«Եթե Հակոբի հետ մի բան պատահի, ամբողջ պատասխանատվությունը կընկնի Ադրբեջանի վրա»- Արթուր Սաքունց
18:42, August 19, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Զինված ուժերԻնչպես արդեն հայտնի է, վաղը Կարմիր Խաչի ներկայացուցիչները հանդիպելու են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ:
Այնուամենայնիվ, հանդիպումը ուշացած է և մտահոգիչ է:ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նա գտնում է, որ հանդիպումը պետք է լիներ անմիջապես:
«Կարմիր Խաչի ներկայացուցիչների անմիջապես, առանց ժամանակ կորցնելու հանդիպումը հայ ռազմագերու հետ տարօրինակ է և Ժնևյան կոնվենցիայի սկզբունքների կոպիտ ոտնահարում է, քանի որ նման հանդիպումների անմիջապես չկազմակերպումը կարող է հիմքեր ստեղծել կարծելու, ենթադրելու, որ ռազմագերու նկատմամբ կիրառվել են բռնություններ»,- ասաց Արթուր Սաքունցը: Նրա ամբողջական հարցազրույցը ԳԱԼԱ-ին ներկայացնում ենք ամբողջությամբ:
-Պարո՛ն Սաքունց, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ՊՆ գործողությունները հայ ռազմագերու Ադրբեջանից վերադարձնելու ուղղությամբ:
–Այն, որ հրապարակվեց, թե Հայաստանում պահվող ադրբեջանցի ռազմագերին ցանկություն է հայտնել վերադառնալու, դա ևս խոսում է գործողությունների մասին, այսինքն՝ փոխանակման տարբերակի ուղղությամբ է աշխատանք տարվելու: Ուղղակի ինձ համար հերթական անգամ տարօրինակ է, երբ ռազմագերին մեկ տարուց ավելի մնալուց հետո է որոշել վերադառնալ: Այսինքն այստեղ տեսնում ենք, որ ռազմագերիների առկայության փաստը դիտվում է ոչ թե մարդասիրական նկատառումներով, այլ այդ անձի ցանկությունները երրորդական, չորրորդական պլանում են գտնվում: Հասկանում եմ՝ ամեն ինչ պիտի արվի, որ մեր ռազմագերին ազատվի…
-Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի իշխանությունների քայլերը:
-Ադրբեջանի քայլերը ես համարում եմ Ժնևյան կոնվենցիայի ոգուն և բովանդակությանը հակասող: Տվյալ դեպքում հայկական կողմը, միանշանակ է, որ գործողությունը կատարել է, հայտարարել է, փոխանակման ուղղությամբ իր աշխատանքն արել է: Ինձ համար մտահոգիչ է այն, որ ադրբեջանական իշխանությունները մինչև այսօր ուշացնում էին: Կարմիր Խաչի ներկայացուցիչների հետ հանդիպում չապահովելը տարօրինակ է և Ժնևյան կոնվենցիայի սկզբունքների կոպիտ ոտնահարում է, քանի որ նման հանդիպումների անմիջապես չկազմակերպումը կարող է հիմքեր ստեղծել կարծելու, որ ռազմագերու նկատմամբ կիրառվել են բռնություններ: Այլ բացատրություն, թե ինչու անհապաղ չի ապահովվում հանդիպում, ես չեմ կարող պատկերացնել. չէ՞ որ Կարմիր Խաչի ներկայացուցիչների մանդատը Ադրբեջանն ինքն է ճանաչել:
Հանդիպում են կազմակերպելու և պայմանավորվածություններ են ձեռք բերելու գերիների փոխանակման, ինչպես են դա անելու և որ հատվածում, դա էլ կպարզվի: Հավանաբար դա լինելու է Ղազախ-Իջևան հատվածում:
-Պարոն Սաքունց, ուրիշ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն Հայաստանի իշխանությունները:
-Հայաստանը պետք է դիմի ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին, առնվազն Ֆրանսիա Ռուսաստան և ԱՄՆ դիվանագիտական խողովակները նույնպես պետք է գործարկվեն:
-Պարոն Սաքունց, 2008-ին և 2010-ին գերեվարված ևս երկու հայ ռազմագերիներ սպանվեցին Ադրբեջանում:
-Ամբողջ ճշմարտությունը ռազմագերիների հետ կապված չի ներկայացվում: Այս այն դեպքն է, որ արդեն արձանագրվել է գոնե մի բան, որ ռազմագերին ողջ-առողջ է: Եթե հանկարծ մի բան պատահի, որ մահանա, միանշանակ պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական կողմը հաստատ:
-Գերեվարված զինծառայողի հարազատները հակված են կարծելու, թե տեղի է ունեցել առևանգում, իսկ Պն երեկ հերքեց: Ի՞նչ կարծիքի եք Դուք:
-Ես ակնկալում եմ, որ ՊՆ ծառայողական քննություն է ներկայացնելու և ներկայացնելու է արդյունքները հանրությանը, պետք է համոզիչ և հիմնավոր քննություն իրականացնի և ոչ միայն ռազմագերու ծնողներին, այլև հանրությանը ներկայացնի, թե ինչպես է եղել զինծառայողի գերեվարումը: Իհարկե ծնողներն իրավունք ունեն վարկածներ առաջ քաշելու, բայց ՊՆ միայն չպետք է բավարարվի հերքմամբ կամ հաստատմամբ, պետք է գործողություններ իրականացնի, և այդ գործողությունները պետք է համոզիչ լինեն այնպես, որ համոզմունք և վստահություն առաջանա ծառայողական քննության արդյունավետության հանդեպ: Քանի դեռ չի արվել և չի ներկայացվել հանրությանը, դրանով էլ բոլոր վարկածները իրավունք ունեն գոյություն ունենալու:
Աղբյուրը` http://www.galatv.am :