«Եթե ազգային պլատֆորմը չի պահանջի Ս․ Սարգսյանի հրաժարականը, մենք այդտեղ անելիք չենք ունենա». Սաքունց
07:42, September 21, 2013 | Նորություններ | Եվրոպայի խորհրդի բանաձևերի և պարտավորությունների կատարում, Քաղաքացիական վերահսկողությունԱրևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի ներսում, որի անդամ են 180-ից ավելի ՀԿ-ներ ու միություններ, կրքերը եռում են: ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման գործին քաղաքացիական հասարակության ինտեգրմանը նպաստելու առթիվ ստեղծված պլատֆորմը, թվում է, այլևս անելիք չունի` հատկապես, որ իշխանությունը սկսել է Մաքսային միությանն անդամակցելու համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթի քննարկումը:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` պլատֆորմի անդամ ՀԿ-ների մի մասը կողմ է ռադիկալ գործողությունների, որ պլատֆորմը պահանջի իշխանության` Սերժ Սարգսյանի հրաժարականը: Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը, մեր ունեցած տեղեկություններով, այնքան էլ կողմ չէ դրան: Մյուս կողմից` պլատֆորմում այսօր կան ՀԿ-ներ, որոնք կողմ են Մաքսային միությանը: Հիշեցնենք, որ Գյումրի «Ասպարեզ» ակումբը սառեցրեց անդամակցությունը պլատֆորմին` հայտարարելով, որ Հայաստանում ձեռնարկվելիք առաջին գործը պիտի լինի գործող իշխանությանը հրաժարական պարտադրելը:
«Հայաստանի ազգային պլատֆորմը ստեղծվել է հենց Արևելյան գործընկերության տրամաբանության շրջանակներում Հայաստանի ինտեգրմանն աջակցելու և այդ ինտեգրման ուղղությամբ ընդունվող որոշումներում, քայլերում քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովելու նպատակով: Սա աքսեոմատիկ է և ի սկզբանե է դրված: Սեպտեմբերի 3-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը միանձնյա, հապճեպ որոշում կայացրեց Մաքսային միությանն անդամագրվելու մասին, Ազգային պլատֆորմն իր անելիքների առումով, իհարկե, պետք է կողմնորոշվի: ՄՄ-ին անդամակցելու հայտարարությունն արդեն իսկ հակադրվում է Ազգային պլատֆորմի անելիքներին: Պլատֆորմը պետք է հետևյալ հարցը դնի, որ իշխանությունը պետք է փոխի իր որոշումը Մաքսային միության հետ կապված, իսկ եթե իշխանությունը չի գնում դրան, ապա Պլատֆորմը պետք է արդեն քաղաքական հարց ներկայացնի իշխանության որակի փոփոխության տեսակետից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում երեկ ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նրա խոսքրեով` դա կարող է դրսևորվել ակցիաների ձևով, բողոքների, հրաժարականի պահանջների ձևով:
«Խնդիրն այն է, որ միջոցները, որ իշխանությունը մսխել է 3.5 տարի, դրա արդյունքը, որ ակնկալում էինք, չենք տեսել: Դրա պատասխանատվությունը պետք է իշխանությունը կրի: Իսկ եթե Սերժ Սարգսյանը չի պատասխանելու այդ հարցին, ուրեմն ինքը պետք է հեռանա: Սա պետք է լինի Պլատֆորմի օրակարգը: Եթե Պլատֆորմը կորոշի, որ ինքն էլ անելիք չունի, բնականաբար մենք էլ անելիք չունենք էդ Պլատֆորմում»: Եթե Պլատֆորմը, այնուամենայնիվ, չպահանջի՞ Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ հարցին իրավապաշտպանը պատասխանեց. «Այդ դեպքում Պլատֆորմը հրաժարվում է իր այն նպատակից, որի համար ստեղծվել է: Այդ դեպքում ես էդտեղ անելիք չունեմ: Պլատֆորմը պետք է հայտարարի, որ Սերժ Սարգսյանի միանձնյա որոշմամբ իր նպատակը չեղյալ է հայտարարվում, Պլատֆորմն էլ պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը: Եթե Պլատֆորմը հրաժարվում է այդ պահանջից, ապա ստացվում է, մենք էդտեղ անելիք չունենք և մենք համախոհ կազմակերպություններով կստեղծենք մեր Պլատֆորմը»:
Մեր հարցին, թե Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը հրաժարականի խնդիր չի բարձրացնում, Սաքունցն ասաց. «Բորիս Նավասարդյանն ունի իր կարծիքը: Կարծում եմ, որ մտահոգություն կա»:
Ինչ վերաբերում է Ազգային պլատֆորմի անդամ այն կազմակերպություններին, որոնք կողմ են Մաքսային միությանը, ապա, Արթուր Սաքունցի խոսքերով` «ովքեր կողմ են Մաքսային միությանը, նրանք արդեն դեմ են արտահայտվում Պլատֆորմի նպատակներին: Կարող են առանձին Մաքսային միության պլատֆորմ ստեղծել»:
Աղբյուրը՝ http://www.1in.am/arm/armenia_politics_216158.html