Սաքունց. Մեզ տեղափոխել են վենդետայի դաշտ, որը միակ օրիանական դաշտն է ՀՀ-ում
12:27, September 9, 2013 | Նորություններ | Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունք | Զինված ուժեր, Ոստիկանություն«Շատ դժվար է ՊՆ քննչական ծառայության հրապարակած այս երեք որոշումները վերլուծել իրավական տեսանկյունից, տալ դրանց իրավական գնահատական: Այս որոշումներն ավելի շատ բժշկական գնահատականի կարիք ունեն»,- այսօր Ուրբաթ ակումբում Բուդաղյանների գործով վերջին զարգացումների հետ կապված նշեց փաստաբան Հայկ Ալումյանը:
Հայկ Ալումյանի պատմելով` այս շաբաթ օրը, երեկոյան ժամը 11-ի սահմաններում այսինքն այն բանից հետո, երբ ամբողջ հանրությունն արդեն տեղյակ էր, որ քրեական հետապնդումը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ դադարեցվել է, նոր քննիչը «բարեհաճեց համապատասխան որոշումը տրամադրել ինձ, որպես Բուդաղյանների փաստաբանի»:
«Ես երեկ ամբողջ օրը փորձում էի այս երեք որոշումներից հասկանալ` որտեղ է օրենքը, իրավական վերլուծություններն ու տրամաբանությունը»,- Ալումյանի համոզմամբ այդ որոշումնըրը ոչ մի ընդհանուր եզր չունեն իրավաբանության կամ տրամաբանության հետ:
Փաստաբանը ներկայացրեց ՊՆ քննչական ծառայության կողմից սեպտեմբերի 7-ին հրապարակված երեք որոշումները: Առաջին որոշմամբ դադարեցվում է քրեական հետապնդումը Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանի նկատմամբ, մյուս որոշմամբ ` թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի, իսկ երրորդի համաձայն քննիչն ապացուցված է համարում, որ հանգուցյալ Ավետիք Բուդաղյանը կատարել է ՔՕ 104 և 112-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններ և քրեական հետապնդումն էլ դադարեցվում է նրա մահվան կապակցությամբ:
«Ինչպես գիտեք հունիսի 1-ին դժբախտություն տեղի ունեցավ. սպանվեց Ավետիք Բուդաղյանը և ծանր մարմնական վնասվածքներ ստացավ Արտակ Բուդաղյանը, իսկ 3 ամիս անց՝ սեպտեմբերի 7-ին դժբախտություն պատահեց մեր արդարադատության հետ. այն անձինք, ովքեր պիտի քրեական պատասխանատվության ենթարկվեին այս սպանության համար, ազատ արձակվեցին և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց»:
Փաստաբանն ընդգծեց, որ Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցների գործողություններն իբրև ինքնապաշտպանություն որակելով` անուշադրության է մատնված այն հանգամանքը, որ դեպքի վայրում առնվազն 13 պարկույճ է հայտնաբերվել: 13 պարկույճից 11-ը կրակված է եղել Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցների կողմից: Եվ 11 կրակոց արձակածները, որի արդյունքում մեկը մահացել է , իսկ մյուսը մարմնական ծանր վնասվածքներ ստացել, համարվում են պաշտպանվողներ:
«Խեղաթյուրված է ներկայացված գրեթե ամեն ինչ: Քրեական գործով հարցաքննվել են բազմաթիվ մարդիկ, այդ թվում նաև Բուդաղյանները, սակայն ամբողջ գործը կարծես հիմնվել է միայն հակառակ կողմի ցուցմունքների վրա: Նման կերպ մենք կարող ենք կորցնել հավատը, որ հնարավոր է հասնել արդարության, եթե մյուս կողմում քիչ թե շատ ազդեցիկ ֆիգուր կա կանգնած»,- իր մտահոգությունն է հայտնել Հայկ Ալումյանը:
«Ամբողջ այս քրեական հանցագործությունը Բուդաղյանների ընտանիքի նկատմամբ, որն արվել է Լիսկայի ընտանիքի կողմից, իր տրամաբանական շարունակությունն այս քրգործերի կարճման և խափանման միջոցի վերացման առումով կատարվել է զինդատախազ Գևորգ Կոստանյանի հովանավորությամբ»,- Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորյան գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ, ով ևս ներկա էր ասուլիսին, առաջին և գլխավոր հանցագործը զինդատախազ Գևորգ կոստանյանն է, ով «հրապարակավ բռնաբարեց արդարադատությունը Հայաստանում»:
Իրավապաշտպանի խոսքերով, հետագա բռնությունների, հաշվեհարդարի և զոհերի ամբողջ պատասխանատվությունը կրելու է Հայաստանի պետությունը` հանձինս զինդատախազի:
«Ցավոք սրտի, Հայաստանի հանրապետությունը ՀՀ քաղաքացիներին զրկում է իրավական դաշտում գործելու հնարավորությունից և տեղափոխում է վենդետայի դաշտ, որը միակ օրինական և հնարավոր տարբերակն է այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում»:
Իրավապաշտպան, Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանի համոզմամբ այս աղմկահարույց սպանության գործը պիտի արձանագրվի իբրև նախադեպային այն առումով, որ նախաքննության փուլում քրեական հետապնդումը դադարեցվել է, գործն անգամ դատարան չի մտել:
«Շատ ծիծաղելի է, որ ՊՆ քննչական ծառայությունն է դադարեցրել քրեական հետապնդումը: ՊՆ քննչական ծառայությունն ընդհանրապես ինքնուրույն հորանջել չի կարող, ուր մնաց քրեական գործ դադարեցնի: Զինդատախազը սիրով կատարում է հանրապետությունում արդարադատության երաշխավորի` Սերժ Սարգսյանի հանձնարարությունները», -իր խոսքն ամփոփեց Ժաննա Ալեքսանյանը` կոչ անելով բոլոր իրավապաշտպաններին ադեկվատ պատասխան տալ նման ապօրինությանը:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր հերթին հայտարարեց, որ «սա շարունակությունն է անպատժելիության մթնոլորտի, ապտակ է բոլորիս դեմքին»:
Իր ամփոփիչ խոսքում փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց, որ այս պահին նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է, գործով կա ընդամենը մեկ մեղադրյալ` Արտակ Բուդաղյանը, իսկ տուժողը Լորետա Բարսեղյանն է:
Հայկ Ալումյանը նշեց նաև, որ գործը բողոքարկելու է վերադաս դատախազին, մերժման դեպքում էլ կդիմի դատարան:
Կարող եք դիտել նաև մամուլի ասուլիսի տեսագրությունը http://www.youtube.com/watch?v=CWwnzUZYVCw
Այս մասին այլ նյութեր՝ http://pastinfo.am/hy/node/22402
http://www.aysor.am/am/news/2013/09/09/arthur-sakunc