Արթուր Սաքունց. «Կոստանյանն ինքը, դատական իշխանության մարտահրավերն է լինելու»
12:58, September 27, 2013 | ՆորություններՆկատի ունենալով Գեւորգ Կոստանյանի հատկապես վերջին ամիսների գործունեությունը` կապված Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ կատարված իրադարձությունների եւ Սուրիկ Խաչատրյանի որդու ու թիկնապահի կալանավորման աղմկահարույց գործի մասով նրա կողմից արված ոչ միայն մասնագիտական այլ նաեւ էթիկայի կանոնների խախտումներով հայտարարությունները`ինչպե՞ս կգնահատեք Կոստանյանի առաջադրումը նախագահի կողմից ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում`Aravot.am-ի հարցին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսպես պատասխանեց. «Անկեղծ ասած, մինչեւ ձեր նշած դեպքը, իմ համոզմամբ, արդեն որոշված էր, որ Կոստանյանը պետք է հանդիսանա նախագահի թեկնածուն`գլխավոր դատախազի պաշտոնում: Զարմանալին այստեղ այն է, որ փաստորեն այդ դեպքն էլ չազդեց այդ նշանակման որոշման վրա: Այսինքն, խնդիրն այստեղ հետեւյալն է` անկախ նրանից, թե ինչպիսի՞ն է հանրային կարծիքը որեւէ նշանակման վերաբերյալ, էական չէ: Եթե իրենք որոշել են, իրենց հարմար է, այդպես էլ կանեն: Սա, իհարկե, մարտահրավեր է հանրությանը: Հանրային կարծիքները իրենց գործունեության վերաբերյալ, պատասխանատվությունը` իրենց ապօրինի գործողությունների մասով, մտահոգիչ գործոններ չեն եւ որեւիցե նշանակություն չունի որոշում կայացնողների համար»:
Դատաիրավական ոլորտի այն բարեփոխումները, որոնց մասին նախագահ Սարգսյանը սկսեց խոսել դեռ նախագահական ընտրություններից առաջ, եւ որոնց վերաբերյալ արդեն իրավական փաթեթ գոյություն ունի, որը պետք է կատարվի մինչեւ 2017 թվականը, այս նշանակման համատեքստում իրականանալի՞ են`մեր հաջորդ հարցին էլ Արթուր Սաքունցը պատասխանեց. «Մենք ոչ մի ակնկալիք էլ չունենք եւ այդ հաստատված ծրագիրը կարեւոր է զուտ օրենսդրական դաշտի տեսակետից: Մինչդեռ, մեզ մոտ օրենսդրությունն այլ է, իրականությունն այլ: Իրականում հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենսդրությամբ, այլ նախագահականի որոշումներով: Դատական բարեփոխումների մասին խոսել մի երկրում, որտեղ տասը մարդու սպանության հարցը մինչ այժմ բացահայտված չէ, որի անմիջական պատասխանատուներն են Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, անմտություն է»:
Սաքունցի գնահատմամբ, ոչ լեգիտիմ իշխանությունը ներկայացնելով դատաիրավական բարեփոխումների ծրագիր, իրականում, նպատակ ունի «անձեռմխելիների սահմանից դուրս» գտնվող մարդկանց հարաբերությունները կարգավորելու սահմաններ գծել որոշակի համակարգերում. «Այսինքն, օրենքը ձեւավորվում է ոչ թե բոլորի համար, այլ անձեռմխելիություն չունեցող անձանց»:
Այս իմաստով Գեւորգ Կոստանյանի առաջադրումը, բնավ էլ երաշխիք չէ համակարգում բարեփոխումների իրականացման: «Կոստանյանն ինքը, դատական իշխանության մարտահրավերն է լինելու:Մինչեւ հիմա քաղաքական իշխանությունն էր որոշումներ կայացնում, իսկ Աղվան Հովսեփյանը կատարում էր, իսկ հիմա, Կոստանյանը նաեւ նախաձեռնողներից մեկը կարող է հանդիսանալ: Համենայնդեպս, դա է հուշում վերջին երկու տարիներին զինդատախազությունում իր աշխատելու պրակտիկան»,- ասաց Արթուր Սաքունցը:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2013/09/27/390429/