«Ոստիկանությունն ու իր հրոսակախմբերը պատասխանատու են ահաբեկչական գործողությունների համար»
07:21, September 7, 2013 | Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Կյանքի իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն, Մտքի, խղճի և կրոնի ազատություն | Ոստիկանություն, Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունՍեպտեմբերի 5-ի երեկոյան, երբ Երեւանի Մելիք-Ադամյան փողոցում ավարտվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի Եվրասիական մաքսային միությանն անդամագրվելու հայտարարության դեմ հանդես եկած քաղաքացիական ակտիվիստների բողոքի պիկետը, տուն վերադառնալիս, ՊԵԿ շենքից մի փոքր հեռու, ժամը 22:10-22:20-ի հատվածում ավտոտնակի դարպասը բացելիս դաժան ծեծի են ենթարկվել Երեւանի մամուլի ակումբի աշխատակից Հայկակ Արշամյանը եւ «Վորլդ վիժն Հայաստան» կազմակերպության մենեջեր Սուրեն Սաղաթելյանը: Հ.Արշամյանը նշել էր, որ դա հաշվեհարդար էր վերջին երկու օրերին նախագահական պալատի եւ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դիմաց իր եւ Սուրենի մասնակցության համար:
«Ասպարեզը» զրուցել է երեք իրավապաշտպանների հետ եւ կարծիք հարցրել, թե այս դեպքի կապակցությամբ:
Ավետիք Իշխանյան, իրավապաշտպան.«Երկուսն էլ պարկեշտ անձնավորություններ են, ովքեր որեւէ կրիմինալ հարաբերությունների հետ կապ չունեն: Դա կապված է նրանց՝ Ս.Սարգսյանի Հայաստանի Եվրասիական մաքսային միությանը միանալու հայտարարության դեմ կազմակերպված բողոքի ակցիային մասնակցելու հետ: Ծեծի ենթարկելն իշխանության «ստվերային» պատիժն էր նրանց նկատմամբ: Այնքան տղամարդկություն չունեին, որ գոնե իրավապահ մարմիններն այդ երիտասարդների նկատմամբ գործ հարուցեին: Իմ ներքին համոզմամբ, սա իշխանությունների ձեռքի գործն է, ովքեր օգտագործում են կրիմինալն իրենց ընդդիմախոսներին պատժելու համար: Հիշենք Միքայել Դանիելյանի, Արսեն Խառատյանի եւ մյուսների նկատմամբ ծեծը: Այդ հանցագործները չեն գտնվելու եւ պատժվելու, դա Հայաստանի խայտառակությունն է»:
Արթուր Սաքունց, իրավապաշտպան. «Այդ գործողություններն անմիջականորեն հովանավորում է ոստիկանությունը, ով պատասխանատու է նման ահաբեկչական գործողությունների համար: Տեսան, որ բերման ենթարկելով չկարողացան քաղաքացիական ակտիվիստներին համոզել, որ հրաժարվեն բողոքելուց, անցել են նրանց աջակիցներին ահաբեկելուն, որ մեկուսացվեն եւ ընդհանրապես հանրային աջակցություն չլինի: Ընդ որում՝ ոստիկանությունը ոչ թե ուղղակիորեն է դա անում, այլ օգտագործում երրորդ ուժը՝ իրենց հրոսակախմբերին, որոնց իրենք շատ լավ ճանաչում են»:
Միքայել Դանիելյան, իրավապաշտպան.«Նախագահի նստավայրի առջեւ կազմակերպված ինքնաբուխ միտինգին այս երկու երիտասարդների հետ մասնակցել են մոտ150-200 երիտասարդներ, ովքեր բողոքում էին նախագահի՝ Հայաստանի Եվրասիական մաքսային միությանն անդամագրվելու հայտարարությանը: Ես այն քիչ մարդկանցից եմ, ով այդ ամենն իր վրա է զգացել: Այդ երիտասարդներին ծեծի ենթարկելու մեջ գուցեեւ ներգրավված լինեն ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, իշխանական պարագլուխները: Դժվար է ասել՝ ով է պատվերը կատարել»: