«Ոստիկանությունը հովանավորու՞մ է սպառնացողներին»
15:24, September 5, 2013 | Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Խտրականության արգելում, Կյանքի իրավունք | Ոստիկանություն«Ասպարեզը» շարունակում է կարծիքներ վերցնել «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների» մասին օրենքի շուրջ հանրային քննարկում կազմակերպեկելու, «Կանանց ռեսուրսային կենտրոնի» հասցեին հնչած սպառնալիքների հասցեատերերին պատասխանատվության ենթարկելու համար հայտարարությամբ հանդես եկած ՀԿ-ների ղեկավարներից:
Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար. «Ոստիկանությունը կամ հովանավորում է այն մարդկանց, ովքեր սպառնացել են «Կանանց ռեսուրսային կենտրոնին», կամ իրենք հայտարարություն անելու քաղաքական հրահանգ չեն ստացել: Եթե հիշում եք, Երեւանի Փակ շուկային վերաբերվող երկու ակցիաների ժամանակ, որոնցից մեկն ուղղված էր փակ շուկայի՝ որպես հուշարձան պահպանությանը, մյուսը՝ Սամվել Ալեքսանյանին պաշտպանելուն, ոստիկանությունը ցուցաբերեց տարբեր մոտեցումներ: Վերջին դեպքում ավելի շատ աջակցում էր, առաջինի դեպքում ասում, որ ակցիան անօրինական է: Ինչ մնում է «գենդեր» եզրույթին, այն գիտական տերմին է եւ նշանակում է սոցիալական ձեռքբերովի վարք եւ կապ չունի միասեռականության հետ: Իշխանությունը չնախաձեռնեց, սակայն օրենքի հանրային քննարկման անհրաժեշտություն կա»:
Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ.«Ոստիկանությունը քայլեր չի ձեռնարկել «Կանանց ռեսուրսային կենտրոնի» դեմ հնչած սպառնալիքերի հասցեատերերին հայտնաբերելու համար: Կարծում եմ, որ Հայաստանում ցանկացած օրենք ընդունելուց առաջ անհրաժեշտ է հանրային քննարկում անցկացնել: ԱԺ-ն հանրային քննարկումներ քիչ է անում: Երբ որեւէ անձի կամ ՀԿ-ի նկատմամբ ակնհայտ սպառնալիքներ կան, ոստիկանությունն անհապաղ պետք է արձագանքի, այլապես նրանց կարելի է մեղադրել անգործության մեջ: Ինչ մնում է «գենդեր» բառին, այն նշանակում է սեռ: Գենդերային հավասարությունը կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարությունն է ու չի խոսում միասեռականության մասին: Մենք միջնադարում չենք ապրում, որ ծայրահեղությունների մեջ ընկնենք, մեր ավանդույթները շատ լավն են: Եթե կան ՀԿ-ներ, որոնք օրենքի խատում են թույլ տալիս եւ քարոզում են այն, ինչ մեր օրենքներն ու ավանդույթներն արգելում են, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Միասեռականության քարոզը, բնականաբար, մեր ազգը չի ընդունում, բայց պետք է կոնկրետ փաստեր լինեն, առայժմ ես դրանք չեմ տեսնում»:
Աղբյուրը՝ http://www.asparez.am/news-hy/vostikanutyun_hovhanavorume_sparnacoxnerin-hy