Պետք է քննվեն բանակում բոլոր մահացությունների դեպքերը
06:28, August 21, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԶինված ուժերում արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետությունն ուսումնասիրելու նպատակով Զինվորական դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրելու է 2011 թվականից մինչ օրս բանակում արձանագրված դեպքերը: Այս մասին Lragir.am-ին տեղեկացրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Խմբում ընդգրկվելու համար հայտ են ներկայացրել հինգ կազմակերպություններ, որոնցից է նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Նորաստեղծ աշխատանքային խմբի առաջին հանդիպումն արդեն կայացել է: Սաքունցի խոսքով` իրենք ներկայացրել են իրենց մոտեցումները, ըստ որի` պետք է ոչ միայն այն գործերով վերանայումներ կատարվեն, որոնցով կան տուժածներ կամ տուժողի իրավահաջորդներ, և քրեական գործը կարճվել է, այլ բոլոր մահացության դեպքերով:
«Կարող է մահացության դեպքեր լինեն, որոնցով քրեական գործեր չեն հարուցվել: Սեղանին պետք է դրվի 2011 թվականի հունվարի 1-ից մինչև այսօր արձանագրված մահացության բոլոր դեպքերի ցուցակը»,- նշեց Սաքունցը: Նրա խոսքով` եթե թեկուզ մեկ գործով հաջողություն լինի, արդարադատություն իրականացվի, դա կարող է դառնալ նախադեպ:
«Բոլոր քննված գործերով, անկախ նրանից զինվորական են, թե ոչ, եթե պետությունը ցանկանում է վերականգնել արդարադատության նկատմամբ հանրության վստահությունը, ապա պետք է ստեղծի առանձին իրավական կարգավիճակ ունեցող հանձնաժողով, որին կարող են դիմել թե նախկինում պատիժը կրած, թե ներկայում պատիժը կրող բոլոր դատապարտյալները: Խոսքն այն դատապարտյալների մասին է, որոնք ունեն հարցեր իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերի արդարադատության հետ կապված»,- նշեց նա` հավելելով, որ գրեթե բոլոր քրեական գործերով պատշաճ բազմակողմանի ու օբյեկտիվ քննություն չի վարվել, դատարաններն արդար վճռի կայացման խնդիր ունեն:
«Նույնիսկ այն գործերով, երբ Եվրոպական դատարանում Հայաստանը ճանաչվել է իրավունքը խախտած, նույնիսկ այդ գործերով նորից քննություն չեն իրականացնում: Այսինքն` արդարադատության ապահովման ուղղությամբ լայնամասշտաբ գործընթաց պետք է իրականացվի: Այդ տեսակետից նման աշխատանքային խմբերի ձևավորումը կարևորում եմ»,- ընդգծեց նա: