Արթուր Սաքունցն առաջարկում է քայլեր, որոնք կբացահայտեն Մարտի 1-ի հանցագործությունները
07:39, September 30, 2013 | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողությունՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել՝ թվարկելով իր առաջարկություններ, որոնցով ցանկանում է աջակցել ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը 2008թ Մարտի 1-ի հանցագործությունը բացահայտելու գործում։
Գրառման մեջ ասվում է հետևյալը։
«Ես՝ ՀՀ քաղաքացի Արթուր Սաքունցս, հրապարակային այս եղանակով (այլ եղանակներ հարմար չգտա), նպատակ ունենալով աջակցելու ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը բացահայտելու 2008թ․Մարտի Մեկի հանցագործությունը, դիմում եմ հետևյալ առաջարկություններով․
1․ Հարցաքննել Ռոբերտ Քոչարյանին/ՀՀ նախկին նախագահ/ , Սերժ Սարգսյանին/ՀՀ նախկին վարչապետ/, Աղվան Հովսեփյանին/ՀՀ նախկին գլխավոր դատախազ/, Հայկ Հարությունյանին/ՀՀ նախկին ոստիկանապետ/, Միքայել Հարությունյանին/ՀՀ պաշտպանության նախկին նախարար/, Սեյրան Օհանյանին/ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ/, Միքայել Գրիգորյանին և Գ․Մելքոնյանին/ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալներ/, Գորիկ Հակոբյանին/ՀՀ ԱԱԾ նախկին և ներկայիս պետ/, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարին և նրա տեղակալներին հետևյալ հարցերի պարզաբանման շուրջ․
– ինչ բովանդակությամբ հրահանգներ, ցուցումներ է տվել Ռոբերտ Քոչարյանը 2008թ փետրվարի 24-ից մինչև 2008թ․ մարտի 10-ը ընկած ժամանակաշրջանում, ում, երբ, ինչ հիմնավորմամբ և ինչ նպատակներով
– ինչ բովանդակությամբ հրահանգներ, ցուցումներ են ստացել Ռոբերտ Քոչարյանից նշված մյուս պաշտոնատար անձինք 2008թ փետրվարի 24-ից մինչև 2008թ․ մարտի 10-ը ժամանակահատվածում, երբ են ստացել, ինչ հիմնավորմամբ և ինչ նպատակներով
2․ Հարցաքննել Մարտի Մեկի փաստահավաք խմբի անդամներ Ս․Սաֆարյանի և Ա․Քոչարյանի կողմից զինվորական համազգեստ հատկացնելու մասին տեղեկանքում նշված անձանց, նաև չընդգրկված Ռուբեն Հայրապետյանին, որոնց թիկնապահներին և թիկնազորերին են հատկացվել զինվորական համազգեստներ, պարզելու համար հետևյալ հարցերը․ումից, երբ, ինչ բովանդակությամբ հրահանգներ են ստացել, ինչ նպատակով
3․Վերջապես, պարզել, նշված պաշտոնատար և ոչ պաշտոնատար անձինք, նրանց թիկնապահները որտեղ են գտնվել, ինչ նպատակով և ինչ գործողություններ են կատարել, 2008թ․փետրվարի 24-ից մինչև 2008թ․մարտի 10-ը ժամանակահատվածում, և հատկապես 2008թ․մարտի մեկին, որ թիկնապահական խմբերին որ պետական կառույցների պահպանության ուժեղացված պահպանության հրահանգ է տրվել, և ինչ հրահանգներ են տրված եղել ինչ գործողություններ և որ դեպքերում կատարելու նպատակով
Այս հայտարարությամբ ներկայացնում եմ այն հարցերը, որոնց ուղղությամբ քննչական գործողությունների կատարման դեպքում միանշանակ կբացահայտվեին 2008թ․Մարտի Մեկի հանցագործությունը։
Եթե նշված հարցերի ուղղությամբ քննչական գործողություններ չկատարվեն, ապա ՀՔԾ-ին անմիջականորեն կարող եմ մեղադրել գիտակցված անգործության մեջ ․․․»։