Հեպատիտ B-ից մահացած Արման Անտոնյանի գործը ՀՀ առաջին ատյանի դատարանում
12:11, September 23, 2013 | Նորություններ | Կյանքի իրավունք2010թ. վիրուսային հեպատիտ B-ից մահացած վանաձորցի Արման Անտոնյանի գործը դեռևս գտնվում է դատական պրոցեսում: Արման Անտոնյանի մայրը չի դադարում պայքարել, որ որդու մահվան մեջ մեղավորները գտնվեն և պատասխանատվության ենթարկվեն:
Արման Անտոնյանի մահվան պատճառը սուր լյարդային անբավարարությունն էր՝ կապված վիրուսային հեպատիտ B-ի ֆուլմինատիվ ընթացքով՝ լյարդի օջախային մեռուկների առաջացումով:
« Ինչպես նշում է նրա մայրը, մինչ այդ 29-ամյա որդին գտնվել է սեքսապաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոնի բժիշկ-սեքսապաթոլոգ Արթուր Բաղդասարյանի հսկողության տակ, ապա բուժման կուրս է անցել նրա մոտ: «Ուղիղ մեկ ամիս անց երեխուս վիճակը վատացավ, չէր կարողանում շարժվել, ջերմությունը բարձրացավ մինչեւ 40 աստիճան, գույնն էլ՝ դեղին: Քանի անգամ շտապօգնություն ենք կանչել, երկու անգամ եկան, թե՝ կարիք չկա անհանգստանալու, ուղղակի գրիպային վիճակ է: Հաջորդ օրը՝ մարտի 31-ին, երեխուս մարմինը փքվեց, ջերմությունն էլ չէր իջնում, տարանք հիվանդանոց»,- 29 տարեկանում մահացած որդու վերջին օրերի վիճակի մասին է պատմում մայրը: Նա շարունակում է պնդել, որ որդին վարակվել է բուժման ժամանակ. մինչ այդ իր տղան կատարյալ առողջ է եղել, նախաքննական մարմինն էլ, առանց պարզելու, թե որտեղից է իր որդին ձեռք բերել վերոհիշյալ հիվանդությունը, առանց ճշտելու, թե տվյալ վարակը ինչ ճանապարհով է փոխանցվել որդուն, որոշում է կայացրել կարճել քրգործի վարույթը, ինչը, ըստ նրա, չի բխում օրենքի շրջանակներից»,- aravot.am-ի հետ զրույցում պատմել էր մայրը որդու մահվան հանգամանքների մասին:
2010 թ. հունիսի 23-ին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով հարուցվել և վարույթ էր ընդունվել քրեական գործ , որը սակայն կես տարի անց առանց որևէ արդյունք տալու հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ կարճվել էր: Այսպես մի քանի անգամներ այս գործի քննությունը ընդունվել է վարույթ և տարբեր պատճառաբանություններով կրճվել: Այսպիսով 3 տարի շարունակ Արման Անտոնյանի մահվան գործի քննությունը չի ունեցել ոչ մի արդյունք և չեն գտնվել մեղավորներ:
Արման Անտոնյանի մայրը որդու մահվան մեջ մեղավրներին գտնելու օգնության խնդրանքով դիմել էր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ: Գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ստանձնելով տուժողի մոր ներկայացուցչությունը տարբեր դատական ատյաններ դիմումներ է ուղարկել գործի քննությանը ընթացք տալով և հետևելով:
2013 թ. փետրվարի 15-ին ՀՀ վճռաբեկ դատարանում տեղի ունեցած դատական նիստը կարծես այս գործի մեջ առաջընթաց մտցրեց ընդունելով, որ խախտվել է Արման Անտոնյանի կյանքի իրավունքը, բացի այդ քննությունը հասանելի չի եղել մահացածի ընտանիքի անդամներին: Այնուհետև դատարանը բեկանեց ստորադաս դատարանների կողմից կայացրած վճիռները և գործը ուղարկեց Երևան քաղաքաի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Ըստ ներկայացրած բողոքի՝ դիմող Սուսաննա Անտոնյանը խնդրել է վերացնել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա. Պողոսյանի 2012թ. մարտի 30-ի որոշումը: 2013թ. սեպտեմբերի 12-ին Երևան քաղաքաի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց որոշում, որով դիմող Սուսաննա Անտոնյանի կողմից ներկայացված բողոքը բավարարեց մասնակի: Դատարանը ըստ էության իր որոշումը կայացնելիս չի հիմնվել մինչ այդ ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած որոշման վրա:
ՀՀ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը կարող եք տեսնել այստեղ: