդ մասով` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ բռնություն գործադրելը: Մեղադրանք է առաջադրվել նաեւ 375 հոդվածի 1-ին մասով` իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախում հուլիսի 30-ին հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում, նախնական տվյալներով, հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1993թ. ծնված Արման Հովսեփի Մուրադյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, թե միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Դեպքից երկու օր անց հարազատները դեռ տղայի մորը չէին կարողանում ասել կատարվածի մասին: Իսկ հայրը Ռուսաստանից վերադառնալու ճանապարհին է տեղեկացել, թե իրականում ինչի համար են իրեն շտապ կանչել Հայաստան:
Աղբյուրը՝ http://news.am
Ավելին՝ http://operativ.am/?p=31397